Thursday, February 2, 2012

Մնաց զինծառայողի ողջ մնալը

«Լրագիր» 2-2-2012- Հայաստանի կառավարությունը հերթական նախընտրական քայլն է նախաձեռնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 2-ի կառավարության նիստում հայտարարել է, որ սկսում են ծրագիր, որով պետությունը պատասխանատվություն է ստանձնելու բանակում ծառայող երիտասարդների աշխատանքային եւ կրթական գործունեության համար` զորացրումից հետո: Ըստ այդմ, եթե զինծառայողը ցանկություն ունի զորացրվելուց հետո շարունակել ուսումը, ապա նրան կտրվի ծառայության ընթացքում իր հետագա կրթական գործունեությանը պատրաստվելու հնարավորություն: «Դա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի մթնոլորտը, ընտանիքները հանգիստ կլինեն, որ պետությունը ապահովելու է շարունակականությունը կրթության առումով», հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության որոշումն իհարկե անլուրջ չէ, բայց թերեւս ավելի շատ կարելի է համարել նախընտրական, քան քաղաքական լուրջ որոշում: Իսկ ընտանիքների հանգստության առումով, առավել եւս հեռու է բանակի վերաբերյալ մթնոլորտ փոխող լուրջ քաղաքական որոշում լինելուց: Խնդիրն այն է, որ բանակում ներկայում կա այլ՝ իսկապես լուրջ քաղաքական որոշումների անհրաժեշտություն: Իհարկե, դրանք պետք է կայացվեն ոչ թե կառավարության, այլ Գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով: Այդ որոշումները պետք է առնչվեն բանակի բարձրագույն հրամկազմում որակական, հետեւաբար նաեւ կադրային լուրջ խնդիրներին, այդ տիրույթում անհրաժեշտ փոփոխություններ ենթադրեն: Լուրջ քաղաքական որոշումներ են պահանջվում Հայաստանի բանակում մտածողության եւ արժեքների հեղափոխություն իրականացնելու համար, որպեսզի բանակի միջանձնային հարաբերությունները՝ թե զինվոր-զինվոր, թե զինվոր-սպա, թե սպա-սպա, ընդ որում աստիճանական բոլոր մակարդակներում, ձերբազատվեն քրեակատարողական հիմնարկներում առկա հարաբերությունների բնույթից: Բանակում լուրջ քաղաքական որոշումներ են անհրաժեշտ կոռուպցիան հաղթահարելու, բիզնեսմեն գեներալակազմը բանակից հեռացնելու, բիզնեսի եւ զինվորականության վտանգավոր սերտաճումը հաղթահարելու, բանակը խոշոր սեփականատերերի հանգրվանից ռազմաքաղաքական ադեկվատ պատկերացումներով ամուր կառույցի վերածելու համար, որի գեներալակազմի կարկառուն ներկայացուցիչները աշխարհաքաղաքական զարգացումների եւ տարածաշրջանային միտումների ծիրում մեր պետությունն ու բանակը կդիտարկեն պետական, ոչ թե անձնական բիզնես շահի տեսանկյունից, եւ պետական ու անձնական բիզնես շահն էլ չեն նույնականացնի: Ահա թե ինչ որոշումներ են անհրաժեշտ հայկական զինուժին, որոնք իսկապես կլինեն լուրջ քաղաքական որոշումներ եւ կնպաստեն մթնոլորտի փոփոխությանը, բանակի արդիականացմանը եւ մարտունակության աստիճանի էական բարձրացմանը: Իսկ ընտանիքներն ավելի հանգիստ կլինեն այդ որոշումների արդյունքում, երբ բանակում կբարձրանա կարգապահության, վերահսկելիության, պատասխանատվության մթնոլորտը, ինչը կենթադրի ապահով ծառայություն զինվորի համար, ինչը կթուլացնի ծնողի ամենօրյա լարվածությունը, երբ բանակից ստացվող ամեն մի նոր ողբերգություն կարող է առնչվել քո երեխային: Հայաստանի զինուժին անհրաժեշտ են քաղաքական որոշումներ, որոնք առանցքային, անվերապահ եւ անքննարկելի արժեք կդարձնեն մարդկային կյանքը, եւ որոնց արդյունքում պետությունը առաջնային, անվերապահ եւ խստագույն պատասխանատվություն կստանձնի ոչ թե զինվորի հետբանակային ուսման կամ աշխատանքի, այլ խաղաղ պայմաններում նրա բանակային կյանքի անվտանգության ապահովման, նրա հոգեկան եւ ֆիզիկական առողջության պահպանման համար: Դա կլինի լուրջ քաղաքական որոշում: Իսկ առայժմ, առայժմ խոսքը ընդամենը նախընտրական ակցիայի մասին է, երբ իհարկե վատ չէ, որ պետությունն ինչ որ հետբանակային պատասխանատվություն է ստանձնում զինվորի ուսման կամ աշխատանքի համար, բայց դե դրան հասնելու համար զինծառայողը դեռ պետք է կարողանա ողջ եւ առողջ մնալ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: