«Լրագիր» 7-4-2012- Ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հրապարակեցին «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» և «Մարդու իրավունքները բանակում» զեկույցները:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացնելով զեկույցը՝ նշեց, որ վերլուծելով ՀՀ պաշտպանության բնագավառին վերաբերող օրենսդրությունը, մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ փաստերը` եզրակացրել են, որ ՀՀ-ում բացակայում են զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական և հասարակական վերահսկողության մեխանիզմների իրականացման համար անհրաժեշտ իրավական նորմերը, ՀՀ պաշտպանական գերատեսչության գործունեության վերաբերյալ տեղեկությունները ամբողջովին գաղտնի են, ինչն ամրագրված է օրենսդրորեն, ՀՀ պաշտպանական բյուջեն ևս ամբողջովին գաղտնի է, գաղտնի են նաև ոչ ռազմական նշանակության ծախսերը, իսկ զինված ուժերի վերաբերյալ օրենսդրական բազան, հատկապես գերատեսչական նորմատիվ փաստաթղթերը, մատչելի չեն քաղաքացիներին:
«Զինված ուժերի համակարգում ոչինչ չի փոխվում, ցավոք սրտի: Այնքանով, որքանով գնում է ահազանգում, լուսաբանում, այնքանով իմիտացիա է արվում, իբր բան ենք փոխում, բայց իրապես համակարգային փոփոխություն չկա, օրենսդրական փոփոխություն չկա, նույնիսկ կադրային փոփոխությունները, որոնք իբր ուղղված են ինչ-որ բան փոխելուն, նույնպես տրամաբանություն չունեն: Փոփոխելու ցանկություն չկա, որովհետև ներկա վիճակը ձեռնտու է իրենց, որովհետև դա կոռուպցիայի մեծ աղբյուր է»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2011 թ. բանակում գրանցված մահացությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է: «Բայց գրանցված դեպքերը չեն նվազել, պարզապես այդ դեպքերի արդյունքում ավելի քիչ մահեր են գրանցվել: Եթե 2010 թ. եղել է 44 մահ՝ 25 միջադեպի արդյունքում, 2011 թ. եղել է 39 մահ՝ 26 դեպքի արդյունքում»,- նշում է Արթուր Սաքունցը: Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2005-2011 թթ. զինված ուժերում գրանցվել է մահացության 325 դեպք, որից միայն 38-ն են եղել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:
Պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, որպես խնդրի լուծման մի տարբերակ, տեսնում է պայմանագրային ծառայությունը, որը կարող է դառնալ նախադրյալ հետագայում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար: «Մի բան է ունենալ զինվոր 18-20 տարեկան և մի միջավայր, որտեղ դեռ կա միմյանց հրմշտելու, ինքնահաստատվելու և միմյանց նկատմամբ առավելություններ ձեռքբերելու միտումներ, մեկ այլ բան է ունենալ 27-30-35 տարեկան արդեն կայացած տղամարդկանց, ովքեր գիտեն ինչի համար են այդտեղ գտնվում, նրանք աշխատում են և վարձատրվում»,- կարծում է Հարությունյանը:
Արթուր Սաքունցը պայմանագրային ծառայության անցնելը փրկություն չի համարում. «Այն ձևով, որ հիմա դա արվում է, չի կարող իրավիճակը փոխել: Պայմանագրային զինծառայողները նույնիսկ չունեն պայմանագրի օրինակն իրենց ձեռքին, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց նա:
«Մեր պատրաստած զեկույցը առանց սեթևեթանքների է և ներկայացնում է բանակում մարդու իրավունքների իրական պատկերը: Զեկույցը խստորեն քննադատում է բանակում արատավոր երևույթները` նպատակ ունենալով պաշտպանության նախարարության ուշադրությունը սևեռել այդ խնդիրների վրա», ասաց Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարարության հայտարարություններին, թե նախորդ տարվա մահվան դեպքերի թիվը էապես նվազել է, Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս տարի մի քանի ամիսների ընթացքում գրանցվել է շուրջ մեկ տասնյակ մահվան դեպքեր, ինչը նշանակում է, որ իրավիճակը բանակում մնացել է անփոփոխ:
«Բանակի ամենալուրջ խնդիրը մարդկային կորուստների խնդիրն է,- ասում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը,- Պաշտպանության նախարարությունը փորձում է այդ խնդրի լուծման ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել, իրենք ասում են, որ աշխատում են, բայց ինչո՞ւ մենք այդ աշխատանքի արդյունքը չենք տեսնում: Պաշտպանության նախարարն ընդունում է ծնողներին, լսում է, դա գուցե մարդկային տեսանկյունից ինչ-որ ուշադրություն է ծնողի նկատմամբ, սակայն ոչ մի արդյունք քննության ընթացքի հետ կապված չկա»:
Ժաննա Ալեքսանյանի խոսքերով, բանակում որդի կորցրած մայրերը մնում են միայնակ իրենց վշտի հետ, որին գումարվում են նոր խնդիրներ՝ ոչ արդար քննություն, որը ձգձգվում է տարիներով, փոխհատուցման բացակայություն, անտարբերություն կամ վատ, կոպիտ վերաբերմունք:
«Մենք միտում ենք տեսնում քննությունը ձգձգելու մեջ, դա արվում է, որպեսզի ծնողները հոգնեն դռնեդուռ դիմելուց, հիասթափվեն և չշարունակեն պայքարը: Նաև բազմաթիվ դեպքեր ինքնասպանություն են որակվում: Մենք կարծում ենք, որ դա արվում է պաշտպանության նախարարության վարկը և հեղինակությունը պաշտպանելու համար»,- ասում է նա:
Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ բանակում կատարվող հանցագործությունների բացահայտումը կարող է կանխարգելիչ դեր ունենալ և վերացնել անպատժելիության մթնոլորտը: Նա հուսով է, որ ՊՆ-ն կհամագործակցի հասարակական կազմակերպությունների հետ, որոնք փորձում են առողջացնել բանակը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացության 325 դեպքը սահմռկեցուցիչ թիվ է համարում և կարծում է, որ պետությունը պետք է «ցկյանս փոխհատուցի ծնողներին», քանի որ պատասխանատվություն և պարտականություն է կրում այդ կյանքերի համար:Զեկույցների հեղինակները նկատում են, որ միայն խնդիրներ բարձրացնելը բավական չէ փոփոխությունների հասնելու համար:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment