Monday, October 24, 2011

Սերժ Սարգսյան. Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սեպ խրելու փորձերն անարդյունք են

News.am. 23-10-2011- Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սեպ խրելու փորձերն անարդյունք են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Մոսկվայում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված ընտրիքի ժամանակ ունեցած ելույթում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, հոկտեմբերի 23-25-ին, պետական այցով գտնվում է Ռուսաստանում:
Նրա խոսքով, իրա այցի հենց առաջին օրից, հայկական պատվիրակությունն զգացել է ընդգծված ջերմ վերաբերմունք, ինչը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջին վկայությունն է: «Դա պատասխան է բոլոր նրանց, ովքեր փորձում էր կամ փորձում է սեպ խրել երկու երկրների միջեւ»,-ընդգծել է ՀՀ նախագահն ու հավելել. «Մենք այսօր կրկին հաստատեցինք, որ բոլոր նման փորձերը անարդյունք են: Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը հիմնվում է ամուր պատմական հիմքի վրա եւ ակտիվորեն զարգանում է երկու երկրների շահերին համապատասխան, որոնք ուղղված են ապագային եւ կարեւոր են երկու ժողովուրդների համար»:
Սերժ Սարգսյանն ընդգծել է Ռուսաստանի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով, պատահական չէ, որ Ռուսաստանը Հայաստանի առեւտրային եւ ներդրումային կարեւորագույն գործընկերն է: Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծագույնն է աշխարհում: Նրա ներկայացմամբ, Մոսկվայում կառուցվող հայկական եկեղեցին, որի խաչերն օծվել են այսօր, կոչված են օրհնելու ոչ միայն հայ համայնքին, այլեւ ՌԴ մայրաքաղաքը, որը դարձել է հայկական սփյուռքի տունը:

Երկրի նախագահը նաեւ նշել է, որ Ռուսաստանում ապրել եւ արարել են մշակույթի եւ արվեստի շատ հայ գործիչներ: Այդ համատեքստում, Սերժ Սարգսյանն ասել է, որ ձեռնարկատիրական գործունեությունը ոչ պակաս կարեւոր է ու ստեղծագործ:
Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ազգային ավանդույթների պահպանմանն աջակցելու համար, Սերժ Սարգսյանն ընդգծել է ՌԴ-ում հայ համայնքի դերը Հայաստանի համար:

No comments: