Thursday, December 29, 2011

Հազվադեպ անձնուրացություն

«Լրագիր» 29-12-2011- Բեթղեհեմում՝ Քրիստոսի Ծննդյան եկեղեցում, հերթական անգամ տեղի է ունեցել հայ եւ հույն հոգեւորականների ծեծկռտուք, ինչպես լինում է ամեն տարի այս ժամանակ:
Այդ իրադարձությունը Հայաստանում ընդունվում է ոչ միարժեք: Ոմանք դրանում ազգային-ազատագրական ինչ որ բան են տեսնում, իսկ ոմանք էլ տեսնում են խայտառակություն՝ համարելով, որ դա հոգեւորականների պահվածք չէ:
Ես կարծում եմ, որ դրանում իհարկե ազգային-ազատագրական հպարտության ոչինչ չկա, բայց նաեւ պետք չէ անարգանքի սյունին գամել հայ հոգեւորականներին, ովքեր փորձում են այնտեղ պարզապես պաշտպանել իրենց շահը:
Ընդ որում, կարծես թե ոչ թե իրենց անձնական շահը, այլ հայկական շահը, որը տվյալ պարագայում արտահայտվում է Հայ Առաքելական եկեղեցու միջոցով:
Մենք կարող ենք տարբեր վերաբերմունք ունենալ այդ եկեղեցու “երեւելի” շատ հայրերի վարքուբարքի հանդեպ, ընդ որում զգալիորեն արդարացի քննադատական եւ բացասական վերաբերմունք, քանի որ այդ հայրերը ապրում են առավելապես անձնական շահով, անձնական հարմարավետության “կոդերով”:
Եվ այդ ֆոնին, էլ ավելի է արժեվորվում այն, ինչ անում են հայ հոգեւորականները Բեթղեհեմում, հետապնդելով իրապես եկեղեցական, մեծ հաշվով հայկական շահ եւ դա անելով անձնականը վտանգելով: Չէ որ այդ շահի պաշտպանության ընթացքում ինչ որ մեկը կարող է ոչ թե ասենք Բենտլի կամ որեւէ բիզնես քվոտա, այլ մի ուժեղ հարված ստանալ եւ վնասվել:
Բայց, տեղի հայ հոգեւորականները պայքարում են, ու եթե շահը պաշտպանելու համար պահանջվում է պայքարել ուժով, բռունցքներով, նրանք նաեւ դա են անում: Եվ հազիվ թե արժե դրա համար պախարակել նրանց կամ հեգնել ու ծաղրել:
Հայ Առաքելական եկեղեցում կան պախարակման, հեգնանքի եւ նույնիսկ ծաղրի արժանի բազմաթիվ այլ երեւույթներ եւ անձինք, իսկ Բեթղեհեմում ամեն տարի տեղի ունեցող պայքարը Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս գործունեության թերեւս հազվադեպ անձնուրաց դրվագներից է: Այն գուցե առանձնակի գովաբանության արժանի չէ, բայց արժանի է թերեւս հարգանքի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: