Wednesday, December 28, 2011

Այս քաղաքական փասիանսը ավարտին է մոտենում։

2011թ-ին մի քանի հետաքրքիր զարգացումներ եղան։ Սփյուռքի գոյություն ունեցող գրեթե բոլոր շերտերը առաջին անգամ միջամտեցին և ասացին, որ այլևս չեն լռելու և չեն համակերպվելու, չեն հանդուրժելու Հայաստանում կատարվող գործընթացը, որը Շառլ Ազնավուրն ուղղակի անվանեց ցեղասպանություն։ Դա կարելի է անվանել ինքնացեղասպանություն, որը ԱՄՆ–ի Արևմտյան ափի ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեն անվանեց անընդունելի և շատ կոշտ կեցվածք ընդունեց։ Մեծի Տան Կիլիկիո առաջնորդ Արամ Ա Կաթողիկոսը նույնպես շատ կոշտ ձևով քննադատեց։ Ինչն ավելի հետաքրքիր է, այդ ձայներին վերջերս միացավ արցախյան ծագում ունեցող հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը։ Սա արդեն նշանակում է, որ քննադատությունը Սփյուռքից, (չգիտեմ որքանով կարելի է Լևոն Հայրապետյանի դեպքը դիտել որպես սփյուռքյան) համենայն դեպս, արդեն համակարգային բնույթ է ստանում։
Ի՞նչ պետք է անի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը։ Մենք պետք է ասենք հետևյալը, մենք չենք հանդուրժելու այս իրողությունը, երբ 1.5 մլն. մարդ հեռանում է երկրից, երբ Հայաստանը ընդունակ չէ դիմակայելու մարտահրավերներին ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ գաղափարական ոլորտներում։ Մենք դիտում ենք սա որպես մարտահրավեր մեր պետականությանը։ Այս իշխանության, այս ռեժիմի գոյությունը մեծագույն սպառնալիք է Հայաստանի պետությանը և պետականությանը։
Եվս մի կարևոր բան։ Մենք դիմադրողական շարժում ենք ձևավորում և շատ լավ գիտակցում ենք, որ ապագա Հայաստանը, որի մասին մենք երազում ենք և որը նախապատրաստում ենք այստեղ Հայաստանում, չի կարող գոյանալ առանց Սփյուռքի մասնակցության։ Այդ մասնակցությունը բազմաբնույթ է, և ես այդ մասին հիմա չեմ պատրաստվում խոսել։ Ես ուզում եմ ասել, որ մարդկանց հետ, ովքեր սփյուռքում գիտակցել են իրենց առաքելությունը, ովքեր գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարելի, մենք պետք է լինենք այսօր ուս-ուսի տված։ Մենք նյութական կամ բարոյական զուտ աջակցություն մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք այն մասին, որ կիսում ենք պատասխանատվությունը մեր և ձեր երեխաների առջև։ Միասին պետք է վերցնենք պատասխանատվությունը մեր հայրենիքի ներկայի և ապագայի առաջ։ Լևոն Հայրապետյանի օրինակը հետաքրքիր է նրանով, որ ի տարբերություն Շառլ Ազնավուրի կամ Արամ Կաթողիկոսի, նա Արցախում էր պատերազմի ամենածանր օրերին։ Մենք գիտենք, որ նա Վանք գյուղում էր մնում նաև այն ժամանակ, երբ ռազմաճակատի գիծը շատ մոտ էր այդ գյուղին։ Նմանապես մենք գիտենք, որ ինքը իր կարևոր դերակատարությունն ունեցավ նաև հետպատերազմական զարգացումներում, երբ ազգային բուրժուազիան, որը նա ներկայացնում է, իր գրավը դրեց այն մարդկանց վրա, ովքեր հասցրին Հայաստանը այսօրվա վիճակին։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք գիտակցում են նաև իրենց անձնական պատասխանատվությունը, և փառք Աստծո, որ չեն խուսափում այդ պատասխանատվությունից։
Բանն այն է, որ Հայաստանը պատկանում է բոլորին, բանվորներին և գյուղացիներին, գիտնականերին, ուսանողներին, վաճառականներին, նաև բուրժուազիային։ Եթե այն ազգային բուրժուազիա է, այլ ոչ թե հակազգային կամ ապազգային, ապա նա նույնպես պետք է իր առաքելությունը կատարի։ Իսկ նրա առաքելությունն այն է, որ նախ և առաջ նա պիտի հրաժարվի իր գիշատիչի կեցվածքից, պատրաստ այսօր խժռելու այն, ինչ մնացել է Հայաստանում և թողնել գնալ արտասահման։ Մարդիկ, ովքեր մնում են Հայաստանում կամ գոնե չեն պատրաստվում հավերժ լքել Հայաստանը, ովքեր ուզում են վերադառնալ, ապրել և սեփական երեխաների համար պահպանել Հայաստանը, պետք է կատարեն իրենց առաքելությունը։ Այդ առաքելությունը նրանում է, որ իրենք գիտակցաբար պարտավոր են լծվել մեր պայքարին։ Այս պայքարը բազմաբնույթ է, այս պայքարը չի կարող լինել շատ երկար, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ արյունահեղություն, մենք չենք ուզում դա և չենք գնա դրան, եթե դրան չտանի այս կեղեքիչների իշխանությունը։
20-րդ դարի սկզբին մտավորականները գիտակցելով ազգի ողբերգական վիճակը, այնուամենայնիվ չեն լքել և չեն փախել արտասահման։ Ազգի լավագույն ներկայացուցիչները, ինչպես օրինակ Սիամանթոն, եկել էին, հասկանալով, թե ինչ է սպասվում իրենց ազգին և մնացել էին ազգի հետ միասին մինջև վերջ։
Այս քաղաքական փասիանսը ավարտին է մոտենում։ Այն խաղաթղթերը, որոնք պարբերաբար փոխում են իրար Հայաստանի քաղաքական դաշտում, չեն փոխում ոչ մի բան մեր ազգի կյանքում։ Մարտահրավերները մնում են և մեծանում, կյանքի պայմանները գնալով վատանում, պատերազմի վտանգը չի փոքրանում։ Մենք կանգնած ենք շատ լուրջ իրադարձությունների շեմին։ Մենք կդիմակայենք, եթե լինենք ուժեղ, եթե լինենք միավորված։ Դա պարզ է, և այդ իմաստով մենք Սփյուռքի աջակցության և մասնակցության կարիքն ունենք։։ Մենք ակնկալում ենք այդ աջակցությունն ու մասնակցությունն այն մարդկանցից, ովքեր արդեն հայտարարել են, որ Սփյուռքը այլևս «կթան կով» չի լինի, որ Սփյուռքը ունի ոչ միայն պարտականություններ, այլ նաև իրավունքներ։ Այդ իրավունքը մենք տալիս ենք Սփյուռքին և պահանջելու ենք, որ ստանալով այդ իրավունքը, Սփյուռքը կատարի նաև իր պարտականությունը։ Մենք երկուսս էլ, Հայաստանը և Սփյուռքը, պատասխանատվություն ենք կրում մեր երկրի ապագայի համար։

Տիգրան Խզմալյան 26/12.2011

No comments: