Հարցազրույց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրայի հետ
-Եվրամիությունը եւ ԵԱՀԿ-ն հայտարարել են Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների աջակցության նախագծի մեկնարկի մասին: Հայտարարվել է, որ նախագիծը ֆինանսավորելու է Եվրամիությունը, եւ իրականացվելու է ԵԱՀԿ միջոցով: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված ծրագրի շրջանակներում:
-Հայտարարված ծրագրի հիմնական նպատակը, որն իրականացվելու է մեր գրասենյակի կողմից, Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, Հայաստանին համակողմանի աջակցությունն է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը բարելավելու, գործընթացի թափանցիկությունն ուժեղացնելու հարցում: Աջակցությունը լինելու է թե այս տարվա մայիսին անցկացվելիք խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների համար, որ նախատեսված են 2013 թ. փետրվարին:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է օգնություն ԿԸՀ-ին, անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի, ծրագրերի բարելավման համար, թրեյնինգների ու սեմինարների անցկացում տեղական եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամների համար: Նման աջակցություն է ցուցաբերվելու նաեւ Ոստիկանությանը, առաջին հերթին Անձնագրային ու վիզաների վարչությանը, ընտրողների բարելավված ցուցակների ապահովման համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու ոստիկանության աշխատակիցների պատրաստմանը հասարակական կարգի պահպանության եւ բռնության փաստերով համապատասխան հետաքննության ապահովման նպատակով:
Օմբուդսմանի գրասենյակին աջակցությունը նախատեսում է ընտրական գործընթացի ժամանակ թեժ գծի կազմակերպումը, արագ արձագանքելու հնարավորությունները եւ 6 տարածաշրջաններում ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչությունների բացումը՝ հեռավոր շրջաններում ապրող քաղաքացիներին Օմբուդսմանին դիմելու հնարավորությունն ապահովելու համար: Այդպիսով, մեր գրասենյակը նպաստում է Հայաստանի ողջ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացմանը:
Մենք նաեւ աջակցելու ենք տեղական ոչ կառավարական կազմակերպություններին, ԶԼՄ-ներում ընտրական գործընթացների լուսաբանման մոնիտորինգ անցկացնելու հարցում, նաեւ աջակցություն է ցուցաբերվելու այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ընտրությունների անմիջական դիտարկմամբ: Ծրագիրը նաեւ նախատեսում է ընտրությունների եւ ընտրական գործընթացների հանդեպ Հայաստանի բնակչության հետաքրքրվածության եւ տեղեկացվածության բարձրացման լայնածավալ արշավ:
Այս բոլոր միջոցառումները մշակվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների Բյուրոյի, որ գտնվում է Վարշավայում, երաշխավորագրերի հիման վրա, որոնք պատրաստվել են Հայաստանում նախորդ ընտրությունների վերաբերյալ անցկացված մոնիտորինգից հետո:
-Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը միջազգային կազմակերպություններին առաջարկել է Հայաստան ուղարկել 2000 դիտորդներ (ընտրատեղամասերի թվով): Ընդունվե՞լ է արդյոք այդ առաջարկը, Դուք այն նպատակահարմա՞ր եք գտնում:
-Ինչպես արդեն նշել եմ հունվարի 19-ի իմ ասուլիսի ժամանակ, ընտրությունների դիտորդությամբ զբաղվում է Վարշավայում Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների մեր Բյուրոն, եւ ոչ թե մեր գրասենյակը: Սովորաբար, ընտրությունների նախաշեմին այդ Բյուրոյից ժամանում է ներկայացուցիչների ու փորձագետների խումբ, որպեսզի գնահատի իրավիճակը տեղում եւ որոշի անհրաժեշտ կարիքները: Նման խումբ արդեն ժամանել է Հայաստան, այս շաբաթ: Նրանք մշակելու են երաշխավորություններ, որոնցից մեկը ներառելու է դիտորդների անհրաժեշտ քանակի վերաբերյալ խորհուրդ: Ինչպես արդեն նշել եմ մամուլի ասուլիսի ժամանակ, ես ենթադրում եմ, որ դիտորդների քանակը լինելու է այնքան, որքան անցյալ ընտրությունների ժամանակ, չափվելու է հարյուրներով, ոչ թե հազարներով... Սակայն վերջնական որոշումը, ինչպես արդեն նշել եմ, ընդունելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
-Ինչպիսի՞ն է լինելու ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ներկայիս ընտրություններում:
-Ես արդեն մասնակի պատասխանել եմ այդ հարցին. թե ինչպիսին է լինելու դիտորդական առաքելությունը՝ որոշելու է Վարշավայում մեր Բյուրոն, ԺՀՄԻԳ ներկայացուցիչների ու փորձագետների խմբի կողմից պատրաստված երաշխավորագրերի հիման վրա, որը գտնվում է Հայաստանում ընտրությունների մոնիտորինգի ապահովման համար նախնական գնահատականի նպատակով:
-Հայկական ընդդիմությունը մեղադրում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին այն բանում, որ Հայաստանի 2008 թ. նախագահի ընտրություններին տրված դրական գնահատականը որոշակիորեն լեգիտիմացրել է դրանք եւ իշխանությանը հնարավորություն տվել հրաժարվել ընտրությունների արդյունքների վերանայումից: Դուք համաձա՞յն եք, որ միջազգային դիտորդները բացասական դեր են խաղացել:
-ԺՀՄԻԳ դերն այն չէ, որ լեգիտիմացնի կամ չլեգիտիմացնի ընտրությունները: ԺՀՄԻԳ դերն ընտրությունների դիտարկումն է եւ դրա արդյունքների ներկայացումը: Դա էլ արվել է ԺՀՄԻԳ-ի կողմից, 2008 թ. նախագահական ընտրություններից հետո: Վերջնական հաշվետվությունը, որ պատրաստվել է, առանձնացնում է Հայաստանի ընտրական գործընթացի ոչ միայն դրական կողմերը, այլեւ հստակ արտահայտում է թերությունները: Վերջնական հաշվետվության մեջ եզրակացություն կա այն մասին, որ թեեւ ընտրությունները նախընտրական ժամանակաշրջանում եւ քվեարկության օրը հիմնականում համապատասխանում էին միջազգային ստանդարտներին, պարտավորությունների հանդեպ լուրջ մարտահրավերներ առաջացան մասնավորապես ընտրությունների օրվանից հետո: Հաշվետվության մեջ ասվում է, որ դա ցույց է տալիս ոչ բավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների անցկացման ստանդարտների հանդեպ եւ արժեզրկել է ողջ ընտրական գործընթացը: Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ ձայների հաշվարկը բացահայտել է թափանցիկության ու հաշվետվողականության թերությունները, իսկ բողոքների ու բողոքարկումների գործընթացը բավականաչափ արդյունավետ չէր:
-Ինչպիսի՞ք են ԵԱՀԿ սպասելիքները Հայաստանի առաջիկա ընտրություններից: Կա՞ն արդյոք նախանշաններ, որպեսզի հավատ ընծայվի ազնիվ ընտրություններ անցկացնելու իշխանությունների մտադրությունների անկեղծությանը: Դուք համաձա՞յն եք, որ ընտրակեղծիքների գլխավոր աղբյուրը վարչական ռեսուրսն է:
-Մենք կցանկանայինք տեսնել ընտրություններ, որոնք կհամապատասխանեին միջազգային ստանդարտներին, եւ մենք գիտենք, որ դրան կարելի է հասնել: Ես կարծում եմ, որ Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները դա են սպասում: Մեզ ոգեշնչում են Հայաստանի շատ պետական չինովնիկների հայտարարություններն այն մասին, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենալավը:
Ինչ վերաբերում է «վարչական ռեսուրսի օգտագործմանը», կարելի է օգտագործել այդ երեւույթի զանազան սահմանումներ: Սակայն, ընդունված է այն օգտագործել նշելու համար այն առավելությունը, որն ունի այս կամ այն պաշտոնյան կամ կուսակցությունը մրցակիցների հանդեպ: Դիմելով պաշտոնական գործառույթների ու ու կապերի օգնությանը, նրանք հասնում են առավել «երեւալուն» եւ հնարավոր է ռեսուրսների առավել հեշտ տնօրինման, այդ թվում ֆինանսական, այլոց համեմատ, որոնք չունեն այդ հնարավորությունները: Ընդ որում, չնայած այդ իրավիճակն անցանկալի է եւ պետք է հասցվի հնարավոր նվազագույնին, դեռ չի նշանակում, որ այն անպայման հանգեցնում է խախտումների: Դա ավելի շուտ ընտրազանգվածի վրա ազդեցության միջոց է:
-Հայաստանի քաղաքական ուժերը պնդում են վերացնել ընտրությունների մեծամասնական համակարգը՝ գտնելով, որ իշխող կուսակցությունն օգտագործում է դա ֆորա ստանալու համար: Դուք նպատակահարմա՞ր եք համարում Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
-Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարական ընտրություններ կարելի է անցկացնել այդ համակարգերից յուրաքանչյուրի եւ նրանց յուրաքանչյուր համակցության առակայությամբ, պայմանով, որ անհրաժեշտ օրենսդրական բազա լինի, որը որոշում է յուրաքանչյուրի դերը, եւ պայմանով, որ գործընթացի բոլոր մասնակիցները բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները: Այդ երկու համակարգերն օգտագործվում են ԵԱՀԿ տարածքում, եւ ընտրական համակարգերը չպետք է պատասխանատվություն կրեն խախտումների համար: Ելնելով վերոնշյալից՝ ԵԱՀԿ-ն չի կարող որոշել կամ ինչ-որ մեկի կողմից լինել ընտրական համակարգի փոփոխության հարցում:
-Միջազգային կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ մինչ այժմ չեն հայտնաբերվել Հայաստանում 2008 թ մարտին, հետընտրական իրադարձությունների եւ 10 մարդկանց մահվան մեղավորները: Կարծիք կա նաեւ, որ առանց նախորդ ընտրությունների բոլոր հանգամանքները պարզելու Հայաստանում ազնիվ եւ արդար ընտրություններն անհնար են: Դուք համաձա՞յն եք դրա հետ:
-Իհարկե մենք կողջունեինք այն մարդկանց հայտնաբերելն ու պատժելը, ովքեր պատասխանատու են 10 մարդկանց ողբերգական մահվան համար: Դա կօգներ փոքրացնել բաժանարար գիծը, որը դեռ գոյություն ունի հայ հասարակությունում: Սակայն ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես են անցել նախորդ ընտրությունները՝ ներառյալ 2008 թ. նախագահականը, ԺՀՄԻԳ զեկույցը բազմաթիվ համապատասխան եզրակացություններ եւ խորհուրդներ է պարունակում: Եթե դրանք ներդրվեն, այդ խորհուրդները կարող են լավ հիմք ստեղծել ժողովրդավարական ընտրությունների համար: Միեւնույն ժամանակ, մենք չենք մոռանում 2008 թ մարտի 1-ի իրադարձությունների զոհերին եւ նրանց ընտանիքներին եւ շարունակում ենք հուսալ, որ նրանց գործերի հետաքննությունում ճեղքում կլինի:
-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների ընթացքը: Այդ գործընթացը ցուցանակների փոփոխությո՞ւն է, թե տեղի են ունենում խորքային գործընթացներ:
-Մենք հուսով ենք, որ բազմաթիվ ոլորտներում, որտեղ մենք համագործակցում ենք կառավարության հետ, լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում: Մենք օգնել ենք, որ ոստիկանական կրթական համակարգն արմատապես վերանայվի՝ համապատախան ոստիկանական ծառայությունների մատուցման առաջադեմ փորձառնության, ինչպես նաեւ համագործակցում ենք արդարադատության նախարարության եւ դատական մարմինների հետ քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխման եւ դատավորների անկախության ամրապնդման գործում: Մենք հավատում ենք իշխանությունների քաղաքական կամքին ռազմական կրթությունը բարելավելու եւ մարդու իրավունքների խախտման դեպքերը նվազեցնելու գործում: ԵԱՀԿ-ն շարունակելու է համագործակցել նախարարության եւ քաղաքացիական հասարակության հետ այդ հարցով, քանի որ դեռ շատ բան պետք է արվի: Տնտեսական բարեփոխումների ոլորտում կառավարությունը միջազգային հանրության աջակցությամբ, այդ թվում, ԵԱՀԿ-ի, պատրաստվում է կյանքի կոչել բազմաթիվ օրենքների եւ կարգավորումների արմատական բարեփոխումը, որոնք խոչընդտում են տնտեսական աճին:
Նաիրա Հայրումյան
Լրագիր
Sunday, February 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment