Sunday, January 15, 2012

Նամակ Էրդողանին` ռուսաստանցի գործիչներից

HayNews.am. 14-1-2012- Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման շուրջ թուրքական կողմի արձագանքների առնչությամբ Ռուսաստանում ապրող մի քանի գործիչներ նամակ են ուղղել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին: Նամակում Թուրքիայի դիրքորոշումը բնութագրվել է իբրև «անշնորհակալ և վտանգավոր առաքելություն, որը թուրք ժողովրդին որևէ հաջողություն չի բերի», իսկ Էրդողանին «ոչ որպես մուսուլմանական երկրի առաջնորդ, այլ որպես թուրքաֆոբ ու հակաիսլամիստ»: Նամակի տակ ստորագրել են ԽՍՀՄ ազգային արտիստ Արմեն Ջիգարխանյանը, վաստակավոր շինարար Վարդգես Արծրունին, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիա Սիմոնյանը, «Ռուսկի վեստնիկ» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Սենինը, գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու այլոք: Էրդողանին ուղղված նամակում նշվում է. «Երիտթուրքերը, փորձելով խաբել զանգվածներին, քողարկվել են պանթյուրքիզմի ու իսլամի կարգախոսների տակ, սակայն իրականում նրանք հիմում էին գիշատիչ, մակաբույծ կարգեր` քանդելով երկրի արտադրական ուժերը, վերացնելով աշխատունակ բնակչությանը, այդ թվում հայերին, հուներին, ասորիներին ու այլոց, որոնց նրանք դիտարկում էին որպես մրցակից: Մինչդեռ իսկական թուրքերը, լինեին պաշտոնատար անձինք, թե հասարակ մարդիկ, կփորձեին օգնել բռնության զոհերին: Եթե խոսենք բոլոր մուսուլմանների մասին, ապա հայերին եղբայրաբար ընդունեցին Սիրիայի, Լիբանանի, Իրանի ու իսլամական այլ երկրների ժողովուրդները… Ցանկանում ենք մեջբերել Սրբազան Ղուրանում նշված խոսքերը. «Օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ»: Նամակում նշվել է. «Դուք Ֆրանսիային մեղադրում եք ալժիրցի ժողովրդի ցեղասպանության մեջ, բայց Ֆրանսիայի կառավարությունն իր մեջ քաջություն է գտել ճանաչելու այդ երկրի անկախությունը…Դուք շարունակում եք ցեղասպանության մերժման գիծը, որը որդեգրել էր Մուստաֆա Քեմալը, ում գործունեությունը կործանարար հարված է տվել Թուրքիայում իսլամին: Կարծում ենք, Թուրքիայում իրական մարդասիրական իսլամը հաղթանակ կտանի Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Ինչպես ասում է հադիսեում «խիղճը հավատի մասն է»:

No comments: