Wednesday, April 25, 2012

«Արդար լուծումովը ոչ մեկ ննջեցյալ հետ չպիտի գա». բացառիկ հարցազրույց՝ Ռաքել Դինքի հետ

Tert.am. 24-4-2012- Անհավանական ջանքերի գնով Ստամբուլում հանդիպեցի Հրանտ Դինքի այրուն`
Ռաքելին, ով համաձայնեց պատասխանել Tert.am-ի հարցերին: Հանդիպեցի մի եզերքում, որը, ամբողջ Թուրքիայի մեջ իր առավելագույն հայանպաստությամբ, նույնիսկ հայկականությամբ հանդերձ, ինչպես ինքն ասաց, «սիրածդ էակը սպանած, առջևդ դրած է»` նկատի ունենալով իր ու բոլորիս անդառնալի կորուստը: Սակայն ինքը, ինչպես և պատկերացնում ենք, նույն այդ երկրում մի էակ է, ով ոչ միայն ճակատագրի անողոք հարվածներն է արժանապատվորեն ընդունել, այլև հաջողել է մեծահոգ մնալ` «սիրո լեզուն չկորցնելու» աստիճան: Քիչ մարդկանց եմ հանդիպել, ովքեր այդ աստիճան համապատասխանում են իրենց դիրքին կամ բարձր ծագմանը. նա Հարավարևելյան Անատոլիայի ամենից մեծ գերդաստաններից մեկի` Վարդանի աշիրեթից է, գերդաստանի` այժմ Թուրքիայում ապրող միակ ներկայացուցիչը: Բելգիայում և Ֆրանսիայում ապրում է այս գերդաստանի 1,200 ներկայացուցիչ: Ինքը` Ռաքելը, զուգահեռ բնակվում է նաև Շվեյցարիայում: Ի դեպ, նա իր տոհմի առաջին կինն է եղել, որ խախտել է ավանդույթը` ամուսնանալով ոչ թե իր տոհմակցի հետ, այլ Հրանտ Դինքի: Նա նաև վեհ էր իր վշտի մեջ: Զարմանալիորեն խաղաղ էությամբ, որ կարող էր նույնիսկ իբրև անտարբերություն ընկալվել: Խորհրդավոր էր: Բայց ամեն բանից առաջ անասելի տոկուն: Չնայած իր համարձակ և ուժեղ լինելու առիթով դիտարկմանս ի պատասխան ասաց, թե զորեղն Աստված է:     - Ձեր կարծիքով որքանո՞վ են իրականում անկեղծ համերաշխության այն դրսևորումները Թուրքիայում, երբ մարդիկ ժամանակ առ ժամանակ հավաքվում են, ասում` ես Դինք եմ, ես հայ եմ:        - Ձեր տեսած ադ բազմության գոնե 100-են 90-ը կըրնամ ըսել անկեղծ են: Անոնք Թուրքիո մեջ փոփոխություն ըլլալ ուզող անձեր են, և ամենը հարազատ կերպով ջանք կթափեն այս Հայ հարցին մեջն ալ: 1915-ին վրայով այս Թուրքիո իր պաշտոնական դասախոսություններու դեմ. մարդոց պատմել կուզեն որ իրականությունը, անցյալը, որ գոնե հասկնան նոր երիտասարդությունը, նոր սերունդները, որպեսզի նորեն նույները տեղ չգտնեն ըլլալու...            - Ինչ եք կարծում, Հայոց հարցը, հանուն որի, ի վերջո,պայքարում էր նաև Հրանտ Դինքը, իրականում լուծո՞ւմ ունի: Արդար լուծում:              - Արդար լուծում ըսածդ... ասկես վերջ արդար լուծումովը ոչ մեկ ննջեցյալ հետ չպիտի գա, անշուշտ: Արդար լուծումը հիմիկվա սերունդներուն իրականությունը հասկնալն է, իրենց պապերուն հանդեպ... գոնե իրենք չընդունին ադ եղածը, գոնե իրենք տարբեր հոգի ունենան: Մարդկության համար խնդիր է ասիկա, ոչ միայն հայերուն: - Հայաստանի հայությունն ինչքանո՞վ է Ձեզ աջակցում այդ գործում: Ինչպե՞ս կարող է ավելի ճիշտ սատարել:            - Ես գիտեմ ու վստահ եմ, որ հոգիով մեզի հետ կկենան, և վստահ եմ իրենք հոգիով հետերնիս են: Բայց ո՞վ ինչ կըրնա անել... Օրինակ տեսա ձեր կայքի հայտարարությունը, որ կամավորներ են հարկավոր և այլն... Մեր աշխատելու ձևը միայն իրականությունները խոսքի բերել և խոսքի բերած ատեննիս ալ ոչ մեկը չանարգել, մեկը վար չառնել, վար չզարնել. սիրո լեզուն` հարաբերության լեզուն, չկորցնցնենք:               - Այցելելով Դինքի գերեզման` իմ աչքով տեսա, որ մի տեսակ ուխտատեղի է դարձել այդ վայրը: Հայերը պարտքի, խոնարհումի համար գալիս են: Իմացա, որ էստեղ թուրք ռեժիսորներ ինչ-որ ֆիլմեր են նկարահանում` Դինքի գործերից ոգեշնչված, և այլն: Ձեր կարծիքով, ճի՞շտ է այդ ամենը:       - Դինքին աշխատելակերպը անոնց ազդեց: Ամեն մեկուն հոգիով, մարմինով դիպավ: Եվ ազդվեցան: Իրենց ալ խմորի մեջը կար, ուրեմն, որ ազդվեցան և հիմա անոր աշխատությունը հառաջ տանելու համար ջանք կթափեն: Եվ ամեն մեկը հերոս ըլլալով կընդունի Հրանտին, որ կըսե անանք հանկարծակի հերոսության հասնող մեկը չէ, այլ դիտմամբ... մեծ գին մը, իր կյաքովը պիտի տուժե` գիտնալով հանդերձ շարունակեց իր աշխատությունը, իր ուղղությունը, արդարության հանդեպ եղած պայքարը և անոր համար ամեն եկողը անոր իբրև հարգանք կխոնարհի: Մարդկությունը, եթե արդարություն ըլլալ կուզե, եթե արդարության համար ջանք կթափե, կարծիմ պիտի հետևանքն ալ ընդունի:         - Ինչպե՞ս եք հիշում Ձեր այցը Հայաստան, Ապրիլի 24-ի ոգեկոչումը...         - Ես 24 Ապրիլին առաջին անգամ, 1999-ին կարծեմ, հոն եղած էի և շատ ազդված էի ադ մեծ հարգանքով, առանց ձայնի, առանց աղմուկի, առանց, ինչ կըսեն, հրմշտուքի, և այլն, և այլն: Շատ մեծ հարգանք և ազդեցումը ունեցած էի: Ճիշտ այդ խորհրդով ես հուղարկավորության ատեն ուզեցի այդ հարգանքը, ինչպես բացատրեմ... Ամուսինիս հուղարկավորությանը... այդ անձայնությունը, այդ ոչ հրմշտուքը, ամեն բան, ինչպես ըլլա, այսինքն` հանգիստ և հարգանք ըլլա, հուղարկավորության մեջ: Անոր համար ես ալ փափագեցա և նամակիս մեջ այդ երկու բառերը ըսի` ոչ մեկ բոռալ, կանչել...             Հարցազրույցը` Դավիթ Պ. Վարդազարյանի

No comments: