Monday, October 24, 2011

Սերժ Սարգսյանը «րոպե չունե՞ր»

«Լրագիր» 24-10-2011- Cnn Turk-ը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները զանգահարել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւ ցավակցել Վանում տեղի ունեցած երկրաշարժի համար: Ըստ CNN Turk-ի, նախ ցավակցություն է հայտնել Մեդվեդեւը, հետո հեռախոսը փոխանցել է Սերժ Սարգսյանին:
Լավ, միթե Հայաստանի հանրապետության արժանապատվությունը պետք է ոտնահարվի բոլոր հարցերում եւ բոլոր դեպքերում: Միթե հնարավոր չէր ինչ որ բան անել, որպեսզի անընդհատ չընդգծվի «մեծ եղբոր» սինդրոմը: Միթե Սերժ Սարգսյանը չէր կարող Մոսկվայում եղած ժամանակ ինքնուրույն խողովակով կապվել Գյուլի հետ, չսպասելով Մեդվեդեւի կապին:
Ենթադրենք Մեդվեդեւը զանգում էր մինչեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը: Ուրեմն ինչ, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող զանգել Գյուլին, «րոպե չունե՞ր»: Թե անպայման պետք է դա լիներ Մեդվեդեւի ներկայությամբ, տպավորություն ստեղծելով, թե հենց Մեդվեդեւն է Սերժ Սարգսյանին համոզել, որ մի «երկու բառ խոսա Գյուլի հետ»:
Համենայն դեպս, դրվագը թերեւս ամենեւին հաճելի չէ պետական քաղաքականության տեսանկյունից: Եվ թերեւս առավել տհաճ մի իրավիճակ էլ արձանագրվում է Գյուլի մեկ այլ խոսքից, ինչի մասին հայտնել է CNN Turk-ը: Գյուլն ասել է, որ համացանցից տեղեկացել է Հայաստանի օգնության առաջարկին, որ իր ցավակցական հեռագրում ասել էր Սերժ Սարգսյանը:
Սա ընդհանրապես անհասկանալի իրավիճակ է. փաստորեն Սերժ Սարգսյանը Մոսկվայից ցավակցական հեռագիր է հղում Գյուլին, որի բովանդակությանը Գյուլը ծանոթանում է համացանցից: Իսկապես տարօրինակ է:

No comments: