«Լրագիր» 25-1-2012- Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 25-26-ին մեկնում է Մերձբալթիկա, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի եւ Լատվիայի իշխանության հետ: Արտգործնախարարի այդ այցը բավական հետաքրքրական է դառնում հունվարի 25-ին տեղի ունեցող մեկ այլ այցի՝ Թուրքիայի արտգործնախարարի Մոսկվա կատարելիք այցի ֆոնին:
Բանն այն է, որ Հայաստանի անկախությունից հետո, տարիների ընթացքում Մերձբալթյան երկրները, որոնք բավական արագ ինտեգրվեցին արեւմտյան կառույցներին, սկսեցին Հայաստանի համար հանդիսանալ Արեւմուտքի հետ հարաբերության յուրօրինակ միջնորդներ: Օրինակ, Հայաստանի համար այդպիսի ֆունկցիոնալ նշանակություն ունի նաեւ Լեհաստանը:
Այսինքն, այն դեպքերում, երբ տեխնիկական, կամ գուցե այլ պատճառներով հնարավոր չէ Հայաստանի անմիջական շփումն արեւմտյան ազդեցիկ գործընկերների հետ, դրան փոխարինում են շփումները Լեհաստանի կամ մերձբալթյան երկրների հետ:
Այդ տեսանկյունից, երբ Մոսկվայում հանդիպելու են Թուրքիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները երկկողմ կարեւոր տնտեսա-քաղաքական հարցեր քննարկելու համար, ուշագրավ է դառնում Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Լիտվա եւ Լատվիա: Ի դեպ, այդ այցը հետաքրքրական կարող է դիտվել նաեւ այդ երկրների Մոսկվայի հանդեպ մեղմ ասած ոչ ջերմ դիրքորոշում ունենալու տեսանկյունից: Եվ հետաքրքրական է, որ այդ խաչաձեւ այցերը տեղի են ունենում Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշումից անմիջապես հետո:
Ըստ երեւույթին, Հայաստանի համար պարզ է, որ Թուրքիան կփորձի գործընթացը սառեցնել Ռուսաստանի խողովակներով «սառը ջուր» լցնելով դրա վրա: Մինչդեռ Հայաստանը գուցե փորձում է «երկաթը տաք-տաք ծեծելու »տարբերակն առաջ մղել, քանի դեռ թարմ է Ֆրանսիայի կայացրած որոշման ազդեցություն եվրոպական տարածաշրրջանում:
Thursday, January 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment