Thursday, October 6, 2011

Նիկոլա Սարկոզի. Հայ ժողովրդի ապրած ողբերգությունը պետք է կոչել իր անունով` Ցեղասպանություն

Panorama.am. 6-10-2011- Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է օրենքի ուժով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրուցյում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարոկզին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Հայաստան և այդ այցելությանն ընդառաջ բացառիկ հարցազրույց է տվել հայկական տեղեկատվական գործակալությանը:
«Այս այցը մեծ նշանակություն ունի ինձ համար: Վաղուց էի ցանկանում ձեր երկիր այցելել: Ի դեպ, այդ մասին ասել էի Նախագահ Սարգսյանին` նրա ընտրվելուց անմիջապես հետո, երբ նա ինձ հրավիրել էր: Դա ինձ համար ավելին էր, քան ցանկություն, ես անգամ չէի կարող մտածել Հայաստան չգալու մասին, որն այդքան մոտ է Ֆրանսիային: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի հետ համընկնող այս այցը միայն ուժեղացնում է նրա խորհրդանիշը: Ցանկանում եմ, որ այս պետական այցը, նախորդ շաբաթ Նախագահ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո, առիթ հանդիսանա տոնելու մեր երկու երկրներին և երկու ժողովուրդներին միավորող բացառիկ կապերը»,- իր այցի մասին նշել է Նիկոլա Սարկոզին:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին` Ֆրանսիայի ղեկավարը նշել է. «Մեր բարեկամությունն իր արմատներով խորացած է պատմության մեջ, որը սակայն մեկընդմիշտ կոփվեց ցեղասպանության ողբերգության մեջ, երբ Ֆրանսիան ապաստան տվեց ջարդերից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերին: Ֆրանսիան և Հայաստանը միավորող անքակտելի կապը վերջնականապես կնքվեց հենց այդ պահին, հայ ժողովրդի ապրած այդ ահավոր փորձության սարսափի մեջ, անասելի այդ ողբերգության մեջ, որն, ի դեպ, ամեն ոք պետք է համարձակություն ունենա կոչել իր անունով` ցեղասպանություն: Ֆրանսիան հպարտ է, որ առաջինն է պաշտոնապես ճանաչել այն օրենքի ուժով»:
Նրա խոսքով, իր առաջիկա այցը նաև միջոց է արտահայտելու Ֆրանսիայի երախտագիտությունը «հայկական արմատներ ունեցող հարյուր հազարավոր ֆրանսիացիների հանդեպ, առանց որոնց Ֆրանսիան չէր լինի այն Ֆրանսիան, ինչպիսին այսօր է: Մարդկային բացառիկ այս կապերի մեջ է, որ բաբախում է ֆրանս-հայկական հարաբերություններ սիրտը: Դրանք են, որ մեր երկու ժողովուրդները դարձնում են ավելի քան բարեկամներ` քույրեր»:
Նիկոլա Սարկոզին նշել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների ժամանակահատվածի հետ համընկած իր այցը նաև միջոց է հարգանքի տուրք մատուցելու հայ ժողովրդին. «Տարածաշրջանային բարդ պայմաններում դուք շատ բան եք արել. կերտել եք ժողովրդավարություն, հաջողությամբ իրականացրել եք անցում դեպի շուկայական տնտեսության, կարևոր և հարգված դերակատարություն ունեք միջազգային հարթակում: Իհարկե, շատ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որին Ֆրանսիան խորապես ներգրավված է իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Կասկած չունեմ, որ ձեռնարկված քաղաքական և տնտեսական բարեփոխումները շարունակելով, Հայաստանին կունենա փայլուն ապագա: Հայաստանը միշտ կարող է հույսը դնել Ֆրանսիայի վրա»:

No comments: