Thursday, January 26, 2012

Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը. «Միլիեթ»

Tert.am. 25-1-2012- Թուրքական «Միլիեթ» պարբերականը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը, գրում է, որ այն հավասարապես և´ Ֆրանսիայի, և´ Հայաստանի հաղթանակն է: Ըստ թերթի` միջազգային հարթակում Թուրքիան չունի Հայաստանի կշիռը: «Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո մենք բավականին ժամանակ ունեինք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն որևէ կանխարգելիչ միջոց չկարողացանք ձեռնարկել: Հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները և Արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը, առաջ ընկնելով, հայտարարեցին որ նման բոյկոտները արդյունք չեն տալու և հանգստացրեցին Ֆրանսիային»,- նշում է պարբերականը: Ըստ թերթի`Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գիտակցված խոսքը, թե «Ֆրանսիան խայտառակություն է անում», և վարչապետ Ռեջեփ Էրդողանի սպառնալիքները թե «այլևս Ֆրանսիա չեմ գնա» բավարար չէին մյուս կողմին համոզելու համար: «Իր ազգային բնազդները կորցրած մեր ազգն իր պատիվը նսեմացնելու վերաբերմունքի դիմաց չխիզախեց փոքր-ինչ վնասի գնալ... Երբ, որ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, մի քիչ հոխորտացինք, հետո տեղի տվեցինք: Դրանով էլ չբավարարվեցինք. անցյալում մեզ մատերի վրա խաղացրած Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին Անկարա դեսպանների հավաքին հրավիրելով, նրան որպես պատվավոր հյուր դիմավորեցինք: Վերջին տարիներին, երբ օտար երկրները ցեղասպանության մասին որոշումներ ընդունեցին, մենք բավարարվեցինք փոքր մի քննադատական ուղերձ հղելով: Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց: Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը: Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միևնույն ժամանակ նաև Հայաստանի հաղթանակն է: Քանի որ Սարկոզիին նման ուղու վրա դնողը ոչ միայն Ֆրանսիայի հայ ընտրազանգվածն է, այլ միևնույն ժամանակ Հայաստանը: Մենք անգամ միաջազգային հարթակում 4 միլիոնանոց Հայաստանի կշիռը չունենք: Ցավալի է, բայց իրական»,- գրում է թերթը:

No comments: