Thursday, December 29, 2011

Ադրբեջանը կամաց-կամաց յուրացնում է վրացական մշակութային կոթողները. Մամուկա Արեշիձե

News.am. 29-12-2011- Ադրբեջանի վրացական դպրոցներում արգելում են վրացական գրքերի օգտագործումը, ադրբեջանցիներն այդ դպրոցներում ստուգումներ են անցկացնում եւ վրացական գրքեր գտնելու դեպքում վերցնում են դրանք: Այս մասին հայտարարել է կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն` վրացական «Թբիլիսելեբի» պարբերականին տված հարցազրույցում:
«Հաշվի առնելով այս փաստը, ակնհայտ է դառնում, որ վրաց-ադրբեջանական սահմանի վրա գտնվող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելիության խնդրի լուծումը կլինի բավականին ցավոտ գործընթաց»,-նշել է նա:
Մամուկա Արեշիձեի կարծիքով, Վրաստանն Ադրբեջանի հետ այնպիսի հարաբերություններ է ստեղծել, որ Ադրբեջանի մոտ մշտական պարտքի զգացում ունի: «Նման պարտքի զգացումը սխալ է, քանի որ Ադրբեջանը չի կարող օգտագործել իր ռեսուրսները առանց Վրաստանի օգնության: Առանց Վրաստանի նրան կմնա միայն մեկ ճանապարհ` Ռուսաստանը եւ այդ դեպքում Ռուսաստանը նրան կթելադրի տրանզիտային կանոնները, իսկ այդ դեպքում, Ադրբեջանը ոչ մի քաղաքական շահույթ չի կարող հետապնդել»,- նշել է փորձագետը:
Նրա խոսքով, վրաց-ադրբեջանական հարաբերություններն ունեն ընդհանուր նպատակներ եւ հետաքրքրություններ, օրինակ` Ադրբեջանի կողմից Վրաստանին գազի մատակարարումը:
«Վրաստանն Ադրբեջանի հետ ունի կնքած պայմանագիր, ըստ որի, 20 տարվա ընթացքում ադրբեջանական գազը Վրաստանին կմատակարարվի ավելի էժան գներով, քան` ուրիշներին: Այդ պայմանագիրը կնքվել է 90-ականների վերջերին եւ նրա ժամկետը դեռ չի ավարտվել: Իսկ թե ինչ է ստանում Ադրբեջանը Վրաստանից գազի փոխարեն. ակնհայտ է: Ադրբեջանը կամաց կամաց գրավում է Վրաստանի էներգետիկ եւ ֆինանսական շուկան: Այն, որ Վրաստան են մուտք գործում ադրբեջանական բանկերը` Իլհամ Ալիեւի կնոջ կլանին պատկանող «Փաշա» բանկի գլխավորությամբ, արտաքնապես սովորական են թվում, սակայն դրանով, Վրաստանը պարտական է մնում Ադրբեջանին»,- ասել է Արեշիձեն:
«Ադրբեջանի գիտությունների ակադեմիան լկտիաբար հրատարակել է այնպիսի բրոշյուր, որտեղ վրացական Քուրմուխի գյուղի Սուրբ Գիորգիի եկեղեցին հայտարարված է որպես ալբանական մշակութային կոթող, ինչպես նաեւ 15 այլ վրացական եկեղեցիներ»,- հայտարարել է նա, համոզված լինելով, որ Ադրբեջանը նպատակ ունի նման միջոցներով ողջ աշխարհին ապացուցել, որ Դավիթ-Գարեջին ալբանական մշակութային ժառանգությունն է:
«Նրանք այդ տարածքում կստեղծեն հիանալի գեղեցիկ համալիր, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տան, թե որքան են հոգ տանում ալբանական մշակույթի մասին»,-ամփոփել է փորձագետը:

No comments: