«Լրագիր» 6-2-2012- Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք կողմ են համամասնական ընտրակարգին, սակայն դրան անցումը ներկայում իրատեսական չի համարում եւ կարծում է, որ չպետք է հիմնական ուշադրությունը դարձնել այդ հարցի վրա: Քոքոբելյանը նշել է, որ մեծամասնական համակարգի չեղյալ հայտարարումը կեղծիքները մի քիչ դժվարացնելուց բացի այլ բան չի տա:
Ազատ դեմոկրատների նախագահը նշել է, որ կա մի պարզ ճշմարտություն, որ ցանկացած լավ օրենսգիրք վատ կատարողի ձեռքին ոչինչ է: Օրինակը 1991 թ ընտրություններն են, երբ նույնիսկ ընտրական օրենսգրքի բացակայության պայմաններում արդար ընտրություններ անցկացվեցին, եւ մինչ այժմ ոչ ոք չի վիճարկել այն:
Խաչատուր Քոքոբեկյանը նշել է, որ ընդդիմությունը պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի եւ գոնե ընտրատեղամասերում տարբեր թեկնածուների չպաշտպանի, քանի որ ընդդիմության ռեսուրսները սահմանափակ են:
«Միամիտ չեմ, որ մտածեմ ընտրությունները չեն կեղծվելու», ասել է նա, եւ ավելացրել, որ հուսով է՝ ընդդիմության, շահագրգիռ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կեղծիքների հնարավորությունը:
Նա ասել է նաեւ, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր համագումարն անց է կացնելու մարտի 2-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Հարցը վերջնականապես կպարզվի առաջիկա օրերի ընթացքում:
Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը, Քոքոբելյանը նշել է, որ անհրաժեշտ է համարում բանակցությունները շահագրգիռ ուժերի, այդ թվում գաղափարական տարաձայնություններ ունեցողների հետ, որոնք ոչ արատավոր անցյալ ունեն: Գաղափարական տարաձայնությունները չեն խանգարի, որ համագործակցություն լինի դատական համակարգի, արդար ընտրությունների հարցում:
Ինչ վերաբերում է դաշինքին, Քոքոբելյանն ասել է, որ ցանկացած արհեստական բան կայուն չի կարող լինել, եթե գաղափարական համաձայնություն չկա:
Նա նշել է, որ հանդիպումներ եղել են իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, կուսակցությունների անդամների միջեւ: Ժառանգության հետ Ազատ դեմոկրատները գաղափարական շատ ընդհանրություններ ունի: «Կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները կտան երկու կուսակցությունների համագումարները», ասել է նա եւ ավելացրել, որ հասարակական պահանջ կա համագործակցելու եւ կարծում է, որ երկու ուժերը կկարողանան ճիշտ արձագանքել հասարակական պահանջին եւ համատեղ, դաշինքով հանդես գալ խորհրդարանական ընտրություններում:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment