«Լրագիր» 9-4-2012- Նավթամթերքների իրացման իրանական ազգային ընկերության ղեկավար Ջալիլ Սալարին հայտարարել է, որ Իրանը նավթամթերքներ կարտահանի Հայաստան, քանի որ Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու չէ ներմուծումը Վրաստանից: Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ առաքումը նախ տեղի կունենա ավտոճանապարհներով, իսկ հետո արդեն կկառուցվի խողովակաշար:
Այդ մասին խոսակցությունը նոր չէ, կողմերը նույնիսկ համաձայանգրեր են ստորագրել, բայց կարծես թե ընթացքը բավական դանդաղ է: Ընդհանրապես, հայ-իրանական տնտեսական գործակցությունը, դրա մասին երկուստեք հայտարարությունների համեմատ, կարծես թե զգալի դանդաղ է առաջ գնում:
Ընդունված է համարել, որ այստեղ գլխավոր խնդիրը Արեւմուտքի դժգոհություն է, որը հասկանալի բարդ հարաբերության մեջ է Իրանի հետ, պատժամիջոցներ է կիրառում եւ նաեւ բավական աչալուրջ է հայ-իրանական տնտեսական գործակցության ծավալի եւ բովանդակության հանդեպ:
Ինչ խոսք, այդ հանգամանքը կա, եւ Արեւմուտքը չի էլ թաքցնում դա: Բայց, արդյոք այստեղ գործ ունենք միայն այդ խնդրի կամ այդ արգելքի հետ, որը դանդաղեցնում է հայ-իրանական գործակցության ընթացքը: Իսկ չկա՞ արդյոք այլ արգելակ:
Բանն այն է, որ հայ-իրանական աշխույժ գործակցությունն այդքան էլ չի բխում Ռուսաստանի Դաշնության շահից: Նույնիսկ այն պարագայում, երբ այդ գործակցության արգասիքը դառնում է Ռուսաստանի սեփականություն՝ ինչպես օրինակ Իրան-Հայաստան գազամուղը, հայ-իրանական գործակցությունը շարունակում է հակասել Մոսկվայի շահին: Բանն այն է, որ Ռուսաստանի համար ձեռնտու չէ Հայաստանի տնտեսության զարգացման որեւէ ուղղության առաջխաղացում,այսպես ասած տնտեսական զարգացման ստատուս-քվոյի խախտում:
Դա ի վերջո մեծացնում է Հայաստանի ինքնիշխանության պոտենցիալը, իսկ դա Ռուսաստանի համար անցանկալի մեծություն է, քանի որ Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է թուլանալ՝ վաղ, թե ուշ:
Պատահական չէ օրինակ, որ չնայած Հայաստան-Իրան գազամուղի կառուցմանը, այդ խոշոր ռազմավարական նախագիծն այդպես էլ չի դառնում Հայաստանում թե տնտեսության ընդհանրապես, թե մասնավրապես էներգետիկայի բնագավառի առանցքային շարժիչներից կամ գործոններից մեկը:
Պատահական չէ օրինակ, որ Մոսկվան չհետաքրքրվեց Իրան-Հայաստան երկաթուղով, ու նաեւ հետաքրքրված չէ Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ ավտոճանապարհով: Իրանի հետ ցանկացած ռազմավարական նշանակության նախագիծ հեռանկարային իմաստով ենթադրում է Մոսկվայից Հայաստանի կախվածության չեզոքացման եւս մի նախադրյալ:
Բանն այն է, որ այդ դեպքում Մոսկվայի համար բավական դժվար է նաեւ մտնել Հայաստանի տնտեսական շրջափակման թուրք-ադրբեջանական տանդեմի դաշտ եւ այնտեղ արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանի հաշվին, դառնալով այդ շրջափակման ստվերային հովանավորներից մեկը, այն դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի հետ “բորսայական” խաղի հարթակի մի մաս:
Այդ հարթակի վրա կարող է գտնվել նաեւ հայ-իրանական հարաբերության դինամիկ զարգացման հարցում Ադրբեջանի խանդի պարագան, որը կարող է օրինակ դրսեւորվել Մոսկվայի հետ գործարքով, երբ Կրեմլը փորձում է Հայաստանի վրա իր ազդեցությունը գործադրել իրանական ուղղությամբ զարգացումը հնարավորինս արգելակելու համար, դրա դիմաց ինչ-ինչ հարցեր պայմանավորվելով Ադրբեջանի հետ: Ի վերջո, պարզ է, որ հայ-իրանական դինամիկ գործակցության դեպքում Իրանը էապես կավելացնի իր տարածաշրջանային ներկայացվածությունը, ինչը բնականաբար չի բխում թե Ադրբեջանի, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի շահից:
Այդ պայմաններում, անշուշտ, միամտություն կլինի հայ-իրանական հարաբերության խստահայաց ռեվիզոր դիտարկել միայն Արեւմուտքին: Ավելին, Արեւմուտքի պարագայում, հայ-իրանական հարաբերությունը թերեւս լավագույն դեպքում տակտիկական, ոչ թե ստրատեգիական մտահոգություն է առաջացնում, ի տարբերություն հարավկովկասյան Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան “եռապետության” ստրատեգիական մտահոգությունների:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, April 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment