Tuesday, October 25, 2011

ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹԱՑՔՆ ԱՆԽԶԵԼԻ Է

«ԱԶԳ», 25-10-2011- 1050 տարի առաջ, 961 թվականին, Բագրատունիներն Անին հռչակեցին Հայաստանի մայրաքաղաք, որը միջնադարյան Հայաստանի հզորագույն քաղաքը եղավ, եւ աշխարհին թողեց ծանրակշիռ պատմամշակութային ժառանգություն: Անին այնքան հարուստ է, յուրահատուկ ճարտարապետական լուծումներով եւ առանձնահատկություններով կառուցված եկեղեցիներով, որ իրավացիորեն բնորոշվում է որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք: Ցավոք, այդ մշակութային գանձը այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եւ նրա գիտական, հնէաբանական ուսումնասիրությունները սահմանափակված են հայերի համար:
Անին մտածողության, աշխարհայացքի, ճաշակի, տրամաբանության, մի ամբողջ մշակութային միջավայր է, որն արդյունքն է հայի ոգեղենության: Բնական է, այդ ոգեղեն դաշտը Անիով ծավալված, իր ազդեցությունը պետք է թողներ հետագա հայ ճարտարապետական մտքի վրա: Չեմ խորանում ճարտարապետական (զուտ մասնագիտական), վերլուծություններում, քանի որ նպատակս դա չէ: Խնդիր ունեմ ցույց տալ հայ ժողովրդի ոգեղեն շարունակականությունը, «պահպանողական հիշողության» անմիջական կենդանի էավորմամբ: Ասածիս վկայությունն են Գյումրիի Ս. Ամենափրկիչ եւ Հրազդանի Կապույտ խաչ եկեղեցիները: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Անիի մայր տաճարի բացարձակ կրկնօրինակը չէ: Չնայած հատակագծով շատ է նրան նման, եւ խորանն էլ ճիշտ եւ ճիշտ Անիի Մայր տաճարի կրկնօրինակն է, իսկ ընդգծված տարբերությունը հիմնականում զանգակատունն է: 1873 թ. ճարտարապետ Թադեւոս Անդիկյանի ջանքերով կառուցված Ս. Ամենափրկիչ եկեղեցին փաստորեն իր հորինվածքով Անիի Մայր տաճարի կրկօրինակն է: Ներկայումս նրա վերջնական վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Ինձ համար հատկապես առանձնահատուկ է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի հին գերեզմանատան ավերված Կապույտ խաչ մատուռի տարածքում կառուցված «Կապույտ խաչ» եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1993 թվականին վանատուրցի Ռուբեն Գալստյանի միջոցներով եւ նախաձեռնությամբ, ըստ Թորոս Թորամանյանի Անիի Հովվի եկեղեցու (Նախրճուն ժամը) վերակազմության նախագծերի: 1942 թվ. հրատարակված «Հայկական ճարտարապետություն» գրքում Թ. Թորամանյանը գրում է «Ոչ ոք թող չզարմանա, երբ այս խեղճ ու ողորմելի մնացորդը մեր հիացումը գրավող Մայր եկեղեցիի, Գագկաշեն մեծագործ Ս. Գրիգորի եւ մեզ ապշություն պատճառող վիթխարի պարիսպներու հավասար կդասեմ»: Ըստ ավանդույթի Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցի մտնող հովվի կնոջն արգելում են ներս առաջանալ եւ աղոթել: Հովիվն էլ երդվում է սիրելի կնոջ համար եկեղեցի կառուցել ու կառուցում է պայծառ ոգեղենությամբ մի փոքրիկ շինություն, որը մարմնացնում է իր արժանապատվությունը եւ անեցի ճարտարապետի գեղարվեստական նուրբ ճաշակը: Ավանդույթը, որը ժողովրդական զգացմունքայնություն է, հյուսված է շինական եւ ազատանի դասի խոհափիլիսոփայության հակադրությունից, որի կենսունակությունը, ոգեղեն գաղտնիքով, մնում է շարժուն բոլոր ժամանակներում եւ տարածության մեջ արձագանքում է տվյալ իրադրության հոգեվիճակին համապատասխան: Եվ ահա այդ ոգին դարերի միջով գալիս, նոր մարմին է առնում Հրազդանում, վերակերտելով նույն համեստ չափերի մեջ` եռահարկ իր հնչեղությամբ: Միայն այս անգամ իր առջեւում ոչ թե Անիի Ծաղկաձորի ձորն է, այլ` Ծաղկունյաց լեռնաշղթան իր Ծաղկաձորով:
Ի դեպ, հողին հավասարված Կապույտ խաչ մատուռը, որի անունն է կրում Հովվի եկեղեցու վանատուրյան կրկնօրինակը, բուժել է «կապույտ հազ» հիվանդությունը, իհարկե, սա մեկ այլ, ավելի ընդարձակ խոսակցության նյութ է: Այժմ մատուռից մնացել է միայն «Կապույտ խաչ» խաչքարը, որը իր գրաված դիրքով ասես նորակերտ եկեղեցու պահապան հրեշտակ լինի: Կարծում եմ, 1966 թ. երկրաշարժից հետո ամբողջովին ավերված Հովվի եկեղեցու վերակերտումը «Կապույտ խաչ» եկեղեցու ոգեղեն անհրաժեշտություն էր:
Ուստի Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների ուշադրությունն եմ հրավիրում այս եկեղեցուն: Հորդորում եմ բազմապիսի տուրիստական կազմակերպություններինՙ իրենց ծրագրերում (Ծաղկաձորի ուղղությամբ), նախատեսեն եւ ընդգրկեն այցելությունն այս եկեղեցի:
Եվ իհարկե, նոր եկեղեցիներ կառուցողները, նախագծերի ընտրության ժամանակ, իրենց աչքի առջեւ ունենան նաեւ Անիի խոնարհված եկեղեցիների վերակերտման տարբերակը: Համենայն դեպս, ցանկություններս ռեալ են ու իրագործելի: Ինչո՞ւ չանենք ի փառս Անիի եւ մեր ոգեղեն շարունակականության:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՍԱԲՅԱՆ, Ճարտարապետ, Հրազդան

No comments: