Tuesday, October 25, 2011

Վրացի փորձագետ. Ադրբեջանը վախենում է, որ մի գեղեցիկ օր Արեւմուտքը ԼՂ-ի վերաբերյալ կսկսի մտածել Կոսովոյի ձեւաչափով

News.am. 25-10-2011- Ադրբեջանը Nabucco նախագծի ձգձգմամբ ձգտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գտնել «ոսկե միջինը: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը հայտնել է Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Ինչպես փորձագետը հայտնել է գործակալությանը, մի քանի օր առաջ Ադրբեջանը անդամագրվել է չեզոք երկրների կազմակերպությանը, ինչի միջոցով հաղորդագրություն է ուղարկել մի կողմից Արեւմուտքին, իսկ մյուս կողմից Ռուսաստանին, որ նա խուսափում է քաղաքական պայքարից:
«Nabucco-ն Ադրբեջանի համր ծանր թեմա է, քանի որ մի կողմից նա չի ուզում նեղացնել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից Արեւմուտքն արդեն վերջնագրի մակարդակով Բաքվից պահանջում է ինչ որ որոշում կայացնել: Չեզոք երկրների կազմակերպությունում Ադրբեջանի ներգրավվելը խոսում է այն մասին, որ Բաքուն ժամանակ է ձգում, իսկ մյուս կողմից ընդգծում է իր չեզոքությունը»,-իր կարծիքն է հայտնել Կովկասի հարցերով փորձագետը, ընդգծելով, որ ճիշտ է Ադրբեջանը այդ կազմակերպություն անդամագրվելով ոչինչ չի շահում, սակայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից ճնշումը այնքան մեծ է, որ նա ձգտում է նրանց միջեւ գտնել «ոսկե միջին» տարբերակը:
«Նա զգույշ է վարվում, որպեսզի իրեն մեջտեղից չկիսեն, քանի որ նրա դեմ ունեն ամենամեծ խաղաքարտը` Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանը վախենում է, որ մի գեղեցիկ օր Արեւմուտքը կսկսի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մտածել Կոսովոյի ձեւաչափով: Ադրբեջանը հիմա պետք է մտածի ոչ թե Ղարաբաղը հետ վերադարձնելու , այլեւ նրա ստատուս-քվոյի պահպանման մասին»,-հայտարարել է նա:


No comments: