Thursday, February 2, 2012

«Պատերազմի հավանականությունը շոշափելի չէ. ԱՄՆ-ն ու Իրանը ուղղակի մուսկուլներն են ցուցադրում»

Panorama.am. 2-2-2012- «2012թ-ի Իրանը 1991թ-ի Իրաքը չէ. նախ` նրանց զինված ուժերը չես կարող համեմատել, երկրորդ` ազգաբնակչությունը ևս անհամեմատելի է` 17 միլիոնն ընդդեմ 70-ի: Բացի այս` ռեժիմներն են շատ տարբեր, որովհետև Իրաքի պարագայում առաջնահերթ նպատակն էր վերացնել Սադամ Հուսեյնին, իսկ Իրանի շուրջ ներկայումս ձևավորված իրավիճակում լրիվ այլ նպատակ է: Այնպես որ, շատ դժվար է համեմատելը»,- անդրադառնալով նրան, թե արդյոք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը կարող է կրկնել իրաքյան սցենարը թվարկեց Կովկասի իստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը նաև այն կարծիքին չէ, որ պատերազմը շոշափելի հեռանկար է, իսկ այն բոլոր գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր, ընդամենը «մուսկուլների խաղ է» որակում, որը միտված է բացառապես մեկը մյուսի վրա ճնշում գործադրելուն.«Ինձ շատ բարդ է, գրեթե անհնար է պատկերացնել իրական, ցամաքային պատերազմի հնարավորությունն Արևմուտքի ու Իրանի միջև... Անհնար է»,- շեշտեց նա: Իրանը, շարունակեց նա, հնարավոր չէ ռմբակոծել, քանի որ այդ տերությունն ահռելի տարածք է զբաղեցնում, հիմնականում լեռնային ռելիեֆով և այն օբյեկտները, որոնք հետաքրքրում են ԱՄՆ-ին, ցրված են այդ ողջ ահռելի տարածքով մեկ, որոնց մեծամասնությունն էլ ուղղակի հասու չեն անգամ ատոմային ռմբակոծության համար: Հետևաբար ռմբակոծություն, ըստ Ա.Իսկանդարյանի, կարելի է պատկերացնել ու չբացառել, սակայն դա անարդյունավետ կլինի Արևմուտքի համար: Դե իսկ ցամաքային պատերազմն էլ բացառված է մի շարք գործոնների պատճառով` աշխարհագրական, մարդկային, քաղաքական և այլն.«Այդ մասին ուղղակի անլուրջ է խոսելը»: Ինչ վերաբերում է «մուսկուլների խաղին», ապա այս կոնտեքստում բանախոսը նշեց, որ այն ավելի հաջողված է Արևմուտքի մոտ, սակայն ոչ թե այն պատճառով, որ Իրանն իր դերը վատ է տանում: Հակառակը` Իրանը երբեմն ավելի լավ է խաղում, քան ԱՄՆ-ն, բայց ի վերջո ԱՄՆ-ն սկզբունքորեն ավելի հզոր է, քան Իրանը ու ավելի գլոբալ գերտերություն է, իսկ Իրանը թեև ծանրակշիռ է, բայց ավելի շատ տարածաշրջանային տերություն է հանդիսանում:

No comments: