Wednesday, April 4, 2012

Թուրքիայում մեկնարկել է 1980թ. ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական նիստը

1in.am. 4-4-2012- Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում մեկնարկել է 1980 թվականի արյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական հնչեղ գործընթացը: Տվյալ գործով անցնում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին (17-րդ) պետ, Թուրքիայի նախկին (7-րդ) նախագահ, բանակի պաշտոնաթող գեներալ, 94-ամյա Քենան Էվրենն ու ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, 88-ամյա Թահսին Շահինքայան (հեղաշրջման ժամանակ ցամաքային զորքերի հրամանատար Նուրեթթին Էրսինը, ռազմածովային ուժերի հրամանատար Նեջաթ Թյումերը և ժանդարմերիայի հրամանատար Սեդաթ Ջելասունն արդեն իսկ կնքել են իրենց մահկանացուն.- 1in.am): Մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկել նրանց, սակայն Քենան Էվրենն ավելի վաղ հայտարարել է, որ կնախընտրի ինքնասպան լինել, քան այդ տարիքում բանտ նստել՝ ընդգծելով, որ չի զղջում և հարկ եղած դեպքում ևս մեկ անգամ կգնար այդ քայլին՝ անարխիայից փրկելու համար իր երկիրը։ Ավելի վաղ թուրքական Sabah թերթը գրել էր, որ Էվրենն ու Շահինքայան միայն մեկ անգամ են ներկայանալու դատարան, և եթե նրանց մեղքն ապացուցվի, ապա նրանց գեներալական կոչումները կարող են իջեցվել մինչև շարքայինի։ Բացի այդ, նրանք կարող են զրկվել իրենց ծառայության ընթացքում ստացած պետական պարգևներից։ Ուշագրավ է, որ 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական նիստը համընկել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի մահվան տարելիցի հետ։ Հիշեցնենք, որ մինչև 2010 թվականի սեպտեմբերի 12-ին (ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց) Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը, 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչներն օգտվում էին անձեռնմխելիությունից՝ համաձայն Սահմանադրությունում մտցված 15-րդ ժամանակավոր հոդվածի։ Սակայն հանրաքվեի արդյունքում այդ հոդվածը վերացվեց, որով և հնարավոր դարձավ 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը։ Ի դեպ, սա Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը կանգնում է դատարանի առջև:

No comments: