Sunday, December 25, 2011

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին ԵՄ ներկայացուցիչով փոխարինելու հարկ չի լինի

News.am. 24-12-2011- Հարկավոր է միավորել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, ոչ թե ժամանակ վատնել ԵԱՀԿ ՄԽ կառուցվածքի փոփոխության վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան` մեկնաբանելով Ֆրանսիայի ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու հեռանկարը:
Նա տեղեկացրել է, որ հակամարտության կարգավորման ներկա փուլում մտադրություն չկա ֆրանսիացի համանախագահին փոխարինել Եվրամիության ներկայացուցիչով: Նրա խոսքով` ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ընդունված հակամարտության կարգավորման միակ ձեւաչափին, այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա նաեւ նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը եւ փորձում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին աջակցելու ուղիներ գտնել:
«ԵՄ կողմից Մինսկի խմբին աջակցելու վառ վկայությունն էր Հարավային Կովկասում ԵՄ համանախագահ Ֆիլիպ Լեֆորտի վերջերս տեղի ունեցած նշանակումը: Նրա մանդատը ենթադրում է տարածաշրջանի հակամարտությունների կարգավորում եւ գործող մեխանիզմներին աջակցություն», - ասել է նա:
«Մենք պատրաստ ենք աջակցել պատերազմից տուժած տարածաշրջաններին ենթակառուցվածքները վերականգնելու գործում այն բանից հետո, երբ խաղաղության համաձայնագիր կստորագրվի», - ասել է Ռոլան Կոբիան, հաղորդում է 1news.az-ը:

No comments: