Monday, November 28, 2011

34 տարի առաջ կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը

HayNews.am. 28-11-2011- 1964 թ.-ին մի շարք հայ մտավորականներ ՀԿԿ կենտկոմին նամակ են ուղարկում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հուշարձան կառուցելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Մեկ տարի անց` ևս մի քանի դիմումներից հետո, ՀԽՍՀ նախարարների խորհուրդը բավարարում է հայ մտավորականների պահանջ-խնդրանքը: Հայտարարվում է կոթողի լավագույն նախագծի մրցույթ, նախընտրական փուլում ընտրվում է 70 նախագիծ, վերջնական քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում «ՀԱՍՈ» ծածկանվամբ Սաշուր Քալաշյանի և Արթուր Թարխանյանի նախագիծը: Հուշակոթողի վայրը ևս հեղինակներն են ընտրել. նպատակը մեկն էր` հուշարձանը պիտի մարմնավորեր հայ ժողովրդի դժվարին անցյալը, ներկան ու ապագան : Նախագծի հաստատումից երկու տարի հետո`1967 թվականի նոյեմբերի 28-ին , Երևանում տեղի ունեցավ հուշակոթողի բացումը, այն խորհրդային իշխանությունների համար արժեցել է 400000 ռուբլի: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500 քմ տարածք: Բաղկացած է հիմնական 3 կառույցներից՝ հավերժության տաճար, հուշասյուն և հուշապատ: Համալիր տանող ճանապարհն անցնում է բազալտե սրբատաշ քարերով շարված 100 մ երկարությամբ հուշապատի կողքով, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող հայաբնակ մի շարք խոշոր բնակավայրերի անուններ, որոնց բնակչությունը թուրքական ոճրագործության զոհ է դարձել: Հուշապատը նաև մի ուրույն պատնեշ է, որը հուշահամալիրը բաժանում է Հրազդանի հանդիպակաց ափի բնակելի տարածքից: 1996թ. հուշապատի հակառակ կողմում ամփոփվել են օտարազգի այն անհատների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, ովքեր բողոքի ձայն են բարձրացրել ընդդեմ Հայոց ցեղասպանության: Այդ նվիրյալներն են Արմին Վեգները, Հեդվիգ Բյուլը, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, ՋեյմսՖրիտյոֆ Նանսենը, Ֆայեզ էլ Ղուսեյնը, Անատոլ Ֆրանսը, Ջակոմո Գորինին, Բենեդիկտոս 15-րդը, Քարեն Եփփեն:«Վերածնվող Հայաստան» հուշասյունը սլաքաձև է, դեպի երկինք է խոյանում 40 մ բարձրությամբ: Այն խոր ակոսներով բաժանված է երկու մասի՝ մեծ և փոքր ընձյուղների, որոնք արտահայտում են կյանքի շարունակականության, ազգի վերածննդի գաղափարը: Ըստ հեղինակների` հուշասյունը բույսի ցողուն է, որը ցավի տապանը պատռել և դուրս է եկել՝ խորհրդանշելով շարունակվող կյանքը: Հավերժության տաճարը կառուցված է դեպի կենտրոն խոնարհվող բազալտե հսկա 12 մույթերով: 12 թիվն ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից: Դեպի տաճարի սրահը և հավերժական ջահն են տանում հարթակից իջնող անսովոր բարձր աստիճանները, որոնք այցելուներին ստիպում են խոնարհվել Եղեռնի զոհերի հիշատակի առջև: Հուշասրահի խորքից մշտապես հնչում են Կոմիտասի, Մ. Եկմալյանի հեղինակած սգո մեղեդիները, որոնց հետ ներդաշնակորեն միահյուսվում է հավերժության կրակը: Կրակն արտահայտում է վերքի չսպիանալու, հավերժ մխալու գաղափարը: Կենտրոնական կլոր ծավալով այդ տապանը նույնպես, հեղինակների պատկերացմամբ, ճաքել է ցավի ուժգնությունից, պատռվել, և բացվել է վերքը:

No comments: