Wednesday, October 12, 2011

Իսկ եթե ձեր երեխաներին սպանեն

«Լրագիր» 12-10-2011- Հայկական բանակում մեզ հայտնի դարձած բռնության հերթական դեպքը տեղի է ունեցել ոչ թե օրերս, ինչպես ներկայացվել էր մամուլում, այլ շուրջ մեկ ամիս առաջ, և ոչ թե Եղնիկներում, այլ նույն Մարտակերտի “Ինտերնատ” կոչվող զորամասում: Զինծառայողը, որի անունը նպատակահարմար չենք գտնում հրապարակել, ենթարկվել է ամենադաժան խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, նվաստացումների ու ստորացումների: Զինվորը, ով այս պահին բուժում է ստանում Կանազի հոսպիտալում, ողջ է մնացել միայն հրաշքով և մեծ հարց է, թե ինչպես է նա շարունակելու ապրել այդ հիշողություններով: Արդյոք վերջին հարցը մտահոգում է բանակի ղեկավարությանը:
Զինծառայողի ընտանիքին կատարվածի մասին տեղեկացրել են ոչ թե դեպքից անմիջապես հետո, այլ օրեր անց` սեպտեմբերի 27-ին, երբ տղային սկզբում զորամասի բուժկետից, ապա Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել էին Հայաստան` Կանազի զինվորական հոսպիտալ: Դեպքից օրեր անց, երբ հայրը այցելել է Կանազի հոսպիտալ, տղան դեռևս գիտակցության չէր եկել: Հայրը ականատես է դարձել սահմռկեցուցիչ մի տեսարանի:
«Երեխաս սպանված էր ծեծից, յոթ հոգով ծեծել են աֆիցեռի գլխավորությամբ, էրեխես մեռած էր, վրան գիտակցություն չկար, դեմքը կապտած էր, ուռած ականջը գլխից կախված, ձեռքերի վրա սիգարետով այրված հետքեր... Չգիտեմ, ես երեխայիս բանակ էի ուղարկել, թե գազանանոց», վրդովված պատմում է զինվորի հայրը, ով կանգնած է եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել է պատերազմին մինչև ավարտ ու պատրաստ եղել իր կյանքը տալ հայրենիքի համար:
Բռնության հետքերը փոքրամարմին զինվորի մարմնի տարբեր մասերում շարունակում են պահպանվել: Աջ ոտքը ամբողջությամբ վերքերի մեջ էր, ականջը ջախջախված, ձեռքերի վրա առկա են ծխախոտով այրված հետքերը:
19-ամյա զինծառայողին Կանազի հոսպիտալ են տեղափոխել «սուր փսիխոզ» ախտորոշմամբ: Զուտ արտաքին տպավորությամբ նրա վիճակը քիչ թե շատ կայունացել էր, բայց հայտնի չէ, թե ինչ էր կատարվում նրա ներսում, հատկապես որ գտնվում էր հոգեմետ դեղերի ազդեցության տակ: Պատանին հիշում է, որ իրեն ծեծել են, բայց պատճառների մասին չէր խոսում:
Թեև հայտնի են բռնություն գործադրող զինծառայողների անունները, սակայն մինչ այս պահը ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան: Դեպքն արտառոց է և արտառոց է նաև այն, որ մինչ այս պահը որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու հարցը դրված չէ դեպքից ավելի քան մեկ ամիս անց:
Ըստ սովորության, պաշտպանության նախարարությունը որևէ բացատրություն կամ պարզաբանում չի ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ: Բնական է, որ գաղտնիության սկզբունքով առաջնորդվող զինվորականների համար սրանք սովորական դեպքեր են, հատկապես, երբ զոհերը խեղճ ընտանիքներից են: Զինվորի հայրը ընդամենը երկու անգամ է կարողացել հեռավոր շրջանից գալ և տեսակցել իր առաջնեկ որդուն:
Պաշտպանության նախարարի հայտարարությունները, թե բանակում անպատժելիության մթնոլորտ չկա`սին են: Տեսե՞լ է արդյոք նախարարն իր գլխավորած բանակում հոշոտված պատանուն: Չի տեսել, տեսնողները իր ենթականերն են, ում համար զինորը իրենից ոչինչ չի ներկայացնում:
Ամիսներ առաջ մեկ այլ հոշոտված զինվորի` Տիգրան Համբարձումյանի պապը հարց էր տվել պաշտպանության նախարարին. «իսկ եթե ձեր երեխաներին սպանեն, ի՞նչ կանեք»: Այս հարցը տվողների թիվը գնալով մեծանում է, և սա միայն ատելություն է ծնում բանակի նկատմամբ:
Հ.Գ. Զինծառայողի հարցով զբաղվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և արդյունքների մասին կտեղեկացնեն առաջկա օրերին:
Ժաննա Ալեքսանյան

No comments: