Thursday, February 2, 2012

Թուրքագետը հերքում է երեկ Անկարայում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի եղելությունը

«Թուրքիայում կա փոքրաթիվ մարդկանց մի խումբ, որը կարծում է, որ պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը»,- mardik.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով երեկ Անկարայում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցին: Թուրքագետի պարզաբանմամբ, այդ շարժումներն ուղղորդվում են իշխանության կողմից, ավելին՝ դրանք իշխանական պրոյեկտի դրսևորումներ են: Զրուցակցիս խոսքով՝ այսօր Թուրքիայում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որ հին մեթոդներով այլևս հնարավոր չէ քողարկել ճշմարտությունը, քանի որ մեծանում է ճշմարտությունն իմացողների թիվը: «Սա հետաքրքիր գործընթաց է, սակայն դրա չափերի մասին ես ունեմ մեղմ և ոչ լավատեսական դիրքորոշում, այսինքն՝ նման կողմնորոշում ունեցող մարդիկ Թուրքիայում շատ քիչ են»,- ասաց պրն Մելքոնյանը: Քանի որ երեկվա «բազմահազարանոց» ցույցի մեջ կային նաև Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են հայկական համայնքի ներկայացուցիչները չմասնակցել իշխանության կողմից ուղղորդվող այդ ցույցերին: Պրն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի հայկական համայնքն ինքնուրույն շատ քիչ հարցեր կարող է լուծել և շատ դեպքերում պարտադրված անում է որոշ քայլեր: Ինչ վերաբերում է Անկարայում տեղի ունեցած երեկվա ցույցին, Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Դա սուտ է ուղղակի, դրա աղբյուրը մի հեղինակի սարկազմով գրած հոդվածն է, որը չի հասկացվել և որոշ կայքեր էլ դա լուրջ տեղեկատվություն են համարել»,- համոզված եզրափակեց թուրքագետը:

No comments: