Thursday, February 2, 2012

Սեւ դարպասների նահանջը

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը -Զարուհի, վերջին տարիներին հասարակությունն ի՞նչ փոփոխությունների, տրանսֆորմացիաների է ենթարկվում: -Վերջին չորսուկես տարիների ընթացքում անընդհատ պայքարի մեջ գտնվող հայ հասարակությունը մեծ առաջընթաց է ապրել: Առավել սրվել է արդարության, խախտված իրավունքի վերականգնման պահանջարկը, և դա տեղի ունեցավ բովանդակությամբ խաղաղ, մարդակենտրոն ու մարդասիրական, այսինքն՝ իր բնույթով ֆեմինին շարժման, ֆեմինին գաղափարների բարձրաձայնման շնորհիվ: Դրանք իրենց ազդեցությունն են ունեցել բոլոր շերտերի վրա: Ի՞նչ էր կատարվում մինչ այդ: Մենք ապրեցինք անարգել բարգավաճող մասկուլինային միասեռականության 10-ամյակ: Դա պարտադրված պատերազմի ժառանգությունն էր, որը մեծ հարվածներ հասցրեց հանրային գիտակցությանը: Ցանկացած միասեռական կառույցում, լինի բանակ, թե բանտ, որտեղ գերիշխում են միայն նույն սեռի պատկերացումները ու միմյանց միջև մրցակցությունը, հակակշիռ պատկերացումների բացակայության պայմաններում ծավալվում է կատաղի ու վայրի՝ ուժային-քրեականացված պայքար՝ «...ով է այն տղամարդը...» քաղաքական ամենաբարձր ամբիոնից հնչած բոլորիս հայտնի ձևակերպման շրջանակներում: Այդ տասնամյակն ամենածանրն էր 20-ամյա Հայաստանի պատմության մեջ: Մենք ապրեցինք 3 հեղաշրջում, որոնցից երկուսը՝ սարսափելի արյունալի: Նախ ներպալատական հեղաշրջման միջոցով իշխանությունից հեռացվեց առաջին նախագահը, նա իր թիմով հակակշիռն էր իշխանության մեջ արդեն ամրացած և մյուս թևը կազմող ուժային ու քրեական պատկերացումների: Ի դեպ, արյունահեղությունից խուսափելու համար առաջին նախագահին օգնեց հենց ֆեմինին մեթոդը՝ կապը բնության, մարդկության, հավերժության հետ: Մյուս երկու դեպքերում, հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց, թեև նույն մասկուլին պատկերացումների, սակայն հանրային առավել մեծ վստահություն վայելող իշխանական էլիտայի ազդեցիկ հատվածը և մարտի 1-ին, երբ գնդակահարվեց իր սահմանադրական իրավունքի վերականգնման համար պայքարի ելած հանրությունը, գործադրվեց միայն մասկուլին միասեռական պատկերացումների զինանոցը: Մենք հիմա այդ ամենի ազդեցությունը տեսնում ենք մասկուլինային հիերախիկ համակարգ հանդիսացող բանակում: Ինչո՞ւ են բանակում այսքան շատ սպանությունները, որովհետև մասկուլինային միասեռականությունը չի հանդուրժում այլ պատկերացումների մարդկանց գոյությունը, սպանում, ոչնչացնում, հոշոտում է մարդկային ցանկացած դրսևորում՝ համարելով թուլություն: -Դուք նշեցիք, որ փոփոխություն վերջին չորսուկես տարիներին շատ կա, բայց բանակում կան նման դեպքեր, նշանակում է, որ չի՞ հաղթահարվել ուժով հաղթելու գիտակցությունը: -Դա այդ ծանր տասնամյակի տխուր ժառանգությունն է, որի դեմ մենք հիմա պայքարում ենք, բարձրաձայնում ամեն դեպքի մասին: Մենք տեսանք, որ բանակի 20-ամյակին նվիրված միջոցառումն էլ սրբազան տոն չէր, իրավիճակը երկփեղկվել էր, երբ օպերայի շենքի ներսում խնջույք, ուրախություն էր, իսկ դրսում՝ Ազատության հրապարակում մոմավառություն էր՝ «Լույսի ակցիա», ի հիշատակ սպանված զինվորների: Մեր հիշատակի ակցիայի մասին գիտեին ներսում ուրախացողները, դրա համար էլ թաքցրել էին բանակի տոնի նախօրյակին սպանված զինծառայողի մարմինը, որ 100 հոգանոց ակցիան չդառնար 1000 հոգանոց: Էական վախ կա արդեն դրսում՝ հրապարակում կանգնածներից: -Մենք հարցադրումները՝ ֆեմինին և մասկուլին հասարակության, չենք ձևակերպել, չենք բարձրաձայնել: -Մենք ձևակերպել ենք մասկուլին հասարակության ամբողջ սիստեմը որպես ավազակապետություն, որպես այդ պատկերացումների՝ ուժի, հարստության, դրամի աներկբա իշխանության համակարգ, որի համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հայրենիք, մայրություն, բնություն, մարդկություն, ազատություն: Նման համակարգին կարողանում է հակազդել միայն ֆեմինին պատկերացումը: Ընդհանրապես, աշխարհում ցանկացած պայքար ֆեմինին է, քանի որ ձևավորվում է հանուն արդարության և խախտված իրավունքի վերականգնման: -Կարելի՞ է ասել, որ մասկուլինային ուժի իշխանությունը նահանջում է: -Անպայման: Մենք տեսնում ենք, որ հանրույթներն ամբողջովին մտել են քաղաքականության մեջ, բոլոր ոլորտներում հակազդեցություն է. հիշեք հղիների ցույցը, ընդդեմ մասկուլինի հարձակման մայրության պաշտապանվածության իրավունքի, հիշեք «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը, ընդդեմ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացման, Թեղուտը, Թռչկանը, Բանակն իրականում, բոլոր իրավախատումները գրանցվում են, բոլոր իրավախախտումների դեմ կա ֆեմինին հակազդեցություն, և դա համաշխարհային կրտվածքով է. արաբական հեղափոխությունները, «Գրավիր Ուոլ սթրիթը», բոլորը ֆեմինին շարժումներ են, որովհետև կատարվում են խաղաղ, առանց զենքի և ուժի գործադրման, հանուն արդարության և խախտված իրավունքի վերականգնման համար: -Հաճախ հնչում է, որ քաղաքացիական շարժումները քաղաքական պետք է դառնան, որ կարողանան հակազդել կեղծված ընտրություններին: -Ես մեր պայքարի ողջ ընթացքը, անկախ նրանից՝ քաղաքական, թե քաղաքացիական, դիտարկում եմ նույն հարթության վրա, համարում եմ ֆեմինին, քանի որ գտնվում է ուժային մասկուլին պատկերացումների ՀԱԿ-ազդեցության դաշտում: Գալով ընտրություններին, պետք է ասեմ, որ իմ կարծիքով այս ընտրությունները ամենակարևորն են, քանի որ դրանք առաջինն են մեր քառամյա պայքարից և մարտի 1-ից հետո: Եվ ես վստահ եմ՝ փոխվելու է ամեն ինչ: Չեմ հասկանում այն ուժերին, որոնք իրենց համարելով ընդդիմադիր, ապատիկ տրամադրություններ են տարածում, որ ավելի լավ է չգնալ ընտրությունների, որովհետև միևնույն է, կեղծվելու են … Ոչ, ոչ մեկի համար ոչ մի բան պարզ չէ, անակնկալ ձևով են զարգանալու իրադարձությունները, փոխվելու է իշխանությունը: -Հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի՝ ընտրությունների վերաբերյալ արված դիտարկումներին: -Ես հավատում եմ մեզ ու մեր պայքարին: Հիմա հանրույթը ֆեմինին պատկերացումներ ունի, իրավահավասարություն, ձայնի իրավունք, բնապահպանություն, բոլորը վեր են հանվել՝ դրվել իշխանության սեղանին: Կարո՞ղ է բավարարել այս պահանջները, թող փորձի, այլապես առավել ուժեղ հակազդեցության կհանդիպի: -Սահմանադրական կարգի վերականգնում, մշակութային հեղափոխություն և այլն, ո՞ւր մնացին: -Չմնացին, ֆեմինին շարժումը հենց մշակութային հեղափոխությունն է, որը զգալի, արժեհամակարգային փոփոխություն կատարեց հանրային իրավագիտակցության մեջ, ինչն էլ կբերի սահմանադրական կարգի հաստատման: Վերջին շաբաթվա ընթացքում մի շատ նուրբ ու խորհրդանշական ակցիա տեղի ունեցավ: «Արտ-լաբորատորիա» կոչվող արտիստական խմբի արվեստագետները մասկուլին պատկերացումների խորհրդանիշ հանդիսացող խորհրդարանի սև և ոսկեգույն դարպասների մի հատված ներկեցին վարդագույն ՝ ազդարարելով այդ պատկերացումների ավարտը և ֆեմինին պայքարի հաղթական մուտքը Ազգային ժողով: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 1-2-2012.

No comments: