Monday, February 6, 2012

Բրիտանիան ձգտում է «վերադարձնել» Իրանը

Ներկայում Իրանում բրիտանական քաղաքական ներկայությունը բավական սահմանափակ է: Իրանական հասարակությունում, մտավորական շրջանակներում բավական բացասական են վերաբերվում Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը: Բրիտանական դեսպանատունը եւ բրիտանական հիմնադրամերը որեւէ մարդասիրական կամ մշակութային ծրագիր չեն իրականացնում: Բացի այդ, Մեծ Բրիտանիան ակտիվորեն զբաղվում է իրանական մտավորականների, քաղաքական գործիչների եւ գործարարների ներգրավմամբ որոշակի քաղաքական եւ տնտեսական նախագծերում: Դրա մեջ են ներգրավված իրանական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ եւ թերթերի խմբագիրներ: Մեծ Բրիտանիան աշխատում է բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչների, այդ թվում, առավել հակաարեւմտականների հետ: Այդ գործունեությունում ընդգրկված են բրիտանական համալսարանները, հետազոտական ինստիտուտները եւ կենտրոնները: Հարկ է ընդգծել, որ հենց բրիտանական կրթական եւ հետազոտական հաստատություններն են մշակել Իրանի հետ հարաբերությունների վերականգնման եւ զարգացման հայեցակարգը: Բրիտանացի վերլուծաբանները ժամանակին հպարտանում էին, որ կարողացել են կառավարությանն Իրանի հետ հարաբերությունների վերականգնման առավել «էժան» եւ քիչ ռեսուրսներ պահանջող մեթոդ առաջարկել: Բրիտանացի վերլուծաբանների գնահատականի համաձայն, բրիտանա-իրանական հարաբերությունների զարգացումը բացառում է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների անցկացումը, ինչը, անկասկած, բարձր է գնահատվում իրանական քաղաքական ղեկավարության կողմից: Մեծ Բրիտանիան Իրանի հետ հարաբերությունների զարգացման գործում ակտիվորեն օգտագործում է Շվեյցարիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի իրանական սփյուռքին: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում իրանական սփյուռքի հիմնական կազմակերպությունները գործում են բրիտանական հետախուզության եւ բրիտանական դիվանագետների վերահսկողության ներքո: Բրիտանացիներն Իրանում այնպես են իրականացրել իրենց շահերի լոբբիգը, որ տվյալ լոբբիի շրջանակներում որոշ միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է իրանական սփյուռքի կողմից: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մեծ Բրիտանիան եւ Իրանը բանակցություններ են անցկացրել 2 ուղղություններով համագործակցության հարցում՝ ռազմա-կրթական ծրագրեր՝ անվտանգության ստորաբաժանումների պատրաստում, հետախուզական տեխնիկայի տրամադրում: Սակայն այս ամենն արդեն անցյալում է: Իրանը եւ Մեծ Բրիտանիան խզել են դիվանագիտական հարաբերությունները, եւ Լոնդոնում հասկացել են, որ այս անգամ դա երկարատեւ առճակատման կբերի, եւ հույս չկա, որ բրիտանական տնտեսությունը կամրապնդվի Իրանի հետ հարաբերությունների զարգացման հաշվին: Ըստ էության, Մեծ Բրիտանիան ոչ մի պատճառ չի ունեցել Իրանի հետ հարաբերություններում ճնշման մարտավարություն ծավալել, քանի որ դա չի հանգեցրել եւ չի կարող զիջումների հանգեցնել Թեհրանի կողմից ոչ քաղաքական, ոչ տնտեսական հարցերում: Բրիտանական քաղաքական գործիչները հետեւողականորեն ձգտում էին Լոնդոնը հիմնական միջնորդ դարձնել Իրանի եւ Արեւմտյան հանարության միջեւ: Դա, իհարկե, չի հաջողվել, եւ բրիտանացիները փորձում են այդ անհաջողությունները փոխհատուցել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ հուսալով այս կամ այն նախընտրություններին, որոնք Անկարան կարող է ծավալել Լոնդոնի հետ հարաբերություններում: Ներկայում Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է ոչ թե արտաքին քաղաքական հավակնությունների իրականացում, որովհետեւ պարզապես դրա համար ժամանակ չկա, այլ, ավելի շուտ, տնտեսական նախապատվություններ ստանալ: Երկիրը, որտեղ արդյունաբերությանը բաժին է ընկնում միայն ՀՆԱ 7%-ը, խիստ կարիք ունի դիրքեր ձեռք բերելու հաջողությամբ զարգացող պետությունների ֆինանսական շուկաներում կամ էլ խոշոր ներդրումներ իրականացնել նավթագազային արդյունաբերությունում, այսինքն, մի ճյուղում, որը կարող է ապահովել «համաշխարհային դիֆերենցիալ ռենտայի» ստացումը: Իրան կատարած հայտնի այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջեք Սթրոն իրանական կողմին առաջարկել է Մեծ Բրիտանաիայի կողմից իրանական բանակային ոլորտի բարեփոխումների համակարգումն իրականացնել: Ընդ որում, լիովին ակնհայտ է, որ բարեփոխումը նախատեսում է սահմանադրության փոփոխություններ իրականացնել: Այսինքն, դա կնշանակի Մեծ Բրիտանիայի սկզբունքային դեր Իրանում բարեփոխումներ անցկացնելու գործում: Դա կարող էր Մեծ Բրիտանիայի համար ապահովել առաջատար դեր Իրանի ներքին քաղաքականությունում, լավ դիրքեր բարեփոխումների հիմնական գործընթացներում: Ներկայում իրանական բանկային համակարգն ամենաշատն է հետ մնում բարեփոխման հարցում: Ադյունաբերության մասնավորեցման, սոցիալական բարեփոխումների եւ արժութային ու արտաքին տնտեսական գործունեությունում լայն եւ եռաստիճան ծրագրի կողքին բանկային համակարգին գրեթե չեն դիպել: Ողջ բանկային համակարգը համարվում է պետության սեփականություն եւ կառավարվում է պետության կողմից: Լոնդոնի տնտեսության եւ քաղաքականության դպրոցում ստեղծվել է բավականաչափ որակավորում ունեցող խումբ, որն ուսումնասիրում է Իրանի բանկային համակարգի դրությունը: Այդ ծրագիրը վճարվում է հասարակական կազմակերպության կողմից, որը գործում է Եվրոպայում իրանական սփյուռքի հարուստ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս նպատակի մասով Լոնդոնը պարտվել է Իրանում, ընդ որում, պարտվել է տնտեսությունում ամենաանբարենպաստ իրավիճակի պայմաններում: Կասկած չկա, որ բրիտանացիները փորձելու են ամեն կերպ Իրանին ներկայացնել նրա արտաքին քաղաքականության վնասաբերությունը եւ նախադրյալներ ստեղծել այդ երկիր «վերադառնալու» համար: Իսկ առայժմ, Մեծ Բրիտանիան հանդես է գալիս որպես ԱՄՆ կարեւորագույն գործընկեր Իրանի հզոր աշխարհաքաղաքական արգելափակման իրականացման հարցում: Իգոր Մուրադյան

No comments: