Saturday, December 10, 2011

Պուտինի արցունքները

«Լրագիր» 9-12-2011- ՌԴ վարչապետ Պուտինը, խոսելով Պետդումայի ընտրությունից հետո Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի աննախադեպ ցույցերի մասին, դրանց համար մեղադրել էր Միացյալ Նահանգներին, կարծես թե ասելով, որ ԱՄՆ Պետքարտուղարը քննադատեց ՌԴ ընտրությունը եւ դրանով ազդանշան տվեց Ռուսաստանում ընդդիմության ոտքի ելնելու համար:
Քլինթոնն էլ ի պատասխան հայտարարել էր, որ Պետդումայի ընտրությանն իր տված գնահատականը անհիմն չէ եւ այդ ընտրությունը չի եղել ազատ: Քլինթոնն ասել է, որ իրենք պաշտպանում են ընտրություն կատարելու մարդու իրավունքը, այդ թվում եւ ռուսաստանցիների իրավունքը:
Մի կողմ թողնենք ԱՄՆ եւ Ռուսաստանի, Քլինթոնի եւ Պուտինի բանավեճը կամ վիճաբանությունը: ԱՄՆ եւ Ռուսաստանը թող իրենք պարզեն իրենց հարաբերությունը, որոշեն, թե արդյոք ԱՄՆ ինչ մասնակցություն ունի կամ ինչ ազդեցություն ունի Ռուսաստանում ընդդիմության փողոց դուրս գալու հարցում:
Հարցն այստեղ ունի այլ շերտ: ՌԴ-ն հավակնում է լինել գերտերություն, պատմական գերտերություն, ներկայիս գերտերություն, ապագայի գերտերություն: ՌԴ իշխանությունը առավոտից երեկո այդ հավակնություններով է կերակրում իր քաղաքացիներին՝ կամ երգիծանքի լեզվով, կամ լուրջ ելույթների, խաղալով նրանց կայսերապաշտական հոգեբանության վրա, դրա շնորհիվ նույնիսկ փորձելով ինչ որ տեղ մոռացնել տալ հացի եւ իրավունքի խնդիրը:
Ռուսաստանը փորձում է աշխարհում էլ հանդես գալ գերտերության դիրքերից, հայտարարել հարցերի լուծման գործում իր անբեկանելի մասնակցության մասին, դրա անխուսափելիության մասին:
Եվ ահա, այդ երկրի վարչապետը, ազգի առաջնորդի կերպարով հանդես եկող Պուտինը, որը ամբողջ աշխարհին բռունցք է ցույց տալիս, հայտարարում է, թե ԱՄՆ իր ընդդիմադիրներին հանում է փողոց եւ փաստորեն Ռուսաստանն ապակայունացնում:
Այլ բան է, երբ ասենք Պուտինը հայտարարի, որ ԱՄՆ վատ պետություն է եւ սպառնում է ՌԴ անվտանգությանը: Այլ բան է, երբ Պուտինը հայտարարի, որ ԱՄՆ Ռուսաստանի թշնամին է եւ պետք է ընդդեմ ԱՄՆ համախմբվել իր շուրջ:
Բայց բոլորովին այլ բան է, երբ իբր գերտերության ղեկավարը բողոքում է, որ ԱՄՆ իր երկրի ընդդիմությանը հանում է փողոց:
Երբ այդպիսի բողոքներ անի Հայաստանի իշխանությունը, կամ ասենք համանման այլ երկրի իշխանությունը, ապա դա եւս տարօրինակ, բայց ինչ որ տեղ հասկանալի կլինի. Դե փոքր երկիր է, թույլ տնտեսությամբ, թույլ ենթակառուցվածքներով, եւ այլն, եւ այլն, ու Ամերիկան իր կամքն է փորձում թելադրել:
Բայց, երբ այսպես ասած գերտերության առաջնորդն է այդ մասին հայտարարում, դա առնվազն ծիծաղելի է, եթե ոչ կարեկցության արժանի: Ուրեմն այդ ինչ գերտերություն է Ռուսաստանը, որի առաջնորդներն աշխարհին ինչով ասես սիրում են սպառնալ, որ ԱՄՆ այդ գերտերության մեջ կարողանում է բազմահազարանոց ցույցեր կազմակերպել:
Հետաքրքիր է, իսկ կարող է արդյոք գերտերություն Ռուսաստանը նույնն անել Վաշինգտոնում: Էական էլ չէ, կարող է, թե ոչ: Պարզապես հազիվ թե ԱՄՆ իշխանության որեւէ առաջին դեմք հայտարարի, թե ռուսները մեր ընդդիմությանը փողոց են հանել:
Այդ հայտարարությունը պարզապես կվկայի այդ երկրի իշխանության դատարկության մասին, այդ երկրի իշխանության անզորության, եւ ընդհանրապես այդ երկրի թուլության մասին: Դրա համար էլ, իրեն հարգող որեւէ երկիր, առավել եւս գերտերություն, երկրում տեղի ունեցող ցույցերի մեղքը չի բարդի ԱՄՆ կամ որեւէ այլ հզոր տերության վրա, եթե նույնիսկ այդ մեղքը կա, որովհետեւ դա ընդամենը կվկայի սեփական անզորության, տկարության մասին:
Բայց, քանի որ բուն խնդիրն ամենեւին էլ պետական արժանապատվությունը չէ, այլ իշխանությունն ու հետեւաբար ոսկեբեր գետակները վերահսկելը, ապա եթե հարկ լինի, առաջնորդները կհոխորտան եւ բռունցք թափ կտան աշխարհին, իսկ եթե հարկ լինի, ապա «կարտասվեն»:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: