Tuesday, December 27, 2011

Ում գլխին է իջնում մահակը

«Լրագիր» 26-12-2011- Նոր չէ, երբ պաշտոնական Երեւանը Ղարաբաղի հակամարտության հանդեպ իր քաղաքականության մեջ կիրառում է ստատուս-քվոյի փոփոխության առնվազն առերեւույթ համաձայնության տարբերակը: Բոլոր ժամանակների “պաշտոնական Երեւանները” եղել են այդ դիրքում եւ պատրաստակամ են եղել ինչ-ինչ պայմանների դեպքում փոխել ստատուս-քվոն, այլ կերպ ասած Ադրբեջանին վերադարձնել տարածքները կամ դրանց մի մասը:
Բայց, հատկապես վերջին շրջանում, պաշտոնական այդ մոտեցմանը ավելացել է նաեւ փորձագիտական հանրության մի զգալի մասի “ոչ պաշտոնական” մոտեցումը, երբ ամեն առիթ օգտագործվում է հայտարարելու համար, թե ստատուս-քվոն հակասում է Հայաստանի շահին, թե ստատուս-քվոն միայն Ադրբեջանին է ձեռնտու, եւ այլն, եւ այլն:
Գրեթե կասկած չկա, որ այդ հայտարարություններն արվում են հենց պաշտոնական Երեւանի հանձնարարականով կամ խորհրդով, կամ էլ “խնդրանքով”: Դրա վառ վկայությունը կարող է լինել հայ-թուրքական թեմատիկան: Քանի դեռ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության դաշտում էր, փորձագիտական այդ հանրույթը այնպես էր խոսում հայ-թուրքական հաշության մասին, կարծես դրանից էր կախված աշխարհի բախտը: Հենց որ Սերժ Սարգսյանը դուրս եկավ այդ դաշտից, կամ նրան դուրս բերեցին այդ դաշտից, փորձագիտական հանրույթը սկսեց այնպես պախարակել Թուրքիային, կարծես մի քանի ամիս առաջ բոլորովին այլ պետության հետ բարեկամության ջատագովությամբ էին աչքի ընկել:
Հայ-թուրքական այդ օրինակը հիմք է տալիս եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում էլ, այդ փորձագիտական հանրույթը առաջնորդվում է պաշտոնական Երեւանի “եղանակով”, ինչը տվյալ դեպքում ենթադրում է, որ պետք է ցույց տալ, թե ինչքան փոխզիջող ենք մենք, ինչքան հանդուրժող, եւ ինչքան մաքսիմալիստ ու անհանդուրժող է Ադրբեջանը:
Դժվար է ասել, թե Ղարաբաղի պատերազմում փայլուն հաղթանակ տոնած ժողովրդի իշխող վերնախավում ինչպես հայտնվեց այդ մոտեցումը, որ պետք է աշխարհին հնարավորինս զիջող, հեզ, կոմպրոմիսային տեսքով ներկայանաս, որ քեզ սիրեն, շոյեն, ձեռք չտան, ինչ որ բան թողնեն քեզ, ամեն ինչ չվերցնեն քեզանից: Կամ, գուցե ավելի ճիշտ կլինի հարցը ձեւակերպել այսպես՝ ինչպես Ղարաբաղի պատերազմում փայլուն հաղթանակ ապահոված ժողովուրդը այդպիսի մտածողությամբ “վերնախավ” ունեցավ:
Չգիտես ինչու եւ ինչպես, սեփական շահի լիարժեք հետապնդումը Հայաստանում սկսեց ընկալվել իբրեւ արկածախնդրություն կամ իբրեւ անտի-realpolitic, չգիտես ինչպես սկսեցին իմաստուն համարվել նրանք, ովքեր համարում են, որ աշխարհի հետ ոչ թե խոսել է պետք, այլ համաձայնվել, չգիտես ինչու հաղթանակը պահելու ամենահեռատես եւ իրատես տարբերակ սկսեց ընկալվել դրանից հրաժարվելը:
Ու այդ ամենը շարունակվում է մինչեւ հիմա, ու հիմա ավելի բարձրաձայն են սկսել խոսել, թե “ախ այդ Ադրբեջանը կառչել է ստատուս-քվոյից”: Իհարկե, այսպես ասած ոչ հրապարակային զրույցներում, շատերն ասում են, թե այդպես խոսում են միայն աշխարհի համար, որպեսզի այսպես ասած մեղքը դնեն Ադրբեջանի վրա, քանի որ միեւնույն է այդ երկիրը չի համաձայնվելու քչին, եւ մենք մի կողմից այսպես ասած հանդուրժող դուրս կգանք, մյուս կողմից էլ հողերը կպահենք:
Սա մեղմ ասած պարզունակ, եթե չասենք քարանձավային դիվանագիտության դրսեւորում է: Բանն այն է, որ ինչպես ներքին տնտեսական ու քաղաքական հարցերը, այդպես էլ արտաքին քաղաքական խնդիրները պետք չէ դիտարկել միմյանցից անկախ: Ղարաբաղի հարցը ինքնին առանձին կղզյակ հարց չէ եւ չի կարող լինել: Այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը ոչ միայն այդ հարցում Հայաստանի դիրքորոշման ցուցիչ է, այլ նաեւ ընդհանրապես հայ ազգի, հայ ժողովրդի, հայ հասարակության ցուցիչ, թե այդ ազգը, ժողովուրդը կամ հասարակությունը ներկայում ինչ են իրենցից ներկայացնում, ինչպիսի պատկերացումներ եւ մտածողություն ունեն:
Եթե որեւէ մեկին թվում է, թե պարզունակ, կամ մեղմ ասած քարանձավային դիվանագիտությամբ մենք արդյունավետ խաբում ենք աշխարհին եւ հետապնդում մեր շահը, ապա այդ մարդն առնվազն մոլորության մեջ է:
Դրանով մենք ընդամենն ինքներս մեզ ենք խաբում, ընդ որում խիստ անարդյունավետ, որի դառը պտուղները մենք կքաղենք ժամանակի մեջ, եթե չդադարեցնենք այդ ինքնախաբեությունը:
Աշխարհի հետ հարաբերվելու լավագույն լեզուն ոչ թե խաբկանքի լեզուն է, առավել եւս եթե դրան մենք տիրապետում ենք ընդամենը շուկայական առեւտրի, ոչ թե միջազգային քաղաքականության մակարդակով, այլ սեփական շահը ազնվորեն եւ անկեղծությամբ փաստարկելու լեզուն, երբ աշխարհին հստակ եւ շիտակ բացատրում ես քո շահը, բացատրում ես, որ այն բացառապես քո անվտանգությանն է միտված, ոչ թե որեւէ մեկի անիվների արանքը փայտ դնելուն:
Աշխարհում հարգում են այդ՝ շիտակ ազգերին ու ժողովուրդներին, որովհետեւ երբ այլ ռեսուրս չունես, այդ ազնվությունն ու շիտակությունն է դառնում սեփական շահը հետապնդելու անփոխարինելի ռեսուրս: Մահակով խփում են ոչ թե նրանց գլխին, ով սեփական շահի վրա է կանգնած, այլ նրանց, ովքեր խաբելով են փորձում առաջ տանել իրենց շահը՝ եւ առաջին հերթին իրենք իրենց խաբելով:
Ի վերջո, պետության գլխին խփում են ժողովրդին նայելով, նայելով, թե որքանով է այդ ինքնախաբեությունը հանդուրժում հասարակությունը, քաղաքացին: Նայելով, թե քաղաքացին, հասարակությունը որքանով են գիտակցում պետական շահն ու որքանով են պատրաստ այդ շահը միջազգային ասպերզում շիտակ եւ հրապարակային փաստարկելուն:
Հետեւաբար, եթե նույնիսկ “պաշտոնական Երեւանները” իրենց արտաքին քաղաքական լեզուն կառուցել են քարանձավային դիվանագիտության հին օրագրերը թերթելով, ընդ որում կարծես թե մեջընդմեջ էջերի բացակայությամբ, ապա գոնե փորձագիտական հանրությունը պետք է չդառնա այդ ինքնախաբեության միջնաբերդը, որից այն կողմ արդեն հասարակությունն է ու պետության գլուխը, որի վրա իջնում են խաբեության բերած հարվածները:
Իսկ Հայաստանի շահը հենց ստատուս-քվոն պահելն է: Եվ մենք դա պետք է հստակ բացատրենք աշխարհին, ոչ թե զբաղվենք ինքնախաբեությամբ: Մենք պետք է բացատրենք աշխարհին, որ Հայաստանի շահը եւ անվտանգությունը ոտնահարելով, տարածաշրջանում ուժերի ոչ միայն թվաբանական, այլ նաեւ աշխարհագրական հավասարակշռությունը խախտելով տարածաշրջանում ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմն է մոտենում: Մենք աշխարհին պետք է հստակ բացատրենք, որ մենք ստատուս-քվոն պահպանել ենք ուզում ոչ թե ախորժակից կամ քմահաճույքից, ոչ թե ազգայնական ռոմանտիզմից, այլ հենց իրական տնտեսա-քաղաքական հաշվարկների վրա հենված անվտանգության պատկերացումներից ելնելով: Մենք պետք է հստակ բացատրենք, որ շատ շնորհակալ ենք մեր անվտանգությունն ապահովելու համար Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերից, բայց այդ ջանքերը նշանակություն եւ ազդեցություն ունեն միայն այն դեպքում, երբ Հայաստանն ինքն առավելագույնն է պաշտպանված իր ուժերով եւ միջոցներով: Իսկ դա նշանակում է ստատուս-քվոյի պահպանություն:
Պարզապես, այդ ամենն աշխարհին հասկանալիորեն բացատրելու համար Հայաստանում պետք են ներքին ռեֆորմներ, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է դառնան մարդկային մտքի ազատ տարածքներ, իրավունքի կղզյակներ, պետք է դառնան Կովկասի ամենաարդիական պետական միավորները: Դա է աշխարհին հասկանալի լինելու լեզուն, որը կվկայի արժանապատիվ հասարակության եւ պետության, ոչ թե մանրամեծածախ շուկայի հետ գործ ունենալու մասին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: