Saturday, December 10, 2011

ՖԱՍԻԵԻ ՎԵՐՋԻՆ ՌԵՎԵՐԱՆՍՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ` «ԹՈՇԱԿԻ» ԱՆՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Առաքելության ավարտին ֆրանսիացի համանախագահը կորցնում է ոչ միայն հավասարակշռության, այլեւ իրականության զգացումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հաճախ էր հայտնվում իրավիճակներում, երբ ասում էր մի բան ու հետո էլ սկսում հերքել, թե իրեն լավ չեն հասկացել: Դժվար է վստահեցնել, թե Բրայզային պատահած բոլոր լրագրողները անգլերեն այնքան չեն հասկացել, որ նախկին համանախագահի հայտարարություններն ընկալվեին այնպես, ինչպես արվել էին: Պարզապես Բրայզայի դեպքում ասվում էր մի բան, որն այդուհետեւ նախընտրելի էր հերքել ու համահարթել:
Ֆրանսիացի ներկայիս համանախագահ Բեռնար Ֆասիեն հաճախ նախընտրում է խոսել ռուսերեն, թեեւ այդ դեպքում, ի տարբերություն մայրենի ֆրանսերենով իր խոսքը ներկայացնելու, Ֆասիեին դժվար է հասկանալը: Նման իրավիճակներում էլ ֆրանսիացի համանախագահի խոսքերը որեւէ կերպ ներկայացնելիս էլ միշտ տեղ է մնում հայտարարելու, թե համանախագահին լավ չեն հասկացել: Բայց որ ե՛ւ Ֆասիեն, ե՛ւ հատկապես Բրայզան մեկ-մեկ էլ բացախոսելու կամ դիտավորությամբ ինչ-որ տեղեկություն շրջանառության մեջ դնելու հարց էին լուծում` եւս իրողություն է:
Այդուհանդերձ, մեկ-մեկ էլ, անկախ համանախագահից, արվում են հայտարարություններ, որ հստակորեն վկայում են ոչ թե համանախագահող երկրի դիրքորոշման, այլ կոնկրետ համանախագահի, մեղմ ասած, «համակրանքի», եթե չասենք` կողմնորոշման մասին: Եվ եթե Բրայզայի ադրբեջանամետությունն ուղղակի ապացույցների կարիք չուներ, թեկուզ իրերը ժամանակից շուտ հավաքելու ու Ադրբեջանում դեսպան դառնալու երազանքի պատճառով, ապա ֆրանսիացի համանախագահի դեպքում հայտարարությունների տարատեսակությունը քիչ շփոթեցնող է;
Բեռնար Ֆասիեի ադրբեջանամետ դիրքորոշումն, անկախ նրա կողմից հոգնեցնելու աստիճան կրկնված «աղյուսներով տուն կառուցելու» եւ այդպես կարգավորման հասնելու գաղափարից, մեկ ապացույց չէ, որ վաստակել է նրա գործունեության ընթացքում, թեեւ պետք է նաեւ հիշատակել, որ հենց Ֆասիեն բարձրաձայնեց հայ զինվորների քաջ ու խիզախ լինելու մասին որպես վկայություն, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծելու դեպքում հաղթող չի կարող լինել:
Ֆրանսիացի համանախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Սենատումՙ այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած «Հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. մոռացված հակամարտություն» եւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը» թեմաներով կլոր սեղանի ընթացքում, որտեղ, ամենից առաջ, անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու ֆրանսիացի համանախագահի դերակատարությանը:
Հերթական անգամ էլ Ֆասիեն, ըստ «Ազերիպրես» գործակալության եվրոպական բյուրոյի հաղորդման, Փարիզում հայտարարել է, թե ինքը հասկանում է Ադրբեջանի ցավը, քանի որ որպես ֆրանսիացի շատ լավ գիտի, թե ինչ է օկուպացիան: «Փաստաթղթի յուրաքանչյուր տարբերակ, որ հիմա դրված է սեղանին, փաստաթուղթ է, որ մենք մշակել ենք 2005-ից: Իհարկե, ես հրաշալի հասկանում եմ Ադրբեջանի ցավը, այդ երկրի տարածքներն օկուպացված են», քննարկմանն ասել է Բեռնար Ֆասիեն:
Հաստատ է, որ Սենատի քննարկմանը Ֆասիեն ռուսերեն չի խոսել, իսկ քանի որ «ԱՊԱ»-ի եվրոպական բյուրոյի թղթակիցը լավ է տիրապետում ֆրանսերենին, մնում է, որ Ֆասիեն իսկապես նման գնահատական հնչեցրած լինի, եթե, իհարկե, հերթական անգամ ասվածները չեն վերագրվի ադրբեջանական քարոզչության մեքենայություններին: Պարզվում է, որպես ֆրանսիացի (ստացվում է` ոչ որպես եվրոպացի), Ֆասիեն «լավ գիտի», թե «ինչ է օկուպացիան»:
«Բայց Մինսկի խմբին անգործության մեջ մեղադրելն անհիմն է: Մենք չենք կարող ստիպել կողմերին ընդունել վերջնական տարբերակը: Կողմերն իրենք պետք է համաձայնության գան, մենք էլ դրանում նրանց պետք է օգնենք: Այսօր մեր խնդիրը պատերազմի վերսկսումը չթույլատրելն է: Նման ստատուս քվոյի դեպքում պատերազմն ամեն վայրկյան կարող է պայթել: Մեր երկրորդ հաջողությունն էլ այն է, որ կողմերն այսօր նստած են բանակցությունների սեղանի շուրջը: Բացի դրանից, այսօր Հարավային Կովկասը դեմ առ դեմ չի մնացել Ռուսաստանի հետ, այս հակամարտության բանակցություններում խորհրդակցություններ են անցկացնում նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը», իր ելույթում նշել է ֆրանսիացի համանախագահը:
Խոսելով մադրիդյան սկզբունքներից` Ֆասիեն հայտարարել է, որ կազանյան հանդիպումից հետո բանակցությունները փակուղում են, միեւնույն ժամանակ, վիլնյուսյան հայտարարությունից հետո, արդեն հունվարից, հնարավոր է, որ նախագահների մակարդակով բանակցությունները կենդանանան:
Մնում է հուսալ, որ ֆրանսիացի հաջորդ համանախագահ Ժակ Ֆորը իր գործունեությունը չի սկսի ադրբեջանական «սիրալիրության առհավատչյաներ» կուտակելով, այլ Մինսկի խմբի առաքելությանն ու նպատակին կծառայեցնի խորհրդային ժամանակներից Վարշավյան պայմանագրի երկրներին առնչվող հարցերում իր մասնագիտացված լինելն ու Հարավային Կովկասի լավ իմացությունը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: