Monday, February 6, 2012

Նոր գլխավոր դատախազի հարցը

«Լրագիր» 6-2-2012- Հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, մտադիր է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել թիվ 6 ընտրատարածքում: Մամուլը գրում է նաեւ, որ նրան այդ գործում աջակցելու է ՀՀԿ-ն: Ռուբեն Հովսեփյանը Աջափնյակի ղեկավար դարձավ բավական հետաքրքրական պայմաններում, 2006 թվականին: Այն ժամանակ, համայնքի թաղապետի ընտրովի պաշտոնը խիստ գրավիչ էր նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդու՝ ներկայում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համար: Արման Սահակյանը նույնիսկ փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց, որպեսզի մասնակցի Աջափնյակի թաղապետի ընտրությանը, այն ժամանակ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ: Սակայն, Արման Սահակյանի ընթացքը կիսատ մնաց՝ նա քաղաքապետի տեղակալի պաշտոնից հրաժարական տվեց, իսկ ահա թաղապետի թեկնածու նույնիսկ չառաջադրվեց, քանի որ դրան դեմ էր Սերժ Սարգսյանը: Հենց այդ առիթով Սարգսյանը հայտարարեց, թե “կուսակցությունը ոհմակ չէ”: Արման Սահակյանին արգելեցին դառնալ թաղապետ, իսկ ներիշխանական համաձայնության արդյունքում Աջափնյակի թաղապետ դարձավ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը: Իսկ Արման Սահակյանին մխիթարեցին ՀՀԿ համամասնական ընտրացուցակով ստացված պատգամավորական մանդատով: Այժմ, երբ թաղապետի պաշտոնն արդեն ընտրովի չէ եւ կորցրել է նախկին հմայքը՝ լիազորությունների որոշակի կորստի հետ մեկտեղ, գլխավոր դատախազի եղբայրը ցանկանում է դառնալ ԱԺ պատգամավոր: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քաղաքականությամբ զբաղվելու մի քանի անհաջող անուղղակի փորձերին զուգահեռ, մշտապես հայտարարում էր, որ չի զբաղվել եւ չի զբաղվելու քաղաքականությամբ: Դրանով կզբաղվի նրա եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, ով անկասկած ԱԺ-ում կլինի Աղվան Հովսեփյանի ամենավստահելի ներկայացուցիչը: Գլխավոր դատախազն այժմ էլ խորհրդարանում ունի “ներկայացուցիչներ”, բայց, ըստ երեւույթին, դատախազը պատկերացնում է, որ ներկայում Հայաստանը մտնում է քաղաքական զարգացումների բավական վճռորոշ մի ժամանակաշրջան, որոնք ներիշխանական լուրջ վերադասավորումների հավանականությամբ են հղի, եւ այստեղ արդեն գերվստահելի մարդիկ են պետք խորհրդարանում, առավել եւս, որ նոր խորհրդարանում շատ հավանական է բարձրացվող առաջին հարցերից մեկը դառնա հենց նոր գլխավոր դատախազի հարցը: Իհարկե, մեկ եղբայրը հազիվ թե վճռորոշ ազդեցություն ունենա այդ հարցի վրա, եթե նույնիսկ հասցնի ասենք մի քանի հոգու տեղ քվեարկել, բայց այստեղ իհարկե Աղվան Հովսեփյանին թերեւս անհրաժեշտ է մարդ, ով արդյունավետ եւ վստահելի շփումների մեջ կլինի պատգամավորների հետ, եւ որին կվստահեն նաեւ նրա հետ շփվող պատգամավորները, երբ հանկարծ օրակարգում հայտնվի գլխավոր դատախազի հարցը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: