Wednesday, April 4, 2012

Վրաստանում մզկիթի կառուցումը կդիտվի որպես մեծ զիջում թուրքական կողմին. փորձագետ

Վրաստանում մզկիթներ կառուցելու շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ: - Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում Վրաստանում ակտիվ քննարկման առարկա դարձած Բաթումիում թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման հարցը: -Վրաստանում թուրքական մզկիթների կառուցման և վերակառուցման խնդիրը շատ նուրբ և զգայուն հարց է վրացական հասարակության համար, քանի որ լավ հայտնի է, թե հիմնականում երբ և ինչ պայմաններում են տվյալ կառույցները ստեղծվել այդ երկրի տարածքում: Վրաց ժողովուրդը դեռ չի մոռացել, որ ընդամենը մեկուկես դար առաջ Բաթումիում կառուցված Ազիզիե մզկիթը մարմնավորում է Օսմանյան կայսրության կողմից Վրաստանի տարածքների գրավումը: Եվ մզկիթները, որ կառուցվել են հենց տվյալ ժամանակահատվածում, ցավալի հիշողություններ են արթնացնում այդ ժողովրդի մոտ: Բացի այդ, հարցը չի ներառում միայն նոր մզկիթի կառուցումը, այլ նախատեսում է նաև Խարջամի, Ախալցխայի և Քոբուլեթիի մզկիթների վերականգնումը: Բանն այն է, որ Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են այդ հարցի կապակցությամբ: - Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը: -Այս տարվա հունվար ամսին Անկարայում Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուայի և նրա թուրք գործընկերոջ` Էրթուղրուլ Գյունայի միջև կայացած հանդիպման ժամանակ վրացական կողմը տվել էր իր համաձայնությունը՝ Վրաստանի տարածքում նոր մզկիթի կառուցման նպատակով համապատասխան տարածքի հատկացման առնչությամբ: Այդ կապակցությամբ թուրք պաշտոնյան հայտարարել էր. «Վրացական կողմը պատրաստ է տարածք տրամադրել, որտեղ մենք կկառուցենք նոր մզկիթ: Բացի այդ, Ախալցխայում կվերակառուցվի Ահմեդիա համալիրը: Վրացական կողմն այդ աշխատանքներում ներգրավելու է թուրք մասնագետների»: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ վրաց հասարակությունը, և որ ամենակարևորն է, Վրաց ուղղափառ եկեղեցին վերոնշյալ պայմանավորվածության մասին անտեղյակ են պահվել: Նշանակում է` Վրաստանի իշխանություններն այս գործընթացն իրականացրել են գաղտնի: Այնինչ վերջիններս այսաստիճան կարևորության հարցերը պետք է հասարակական քննարկման առարկա դարձնեին նախքան թուրքական կողմի հետ համաձայնության գալը: - Փաստորեն վրաց-թուրքական վերոնշյալ պայմանավորվածության մասին անտեղյակ է եղել նաև Վրաց ուղղափառ եկեղեցին: -Այո, և սա ևս մեծ զայրույթ էր առաջացրել հասարակության շրջանում: Վրացական իշխանությունները, կարծես ցանկացել են շրջանցել եկեղեցուն: Նրանք, օգտվելով այն հանգամանքից, որ Իլիա Երկրորդը բացակայում էր երկրից, միանձնյա որոշում են կայացրել նշված հարցում: Եվ միայն վերջինիս վերադարձից հետո պատրիարքարանը հայտարարել էր, որ Վրաստանի և Թուրքիայի կառավարություններն արդեն երկու տարի է, ինչ բանակցում են տվյալ խնդրի շուրջ, ինչը հանդիսանում է Սահմանադրության (եկեղեցու և պետության հարաբերություններին առնչվող մասի) կոպիտ խախտում, քանի որ Վրաց պատրիարքը չի մասնակցում այդ բանակցություններին: - Իսկ ինչով է պայմանավորված թուրքական կողմին մզկիթ կառուցելու համար տարածք տրամադրելու որոշումը: -Դեռևս 2010 թ.-ի դեկտեմբերին երկու կողմերի միջև արձանագրություն էր կազմվել, որի համաձայն` Թուրքիայի տարածքում պետք է վերանորոգվեին վրացական մշակութային կոթողները, և համապատասխանաբար` վերականգնվեին Վրաստանում գտնվող թուրքական մզկիթները: Սակայն հետագայում Թուրքիան ևս մեկ պայման առաջադրեց, որով վրացական կողմը պարտավորվեց նոր մզկիթ կառուցել Վրաստանի տարածքում: - Արդեն ստորագրվե՞լ է որևէ պայմանագիր: -Դեռևս վրաց-թուրքական այդ պայմանավորվածությունը փաստաթղթային հաստատում չի ստացել, սակայն կարծում եմ, որ թուրքական կողմի ճնշումների ուժեղացման արդյունքում Վրաստանի իշխանությունները բոլոր դեպքերում կստորագրեն վերոնշյալ պայմանավորվածությունը հաստատող փաստաթուղթ: - Իսկ կոնկրետ ինչի՞ն է դեմ վրաց հասարակությունը ` Ազիզիե մզկիթի կառուցմանը, թե ընդհանրապես նման կառույցների ստեղծմանը: -Դեմ է ինչպես Ազիզիեին, այնպես էլ որևէ նոր մզկիթի կառուցմանը, քանի որ, դա իրականում Թուրքական պետության պարտադրանքն է, այլ ոչ թե Վրաստանի մուսուլմանների ցանկությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ տվյալ մզկիթի կառուցմանը դեմ է արտահայտվում նաև Աջարիայի մուսուլմանների զգալի հատվածը: Ինչ վերաբերվում է Բաթումիի բնակիչներին, ապա նրանք խստորեն քննադատել են Վրաստանի իշխանություններին և նույնիսկ խոստացել են մզկիթի կառուցման դեպքում «բուլդոզերով» քանդել այն: Քննադատատական հայտարարություններով են հանդես եկել նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները: - Իսկ ի՞նչ եք կարծում, բոլոր դեպքերում կկառուցվի՞ Բաթումիում Ազիզիե մզկիթը, թե` ոչ: -Դժվար է միանշանակ պատասխանել այո, կամ ոչ, սակայն նշեմ, որ եթե, այնուամենայնիվ, այդ մզկիթը կառուցվի, ապա դա կդիտվի որպես մեծ զիջում թուրքական կողմին: Վրաստանի գծով փորձագետ Ալիկ Էրոյանց Աղբյուր` Panorama.am. 3-4-2012.

No comments: