Thursday, January 26, 2012

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ. կլոր սեղան Մոսկվայում

Tert.am. 25-1-2012- Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթացքի մեջ է, և այն կանգնեցնել հնարավոր չէ: Այսօր այս կարծիք է հայտնել Սևծովյան- Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ Մոսկվայում հրավիրված կլոր սեղանի ընթացքում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը : «Սա միտում է, ի դեպ` քաղաքական: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այլ երկրների իշխանություններն էլ ճանաչեն ցեղասպանությունը: Իսկ դա անպայման տեղի կունենա»,- ասել է փորձագետը: Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը կարծիք է հայտնել, որ «մի քանի ամսից ճանաչման գործընթացը կկայունանա»: «Թուրքիայի համար շատ կարևոր են Ֆրանսիայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերությունները, այդ իսկ պատճառով այն քայլերը, որոնք քննարկում են թուրք գործիչները` ընդհուպ Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցում և թուրքական օդային տարածքով ֆրանսիական օդանավերի թռիչքի արգելքը, հաշվարկված է ներքին լսարանի համար»,- ասել է նա: Արեշևի խոսքով, եթե Թուրքիան պատրաստվում է արևմտյան կանոններով խաղալ, ուրեմն թուրք գործիչներն էլ պետք է առաջնորդվեն դրանցով: ИТАР-ТАСС-ի տեղեկացմամբ՝ փորձագետները նաև առաջարկել են Ցեղասպանության թանգարան հիմնել Մոսկվայում: Ինչպես նշել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, «հայերի ցեղասպանությունից բացի, այստեղ պետք է ներկայացվեն մարդկության դեմ կատարված բոլոր ոճրագործությունները»: «Միայն այդ դեպքում այս գաղափարը լիարժեք կդառնա»,- ասել է Դեմոյանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի վերին պալատը` Սենատը, հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: 2001 թվականին Ֆրանսիան համապատասխան օրենքով ընդունել է նաև Հայոց ցեղասպանության իրողությունը:

No comments: