«Լրագիր» 25-4-2012- Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մի կանոնագիրք էր դրել շրջանառության մեջ, կոչ անելով խորհրդարանի ընտրության բոլոր մասնակիցներին միանալ այդ կանոններին, իսկ ՀՀԿ-ականներին մասնավորապես կոչ անելով այդ կանոնները կիրառել անկախ այն բանից, թե ուրիշ էլ ով կկիրառի դրանք: Կանոնագիրքը բավական ուշագրավ կետեր էր պարունակում, որտեղ ՀՀԿ-ն բավական հետաքրքիր կոչեր է անում: Բանն այն է, որ դրանց մի զգալի մասից ընտրարշավի ընթացքում առ այսօր շեղվել են առավելապես ՀՀԿ ներկայացուցիչները կամ կողմնակիցները: ՀՀԿ կանոնագրքի դրույթների մեջ կա օրինակ մի հետաքրքրական ձեւակերպում. բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք` սադրիչ կամ զրպարտիչ են, ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ, պարունակում են անձնական վիրավորանք: ՀՀԿ ախագահ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավի ընթացքում մի քանի հանդիպումներում կոչ էր անում հանրությանը չհավատալ ընտրության մասնակիցների բոլոր խոստումներին: Երբ ՀՀԿ-ն կոչ է անում հավատալ իրեն, երբ Սերժ Սարգսյանը իրեն հավատալու կոչեր է անում, դա հասկանալի է, անգամ երբ ակնհայտ է, որ չկա հավատի քիչ թե շատ բավարար հիմք: Մինչդեռ, երբ մարդը կոչ է անում քաղաքացիներին չհավատալ մյուսներին, ապա փաստացի ստացվում է, որ մյուսներին կամա թե ակամա, ուղղակի թե անուղակի մեղադրում է ստախոսության, ժողովրդին խաբելու համար: Չէ որ երբ հայտարարում ես, թե պետք չէ այսինչին հավատալ, դա փաստացի նշանակում է հայտարարել, թե այսինչը սուտ է խոսում: Իսկ միթե դա չի նշանակում, որ ամեն ինչին չհավատալու մասին Սերժ Սարգսյանի կոչերը կամ սադրանք են, կամ զրպարտություն այլ ուժերի հասցեին, եւ դրանով իսկ այդ կոչերը հանդիսանում են անձնական վիրավորանք: Որովհետեւ, եթե անգամ Սերժ Սարգսյանին մտահոգում է այն, որ հանրությունը չխաբվի կեղծ խոստումներին, անիրական խոստումներին, ապա նա պետք է փորձի դրանք հանգամանալից փաստարկել եւ առավելագույն մատչելիությամբ ներկայացնել հանրությանը: Իսկ Սարգսյանը եւ նրա կուսակցությունը դա չեն անում, այսինքն չեն դրսեւորում գործնական շահագրգռություն այդ հարցում: Բանն այն է, որ գործնական շահագրգռության դեպքում Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը պետք է լինեին նախընտրական բանավեճերի նախաձեռնողներից մեկը, որովհետեւ բանավեճի ընթացքում է, որ քաղաքացին լավագույնս կտեսնի կողմերի տարբերությունը, հնարավորություն կունենա անմիջականորեն տարբերակել չփաստարկված, ուռճացված խոստումը ռեալ, ռացիոնալ առաջարկներից եւ լուծումներից: Բայց, Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն բանավեճ նախաձեռնող չեն, այլ նաեւ կտրականապես հրաժարվում են նախընտրական բանավեճերից: Իսկ դա նշանակում է, որ նրանք չունեն սեփական ճշմարտացիությունը փաստարկելու, եւ չունեն նաեւ դիմացինի կեղծ, չափազանցված, անհիմն խոստումը բացահայտելու եւ հանրությանը խաբվելուց զերծ պահելու փաստարկների բավարար բազա: Իսկ այդ պայմաններում, երբ կտրականապես հրաժարվում ես ընդդիմախոսների հետ դեմ առ դեմ բանավեճից, կոչերը, թե պետք չէ հավատալ նրանց բոլոր խոստումներին, իրենց էությամբ թերեւս ավելին չեն, քան սադրանքը, զրպարտությունը եւ վիրավորանքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, April 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment