Tert.am. 2-2-2012- Բաքվում «Եվրատեսիլ 2012-ի» նախապատրաստություններն ուղեկցվում են մարդու իրավունքների խախտումներով, քանի որ մրցույցթի անցկացման վայրի` «Բյուրեղյա դահլիճի» կառուցման համար նախատեսված էր ապամոնտաժել մի շարք բնակելի շենքեր, ինչը և արվել է, հաղորդում է արաբական «Ալ-Արաբիան»:
«Ադրբեջանի հսկայական դրոշի ստվերում տեսարժան վայր-համերգասրահ է վեր խոյանում Կասպից ծովի ափին. նավթով հարուստ նախկին խորհրդային երկիրը պատրաստվում է մայիսի Եվրատեսիլ երգի մրցույթին: Սակայն մարդու իրավունքների շուրջ վեճերը փչացնում են փոփ իրադարձությանը Ադրբեջանի նախապատրաստությունները», - գրում է պարբերականը:
Այս հարցով մասնավորապես շահարկվում է թոշակառու Մինարա Իսքենդերովայի անունը: Նա իր դստեր ու որդու հետ բնակվում է ապամոնտաժման ենթակա, բայց դեռ կանգուն վերջին շենքում, որը Բաքվի Ազգային դրոշի հրապարակի շինարարական գոտուն կից տարածքում է գտնվում: Նրա շատ հարևաններ արդեն տեղափոխվել են:
«Այն, ինչ կատարվում է, ես ցավով եմ ընդունում. ինչ այս գործընթացն սկսվել է, իմ արյան ճնշումը բարձրացել է, և սկսել եմ հիվանդանալ», - պարբերականին ասել է Իսքենդերովան:
Նույն խնդրով մեկ այլ թոշակառու Նատալիա Ալիբեկովան մինչ օրս պայքարում է իրենց հարկադիր դուրս հանելու որոշման դեմ: «Իմ տան մասին եմ հիշելու ամեն անգամ, երբ Եվրատեսիլ տեղի ունենա», - ասել է նա:
Իրավապաշտպաններն արձանագրել են, որ մի քանի հարյուր ընտանիք է դուրս հանվել տեղանքից Բաքվի քաղաքային իշխանությունների ճնշումների հետևանքով,: Ճնշումներ գործադրվել են անգամ նշված շենքերի բնակիչների գազը կամ հոսանքը անջատելու միջոցով:
Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել է մեկնաբանել մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքները` հայտնելով միայն, թե տեղափոխման համար իրենց առաջարկած փոխհատուցումն արդար է:
Անդրադառնալով «Եվրատեսիլին» և Ադրբեջանի իմիջին «ալ-Արաբիան» տեղեկացնում է. «Պինդ բռունցքով նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած վարչակարգի աչքում «Եվրատեսիլ 2012-ը» երկիրի միջազգային ճանաչելիությունը բարձրացնելու հնարավորություն է, որը մինչ այժմ հայտնի էր հիմնականում որպես էներգիա արտահանող…»:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment