Saturday, March 24, 2012

Ով է Հայաստանում որոշումներ ընդունում

«Լրագիր» 23-3-2012- Հանրապետական կուսակցության ցուցակը, որի մեջ, չնայած հավաստիացումներին, մտել են գրեթե բոլոր օլիգարխները, քրեականները, ֆունկցիոներներն ու գեներալները, հասարակության մոտ հարց է առաջ բերել, թե Հայաստանում ով է վերահսկում իրավիճակը: Գլխավոր հարցն այն է, թե ով է որոշումներ ընդունում: Առանց այս հարցի պատասխանի հնարավոր չէ ռազմավարություն եւ մարտավարություն մշակել: Հիմնական տարբերակները երկուսն են՝ կամ Սերժ Սարգսյանը լիովին վերահսկում է իրավիճակը, սակայն բարեփոխումներ չի ցանկանում, կամ էլ երկրում իրավիճակը չի վերահսկվում, եւ որոշումներն ընդունվում են բոլոր կողմերից այսրոպեական ճնշումների արդյունքում: Եթե Սերժ Սարգսյանը իրոք որոշում կայացնող է եւ դրանով հանդերձ, ի հեճուկս նախընտրական ցուցակում օլիգարխներ չընդգրկելու իր խոստումների, արել է դա, իսկ դա նշանակում է, որ նրան պետք չէ բարեփոխված խորհրդարան, արդիականացման մասին բոլոր խոսակցությունները մաքուր ձեւականություն են, եւ նա երկրում օլիգարխիայի գլխավոր պաշտպանն է համարվում: Երկրորդ տարբերակը՝ Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը: Քանի որ յուրաքանչյուր պատգամավոր կարող է մտնել նախագահի մոտ, սպառնալով ինչով կարող է, ասենք Ռոբերտ Քոչարյանի կողմ անցնելով, նաեւ հնարավոր է՝ Մոսկվայից զանգով եւ հասնել ցուցակում ընդգրկվելուն, նշանակում է, որ երկրում ֆիկտիվ բռնապետություն է: Իսկ դա ավելի վատ է, քան իրական բռնապետությունը: Եթե չեն գործում սահմանադրական մեխանիզմները, իշխանությունը երկրում անցնում է մեկ մարդու: Բավականաչափ ուժի առկայության դեպքում նա որոշում ընդունող է դառնում կամ այլ կերպ ասած, սեփական թելադրանքն է հաստատում: Երբ բռնապետություն հաստատելու ուժ չկա, կամ ինչ-որ պահի բոլորը հասկանում են դա եւ սկսում են իրենք թելադրել, ինչպես տեղի է ունենում այժմ Հայաստանում, կամ էլ նախագահը դիմում է Սահմանադրությանը: Այս կամ այն դեպքում, ցանկանում էր արդյոք Սերժ Սարգսյանը նման ցուցակ, կամ էլ նրան թելադրել են, նախկին կազմով խորհդարանը դառնալու է նրա նախագահական կառավարման վերջը: Եթե Սարգսյանը որոշել է այսուհետ էլ հենվել քրեական օլիգարխիայի վրա, եւ եթե հիմնական կուսակցությունների միջեւ իրոք տեղի է ունեցել տեղերի բաժանում, ապա մյուս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանն ընտրվելու ոչ մի երաշխիք չի ունենալու: Հասարակությունը կարող է նրան վերջնականապես դուրս մղել, այն նույն հասարակությունը, որին նա փորձում էր ներգրավել օլիգարխիայի դեմ պայքարում: Իսկ եթե Սերժ Սարգսյանն իրոք չի կարողացել դիմակայել եւ իր կամքին հակառակ է կազմել ցուցակը, ապա կրկին ոչ մի երաշխիք չկա, որ իրենց անունները ստիպողաբար ցուցակ մտցրած օլիգարխները հնազանդորեն կատարելու են Սերժ Սարգսյանի կամքը: Ավելի շուտ նրանք կսկսեն փնտրել նրանց, ովքեր որոշումներ են ընդունում: Գալիք նախագահական ընտրություններին իրական ձայների ստանալու միակ հնարավորությունը Սերժ Սարգսյանի համար օլիգարխների ցուցակ չընդգրկելու խոստումն իրականացնելն էր: Հնարավորությունը դեռեւս կորսված չէ այն առումով, որ ցուցակում ընդգրկված ոչ բոլորը կարող են հայտնվել խորհրդարանում: Էդուարդ Մադաթյանը դրա օրինակն է: Այն հարցի պատասխանը, թե ով է Հայաստանում որոշումներ ընդունում, կարեւոր է նաեւ ընդդիմության համար, որը պետք է դրան համապատասխան իր ռազմավարությունը կառուցի: Նաիրա Հայրումյան

No comments: