Wednesday, April 4, 2012

Ազատագրումը բերում է պայքարը

Մեր զրուցակիցն է բլոգեր Արմեն Հովհաննիսյանը, ով Մաշտոցի պուրակի անօրինական բուտիկների ապամոնտաժման առաջին խմբի անդամներից է -Արմեն, այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Մաշտոցի պուրակում, ապամոնտաժման խմբի անդամներից Մանվել Սարգսյանի խոսքերով` զուտ մեկ բուտիկի խնդիր չէ, եթե մեկ բուտիկ իշխանությունը տվեց, նշանակում է` ամեն ինչ է տալիս, քանի որ մեզանում սեփականությունը վերևինն է: Հնարավո՞ր է լուրջ համակարգային փոփոխություն ակնկալել բուտիկների ապամոնտաժման դեպքում: -Իհարկե այդպես է: Մենք պետք է հասկանանք, որ Երևանում բացի զուտ բնապահպանական խնդիրներից (ինչը մեր երիտասարդներին հուզում է և հրաշալի է, որ այդպես է), կան քաղաքաշինական խնդիրներ, մանրամասն նայելու դեպքում տեսնում ենք, որ Երևանի մարմինն ամբողջովին խոցերով և վերքերով է ծածկվում, և ամեն օր այդ խոցերը և վերքերն ավելանում են, սկսել են թարախակալել, և միայն բնապահպանական կամ քաղաքաշինական մոտեցումն արդեն չի աշխատում: Այսինքն` ես այդ ամենը կիսում եմ, բայց փորձում եմ այլ փաստարկմամբ դիտարկել և ոչնչի չեմ հասնում, և ամեն մարդ սկսում է մտածել` ի վերջո, որն է խնդիրը: Իսկ խնդիրը մեկն է՝ հանրային տարածքը հանրությանն է, հանրության մի մասը ես եմ, և ես իմ իրավունքներին տեր եմ կանգնելու: Շատերը հեգնական տերմին են մտցրել` պուրակապաշտություն, հիմա դա նույնն է, ինչպես մեր նախնիները Սարիղամիշում կամ Սարդարապատում հավաքել են մեր ուժերը, որ կարևոր ճակատամարտ տան, կողքից մարդիկ գան, ասեն, բայց չէ՞ որ խնդիրներ կան նաև Երևան ամրոցի մոտ, Կարսում, եկեք մի տասը հոգի ուղարկենք մի կողմ, մի տասը` մյուս կողմ: Նշանակում է` կամ այդ մարդը ոչինչ չի հասկանում պատերազմից, կամ այդ մարդը գործակալ է, եթե այդպիսի առաջարկներ է անում: Ցանկացած կռվում կա ճակատամարտերի հետևողական շարք, և քանի որ հանրությունը որպես թիրախ իր իրավունքների համար առաջին ճակատամարտի վայր ընտրել է Մաշտոցի պուրակը, ուրեմն ես եթե զինվորագրվում եմ այդ քաղաքացիական շարժմանը, պետք է գամ ճակատամարտի վայր և պարզապես ազնիվ կատարեմ իմ պարտականությունը: Իսկ ինչու այս մի քանի բուտիկը չեն ուզում ապամոնտաժել. մի պարզ պատճառ կա՝ սա նախադեպից խուսափում է նշանակում, քանի որ սա նախադեպ կլինի լուրջ փոփոխությունների համար: Եթե մենք նայենք` ինչքան բան է մեզնից ապօրինի օտարվել, ես ամենևին սեփականության վերաձևման կոչ չեմ անում, ես ասում եմ` եկեք նայեք` ինչն է հանրությունից օտարվել ապօրինի, ապա մենք կհասնենք այնքան հեռու, որ անգամ գուցե այս պահին չենք տեսնում, բայց ով օտարել է, տեսնում է: Եվ սա գուցե ինչ-որ դասակարգային բնազդ է` պահել այն, ինչին ապօրինի տիրել ես, և մի փոքր զիջումը նշանակում է հիմնասյան խարխլում: Կան հիմքային քարեր, եթե դու սյան տակից հանում ես այդ հիմքային քարը, սկզբից սյունը կփլվի, հետո շինությունը: Այդ ապօրինության, կեղծիքի, ստրկացման, խաբեության, քաղաքացուն տրորելու շենքի սյան ամենակարևոր քարերից մեկն է դարձել այսօր Մաշտոցի պուրակը: -Սերժ Սարգսյանը մյուս կողմից, սակայն, ասում է՝ հավատանք, որ փոխենք, որ այս երկիրը երկիր է, սրանք զուտ խոսքե՞ր են՝ հաշվի առնելով հենց նրանց կողմից պուրակի բուտիկների պաշտպանությունը: -Առաջին հերթին նրանց համար կարևորն էլ հենց այն է, որ ստեղծվել է փոփոխությունների տպավորություն, այն էլ ժամանակավոր տպավորություն, քանի որ ընտրություններից երեք ամիս հետո դրանք կարող են մոռացվել, որ հանկարծ փոփոխություն չանեն: Եվ երկրորդ՝ կա մի բացարձակ սկզբունք, որը վերաբերում է և Սերժ Սարգսյանին, և ինձ. եթե ես քաղաքական գործընթացում կոչ եմ անում ոչ թե ինձ վստահել կամ կիսել իմ գաղափարները կամ ուսումնասիրել, այլ` հավատալ, այսինքն` սկսում եմ կրոնական կատեգորիաներով խոսել, այս դեպքում իսկապես բանը բուրդ է և ելք չկա: Իրենք հասկանում են, որ իրենց վստահելու որևէ հիմք չկա, հղումներ անեն իրենց ներկայի կամ անցյալի կատարածների վրա, չնայած փորձ արվում է, մարդիկ հո հիմար չեն, շուրջը նայում են և “հաղթանակներն” էլ են տեսնում, “հաջողություններն” էլ տեսնում, նշանակում է՝ պետք է արդեն կրոնական կատեգորիաներով խոսել: Այսինքն`սա ինչ-որ կրոնապետական մոտեցում է. «Դու ինձ պետք է հավատաս»… Բայց, պարոն, ինչի՞ հիման վրա ես քեզ հավատամ, մենք ընդհանուր ոչինչ չունենք, միայն վստահության մասին կարող էր խոսք լինել, իսկ հո գաղտնիք չէ, որ չենք վստահում: -Հնարավո՞ր է արդյոք այս ընտրությունները ազատագրման օրը մոտեցնեն: -Ես ընտրությունների հետ հույսեր չեմ կապում այն առումով, որ այն կբերի ազատագրում, բայց եթե ընդդիմությունը իսկապես այդքան արի և հետևողական գտնվի և իսկապես ճակատամարտ տա, ոչ թե գործարքների մեջ մտնի կամ պայքարի իմիտացիա ստեղծի, այլ իսկապես պայքարի, այո, անգամ այդ ընտրությունները կարող են մեր ազատագրման օրը մոտեցնել, ես պարզապես որպես հասարակ քաղաքացի՝ բոլոր ընդդիմադիրներին կոչ եմ անում այս ընտրություններում լինել հետևողական, գործարքների մեջ չմտնել և գոնե մինչև վերջ պայքարել: Ինքս այդ ընտրական գործընթացներում չկամ, ունեմ նախասիրություններ, կան մարդիկ, որոնց ես համակրում եմ և կցանկանայի, որ այդ մարդիկ ընտրվեն: Բայց էլի եմ ասում, որ ցավոք, չեմ կարող հավատալ, որ այդ ընտրությունները, անգամ ամենահաջող եզրահանգման դեպքում, կբերեն ազատագրում, սակայն կարող են նպաստել: Ազատագրումը բերում է պայքարը, քաղաքացու արժանապատվությունը: Ես չեմ հավատում բարի և չար արքաների, ես հավատում եմ սահմանադրական կարգին, ազգային և անհատական արժեքներին: Սիրանույշ Պապյան «Լրագի» 4-4-2012.

No comments: