Wednesday, October 12, 2011

Ադրբեջանում նավթա-գազային պաշարների արտահանման ծավալները կտրուկ նվազել են. պատճառները գաղտնի են պահվում

News.am. 12-10-2011- Ադրբեջանում նավթային եւ գազային պաշարների արտահանման ծավալները կտրուկ նվազել են, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը: Ներկայացված տեղեկությունների համաձայն, 2011-ի հունվար-փետրվարին «Շահ Դենիզ» հանքավայրի համար պատասխանատու կոնցորսիումն արտահանել է 4,6 մլրդ խմ գազ: Մինչդեռ այդ ցուցանիշը անցյալ տարվա նույն շրջանում արտահանված գազի ծավալից 13,2 տոկոսով ցածր է (այն ժամանակ դա կազմել է 5,3 մլրդ խմ):
Նշենք, որ «Շահ Դենիզի» հանքավայրի գազի հիմնական գնորդը թուրքական «ԲՈԹԱՇ» ընկերությունն է: Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ 2001-ի մարտի 12-ին կնքված պայմանագրի համաձայն, թուրքական ընկերությունը 2008-ից սկսած պետք է «Շահ Դենիզ»-ից 6,3 մլրդ մ գազ գներ, սակայն անցյալ տարի թուրքական ընկերությունը գնել է մոտ 4,9 մլրդ խմ:
«Պոլիգոնը» հայտնում է, որ պաշտոնական Բաքուն չի շտապում դեռ որեւէ պատժամիջոց կիրառել «ԲՈԹԱՇ»-ի դեմ` գնվող գազի ծավալները նվազեցնելու համար: Թուրքական ընկերության հետ գործող պայմանագրի համաձայն` դրա հիմքում ընկած է «կամ գնիր, կամ հատուցիր» սկզբունքը: Այսինքն, եթե ընկերությունը չի գնում գազ` պայմանագրով նախատեսված ծավալի չափով, ապա պետք է հատուցի վնասը: «Շահ Դենիզի» շահագործվող նավթահորերը շատ են, դրանցից յուրաքանչյուրը տարեկան 1,5 մլրդ խմ գազ է տրամադրում ընկերությանը:
Ընդհանուր հաշվարկով «Շահ Դենիզը» կարող է տարեկան 9 մլրդ խմ գազ արտահանել: Մինչդեռ արտահանվող գազի ծավալները շատ ավելի քիչ են:

Այդուհանդերձ, ադրբեջանացի պաշտոնյաները, մասնավորապես Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը չեն ցանկանում որեւէ բացատրություն տալ այդ հարցի կապակցությամբ, գրում է «Պոլիգոնը»:

Փաստորեն անհասկանալ է, թե ինչու նավթային հսկայական պաշարներ ունեցող Ադրբեջանն արտահանում իր «սեւ ոսկու» միայն մի փոքր հատվածը, եւ որտեղ են գնում նավթային չարտահանված պաշարները:

No comments: