Monday, January 30, 2012

Ֆրանսիան հավակնում է Արարատի՞ն

«Լրագիր» 30-1-2012- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 29-ին հայտարարեց, որ Թուրքիան չէ, որ որոշում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմը: Այդ մասին Նալբանդյանը հայտարարել է ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, ով նշել էր, որ թուրքական կողմը ձեռնմուխ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահության վերաբերյալ քնարկումների: «Եկել է այդ հարցը քննարկելու ժամանակը: Կամ Թուրքիան պետք է լինի համանախագահների կազմում, կամ համանախագահների կազմում չպետք է լինի Ֆրանսիան: Դա Թուրքիայի դիրքորոշումն է», հայտարարել էր Դավութօղլուն. «Եթե կան երկու ազգեր, որոնց հուզում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, դրանք թուրքերն ու ռուսներն են: Բայց ստացվում է, որ Թուրքիան չի մասնակցում կարգավորման պրոցեսին, իսկ Ֆրանսիան՝ մասնակցում է: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին այցելում է Հայաստան եւ մնում այնտեղ երկու օր, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը մի քանի ժամ: Նա բավական բացահայտ կերպով ցուցադրեց իր կողմնակալությունը: Նախ իրենց հավակնություններ են թույլ տալիս Ագրի-դաղ-ի /Արարատ/ հանդեպ թուրքական հողում, իսկ հետո համանախագահների հավասար իրավունքներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ են որոնում: Ես որպես մարդ, որ միջնորդական առաքելություն եմ իրականացրել, հայտարարում եմ, որ որ Ֆրանսիան չի կարող այդպիսի առաքելություն իրականացնել»: Թուրքիայի նախարարի հայտարարության մեջ կա հետաքրքիր տարր: Նա ակնարկել է, որ Ֆրանսիան հավակնություն է ներկայացրել Արարատ լեռան հանդեպ: Նման ձեւակերպումը նոնսենս է դիվանագիտության մեջ: Մինչ այժմ հայոց ցեղասպանության քննարկումը ֆորմալ առումով հանգում էր բարոյական փոխհատուցման եւ մարդասիրության: Բայց, ըստ ամենայնի, Թուրքիան հասկանում է, որ ճանաչման գործընթացը ինչ որ պահի կհանգեցնի մի կետի, որտեղ Հայաստանը փոխհատուցում կպահանջի: Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է, որ եթե Թուրքիան հետագայում էլ շարունակի ժխտողական քաղաքականությունը, Հայաստանը կարող է առավել կոշտ պահանջներ ներկայացնել: Ինչպես հայտնի է, Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի ներկայիս սահմանը, ինչը հանդիսանում է ցեղասպանության հետեւանքով կորսված պատմական հայկական հողերի հանդեպ անուղղակի պահանջ: Մինչ այժմ Հայաստանի իշխանությունը չի հայտարարել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մասին: Բայց ակնհայտ է, որ ճանաչման գործընթացը տանում է հենց դրան: Արդյոք Դավութօղլուն նկատի ուներ Ֆրանսիայի կոնկրետ հայտարարություններ, խոսելով Արարատի հանդեպ հավակնության մասին, հայտնի չէ, բայց հասկանալի է, որ Թուրքիան արդեն այժմ պատրաստվում է այն բանին, որ 2015 թվականին, ցեղասպանության 100-ամյա տարելիցին, նրան հարկ կլինի վճարել նախնիների հանցագործության համար, եւ վճարել հարկ կլինի հողով: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: