Monday, January 30, 2012

Թուրք վերլուծաբաններ. Հնարավո՞ր է Ադրբեջանի քաղաքացիական հատվածին հայ-թուրքական կապերին ներգրվելը

News.am. 30-1-2012- Հայ-թուրքական երկկողմ բանակցությունները կարելի է դարձնել եռակողմ` Ադրբեջանի մասնակցությամբ: Նման համարձակ ենթադրություն է արվում «Կամուրջների հարթման երկու տասնամյակ. Հայ-թուրքական քաղաքացիական նախաձեռնությունների վերլուծություն» գրքում, որի հեղինակն են թուրք վերլուծաբաններ Բուրչու Գյուլթեքին-Փունշմանը (TEPAV կենտրոն) եւ Էզրա Չուհադարը (Բիլքենթի համալսարան): Սակայն, նրանց կարծիքով, դա պետք է արվի այնպես, որ Հայաստանը դա չընկալի իբրեւ իր դեմ ուղղված երկկողմ դաշինք` հումանիտար երկխոսության տակ քողարկված: Հակամարտության կարգավորման գործում ներգրավված թուրքական որոշ կազմակերպություններ Ադրբեջանին ներգրավելու ուղիներ են փնտրում. Եթե Բաքուն սահմանների բացման հիմնական խոչընդոտն է, այն պետք է դառնա լուծման մի մաս: Թուրքիայում պաշտոնական մակարդակով Ադրբեջանը համարում են հայ-թուրքական հարաբերությունների մի մաս: «Ադրբեջանական գործոնը հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խոչընդոտն է դարձել: Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերություններում շահագրգիռ կողմի է վերածվել, իսկ Թուրքիան` ղարաբաղյան հակամարտությունում: Այս իրավիճակը չի հակասում այն փաստին, որ այդ երկու գործընթացները տարբեր են», - նշվում է գրքում: «Եռակողմ բանակցությունները կարող են տեղաշարժել անվստահության խոր արմատները եւ փոխկապակցել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունները: Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքացիական համագործակցության օրինակը ադրբեջանական կողմում եւս կարող է համագործակցության ցանկություն առաջացնել: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները պատերազմական իրավիճակում են», - գրում են հեղինակները: Համեմատությունն է արվում, որ հայ-թուրքական ոչ պաշտոնական բանակցություններին ոչինչ չի խանգարում` փակ սահմանից բացի: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմական վեճն իրեն զգացնել է տալիս ղարաբաղյան խնդրում, նշում են փորձագետները, ուրադրություն դարձնելով, որ, հայկական սովորության համաձայն, թուրքերի եւ ադրբեջանցիների միջեւ տարբերություն չի դրվում. «Թուրք/ադրբեջանցիների եւ հայերի միջեւ վստահության եւ անվստահության ուսումնասիրման նախաձեռնությունը չի կարող տեղի չունենալ եռակողմ ձեւաչափով: Ադրբեջանում այն համոզմունքն է, որ սահմանի բացումն առանց խնդրի կայունացման վնաս կհասցնի: Հայաստանը կարող է դիմել ռազմական գործողությունների եւ սպառնալիք դառնալ: Այս երկու հարցերի հետ կապված մեկնաբանություններ չեն տրվում: Այդ արձագանքն առավելապես զգացմունքային բնույթի է, եւ կապված է ավելի շուտ խորհրդանիշի, քան քաղաքական ազդեցության հետ», – նշում են թուրքական փորձագետները: Մասնակի բացատրություն կարող է դառնալ այն, որ «Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականի ապրիլի 3-ին` Քելբաջարի վրա հայերի հարձակման ժամանակ»: Դա տպավորություն է ստեղծում, որ սահմանն առանց խնդրի չի կարող նորից բացվել: Այնուամենայնիվ, թուրքերը, հայերը եւ ադրբեջանցիները կարող են համատեղ աշխատել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, օրինակ` էկոլոգիական: Կովկասի շրջանակներում տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցության համար շատ չօգտագործված պոտենցիալ գոյություն ունի, ավելացնում են վերլուծաբանները:

No comments: