Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ թեմակալ առաջնորդների Մայր Աթոռի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում Նորին Սրբության նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայոց պետական ավագանու` կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ£ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ինը և ավելի տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կանգնեց այն մեծ փորձության առջև, որ կոչվում է ցեղասպանություն: Հայ ժողովուրդը այդ օրերին զոհվեց, բայց դարձավ նահատակ: Այո´, մարտիրոսություն էր, այլ ոչ թե պարզ մի մահ…: 20-րդ դարը, որ գալիս էր մարդկային կյանքի մեջ առաջընթաց բերելու, սկսվեց մեծագույն ոճրագործությամբ ոչ միայն հայ ազգի նկատմամբ, այլև համայն մարդկության և քաղաքակրթության: Մեկ ու կես միլիոն և ավելի կյանք, երազանք, հավատք ու հույս կտրվեցին ու կործանվեցին հաշված ժամանակի ընթացքում: Ապրիլի 24-ն այն օրն էր, երբ հայը կորցրեց իր մտավորականությունը Պոլսում, այն ժամանակ էր, երբ ծրագրում էին գլխատել հային իր մշակույթով և իր գլխով, որպեսզի տիրանան նաև մարմնին, սակայն` ո´չ: …Հայ ժողովուրդը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ բարձրացավ Գողգոթա, հանվեց խաչը, պայքարեց և Նրա հետ երրորդ օրը հարություն առավ: 20-րդ դարի սկիզբ` 1915 թ.` Գողգոթա հայոց, սակայն ոչ մահ ազգի, տառապանք ու սուգ, սակայն ոչ վերջը ժողովրդի», - նշեց Նաթան եպիսկոպոսը: Սրբազան Հայրը նաև ընդգծեց, որ հայ ժողովրդի վրեժխնդրությունը ոչ թե արյամբ ու մահով պետք է լինի, այլ կյանքով ու ստեղծագործությամբ, Հայրենիքի պայծառությամբ և աշխարհասփյուռ հայ ժողովրդի բարօրությամբ: «…Այսօր մենք վրեժխնդիր ենք մեր Հայրենիքով, մեր ժողովրդով, մեր մշակույթով և արդարության համար մեր պայքարի շարունակականությամբ: Այսօր հայ ժողովուրդը ոչ թե գոյատևում է, այլ ապրում է իբրև ժողովուրդ, իբրև մշակույթ ստեղծող, իբրև մարդկային ազգի կարևոր մի մաս», - ասաց Սրբազանը` պատգամելով վրեժխնդիր լինել Հայրենիքը շենացնելով, Հայաստանը հարատև պահելով, այն սիրելով ու փայփայելով, որովհետև նա է հայ ժողովրդի հավիտենության գրավականը: Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ ի հիշատակ 1915թ. Հայոց Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ, վերստին աղոթք բարձրացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի համար: Ս. Պատարագին և հոգեհանգստին մասնակցում էին նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Tuesday, April 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment