«Լրագիր» 23-3-2012- Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 23-ի ասուլիսում բացատրելով, թե ինչպես է ստացվել, որ առաջադրվել է նույն ընտրատարածքում, ուր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի դեմ առաջադրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ իր առաջադրման պատճառը եղել է այն, որ ընդդիմության ուժերի միջեւ չի եղել հաղորդակցություն եւ տեղեկատվություն, թե ով որտեղ է առաջադրվում: Հովհաննիսյանն ասել է, որ իր առաջադրման թղթերը ԿԸՀ ներկայացրած անձինք տեղյակ չեն եղել, որ դրանից րոպեներ առաջ նույն ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնի է, այդ երկուստեք առաջադրումների փաստը տեղի է տվել բուռն քննարկումների եւ փոխադարձ մեղադրանքների՝ Հայ ազգային կոնգրեսի եւ Ժառանգության միջեւ:
Ստեղծված իրավիճակն իսկապես տարօրինակ է:
Մի քանի շաբաթ առաջ, ընդդիմադիր ուժերը նույնիսկ համատեղ հանրահավաք էին անում ԱԺ ցանկապատի առաջ, իշխանությունից պահանջելով փոխել ընտրական օրենսգիրքը, բացառել մեծամասնական ընտրակարգը եւ խորհրդարանի ընտրությունն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Ձեւավորվել էր աննախադեպ մի համախումբ, երբ միեւնույն խնդիրը համատեղ հետապնդում էին Ժառանգությունը, Կոնգրեսը, Դաշնակցությունը, նույնիսկ մի քիչ էլ Բարգավաճ Հայաստանը:
Խորհրդարանի մեծամասնությունը մերժեց նախաձեռնությունը, հայտարարելով, թե չի պատրաստվում փոխել համամասնականի եւ մեծամասնականի ներկայիս հարաբերակցությունը՝ 90 համամասնական, 41 մեծամասնական: ՀՀԿ-ն հայտարարեց, որ թեեւ առաջիկայի համար ինքն էլ ճիշտ է համարում անցումը 100 տոկոս համամասնականի, բայց առայժմ համարում է, որ դրա ժամանակը չէ:
Ու դրանով ավարտվեց նաեւ ընդդիմադիր դաշտում գրեթե աննախադեպ համախմբման ժամանակը: Ընդդիմադիր ուժերը քաշվեցին իրենց «պատյանի» մեջ, սկսեցին քննարկել իրենց կուսակցական ցուցակները եւ հայտարարել նաեւ, թե քանի մեծամասնական թեկնածու են պատրաստվում առաջադրել:
Կոնգրեսից, Ժառանգությունից, ՀՅԴ-ից որեւէ մեկն արդյոք մինչեւ «տներով ցրվելը», 100 տոկոս համամասնական ընտրակարգի շուրջ համախմբված ուժերին առաջարկել է քննարկել մեծամասնական ընտրակարգով համատեղ որեւէ նախաձեռնության հարց: Արդյոք Ժառանգությունից, Կոնգրեսից եւ ՀՅԴ-ից որեւէ մեկն առաջարկել է մշակել մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ համատեղ ռազմավարություն՝ կամ համատեղ բոյկոտել, կամ պարզապես համատեղ թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատարածքներում: ՀՅԴ-ից, Ժառանգությունից, Կոնգրեսից որեւէ մեկն արդյոք հստակ, պատասխանատու, կոնկրետ ձեւակերպված առաջարկ արել է խորհրդարանի ընտրությանն ընդառաջ գոնե համակարգված աշխատել մեծամասնականի վերաբերյալ թեկուզ ինքնուրույն որոշումների պարագայում, մեկը մյուսից անտեղյակ չլինելու, միմյանց «ոտք տրորելու» անհարմարությունից խուսափելու համար:
Որեւէ ուժ արե՞լ է այդօրինակ որեւէ առաջարկ: Ու ի՞նչ պատասխան է ստացել մյուս երկու ուժերից:
Համենայն դեպս, որեւէ մեկը կարծես թե մինչ այժմ չի խոսել, թե ինքն այդպիսի առաջարկ է արել ու ստացել մերժում:
Իսկ ինչո՞ւ չի եղել այդպիսի հստակ առաջարկ, ընդ որում հրապարակային առաջարկ, որպեսզի այդ առաջարկը ստանար նաեւ հանրային պահանջարկի տեսք, քանի որ կասկած չկա, որ մեծամասնականի դեպքում էլ համատեղ ռազմավարությունը կամ առնվազն գոնե մարտավարությունը կվայելեր հանրության զգալի աջակցությունը:
Ի՞նչ էին մտածում ընդդիմադիր ուժերը, երբ անհաջողության մատնվեց 100 տոկոս համամասնականի համար պայքարը: Ինչի՞ մասին էին մտածում: Թե պարզապես հուսահատվել ու ոչինչ չէին մտածում: Բայց մի՞թե մեծամասնական առաջադրումները եղել են առանց մտածելու:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, March 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment