Tuesday, April 10, 2012

Աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիայում 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել. Radikal

News.am. 10-4-2012- Թուրքական Radikal թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին՝ ներկայացնելով նաեւ Լիբանանից վերադարձած իր ընկերոջ ուսումնասիրությունները լիբանանահայերի շրջանում։ Թուրք լրագրողը նշում է, որ ընկերը պատմել է, թե այցելել է Բեյրութի հայկական թաղամաս եւ համոզվել, որ հազար տարի էլ անցնի Հայկական հարցը չի վերջանա։ «Ընկերս նշում է, որ այնտեղի հայերի համար 1915-ը կարծես երեկ եղած լինի եւ այդ հոգեբանությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ Իսկ Թուրքիան միայն ժխտում է՝ հույս ունենալով, որ մի օր այդ հարցը կփակվի։ Սակայն Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում որեւէ քաղաքականություն չունի, բացի Ցեղասպանությունը օրակարգ բերողներին սպառնալուց։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո շատ բան է փոխվել, սակայն նրանք հարյուրամյա հարցի վերաբերյալ բացի ժխտողականության կրկնությունից այլ բան չեն զարգացրել։ Այս պահի դրությամբ 20-ից ավել երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այդ երկրների թիվն օր օրի ավելանում է։ Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները ոչ թե չեն հավատում Ցեղասպանությանը, այլ չեն ճանաչում, քանի որ այն հակասում է իրենց շահերին։ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն այս տարի էլ է բերվել ԱՄՆ Սենատ։ Սակայն օրակարգում Սիրան եւ Իրանն է եւ համոզված ենք, որ այն այս տարի էլ չի անցնի։ Լավ, իսկ 10, 20 տարի հետո՞։ Թուրքիան խորքային վախերի պատճառով այս հարցին լուծմանը չի կարողանում նայել։ Այս հարցի նկատմամբ անտարբերությունն իր հերթին շատ լուրջ ռիսկեր է բերում։ Այն հաղթաթուղթ է ցանկացածի ձեռքում, ով կցանկանա Թուրքիային հեռացնել ինչ որ պլատֆորմից։ Դե արդեն լավ գիտեք, թե Թուրքիան այդ դեպքում ինչպես է արձագանքելու, ինչպիսի բառեր է օգտագործելու։ Եթե ուզում եք Թուրքիային Եվրոպայից հեռացնել, այդ հաղթաթուղթը ցույց տվեք եւ Թուրքիայի ցուցաբերած ռեակցիայով ցույց կտաս, որ այն եվրոպական երկիր չէ։ Երբ Սարկոզին Հայկական նախագիծը օրակարգ էր բերում, իհարկե, նա դրանով նպատակ ուներ հայերի ձայները ստանալ, սակայն գլխավոր նպատակն այն էր՝ ապացուցել, որ Թուրքիան չի կարող Մերձավոր Արեւելքում մոդել եւ Եվրամիության անդամ լինել։ Ցեղասպանությունը իրավական տերմին է։ Այդ տերմինը ստեղծող, միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին Կոնվենցիայի հեղինակ Ռաֆաել Լեմկինը նշել է, թե այդ եզրույթը սահմանելիս հաշվի է առել Հայոց ցեղասպանությունն ու հրեանների Հոլոքոստը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստեղծվել է 1915-ին տեղի ունեցածների հիման վրա։ Աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ 1915-ին Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել։ Ներկայումս քննարկվում է, թե դրա համար ժամանակակից Թուրքիան ինչքան եւ ում դեմ է պատասխանատվություն կրում։ Ուզում եմ նշել, նաեւ, որ հողային փոխհատուցման հարցվում իրավական որեւէ քննարկում չկա։ Հայկական հարցի միջոցով Թուրքիայից հողային փոխհատուցում պահանջելու միջազգային որեւէ իրավական մեխանիզմ էլ չկա»,-գրել է Ջենգիզ Աքթարը։

No comments: