Wednesday, April 25, 2012

Պետական քաղաքականության զրոյական հիմքը

1in.am. 25-4-2012- Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի առիթով
ամենամյա ուղերձում կրկին չօգտագործեց ցեղասպանություն բառը: Հայության մի զգալի մասը երևի թե հերթական հրապարակային հիասթափությունն ապրեց Միացյալ Նահանգների խորամանկ վարչախմբից, որ պարբերաբար խոստանում է ճանաչել ցեղասպանությունը, հետո դրանով ստանում է հայերի ձայնը տարբեր ընտրություններում, ու հետո մոռանում խոստումը: Սակայն, այս պարզունակ ընկալումներից դուրս, այստեղ թերևս պետք է մի հատկանշական բան արձանագրենք, որի վրա տարիներ շարունակ մենք ուշադրություն կարծես թե չենք դարձնում: Բանն այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թեև պաշտոնապես չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, այդուհանդերձ ամեն ապրիլի 24-ին Նահանգների նախագահները հանդես են գալիս այդ առիթով հատուկ ուղերձով: Եվ այդ ֆոնին հետաքրքրական է մեր այսպես ասած ռազմավարական գործընկերոջ պահվածքը, որի իշխանությունն ապրիլի 24-ին կարծես թե առանձնապես չի հիշում բարեկամ հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունը, չի փորձում այդ առիթով հատուկ ուղերձներ կամ հայտարարություններ անել, սատարելով ռազմավարական դաշնակից հռչակված ժողովրդին: Եվ հայ ժողովուրդն էլ կարծես թե այս ամենի հանդեպ չի ցուցաբերում բավարար, պահանջկոտ, զգայուն ուշադրություն: Կարծես հենց այդպես էլ պետք է լիներ: Փոխարենը մենք կարող ենք հիասթափվել Ամերիկայից, հետո Ֆրանսիայից, կամ այլ պետություններից, որ չեն դրսևորում այն ուշադրությունը, ինչ մենք ենք ուզում: Սա վկայում է այն մասին, որ հայության ընկալումները առավելապես պայմանավորված են կարծրատիպերով, ոչ թե ռացիոնալ պատկերացումներով: Եվ խնդիրը այստեղ այն է, որ այդ ընկալումները այս կամ այն կերպ փոխազդվում են պետական քաղաքականությունից, որի պաշտոնական օրակարգում է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այսինքն, ըստ էության պետական քաղաքականության այդ դրվագն էլ հանդիսանում է առավելապես էմոցիոնալ, կարծրատիպային ընկալումների ելակետի վրա ձևավորված մի հանգամանք: Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ ըստ էության այդպիսին է մեր ամբողջ պետական քաղաքականությունը, որովհետև ցանկացած պետության արտաքին քաղաքականություն դա համալիր կառուցվածք է, ներառյալ նաև ներքաղաքական իրողությունները: Այդ շղթայի մեջ մեկը բխում է մյուսից, միահյուսվում է ներքին տրամաբանությամբ: Ու եթե մի օղակում գերիշխում է էմոցիան, կարծրատիպը, ապա անխուսափելի է, որ այն շղթայական ռեակցիայի սկզբունքով իր ազդեցությունը չթողնի նաև ամբողջ պետական քաղաքականության վրա: Ահա այս օրինակով պարզապես ակնառու է դառնում այն որակական ցածր մակարդակը, մեկնակետային այն գրեթե զրոյական հիմքը, որի վրա կառուցվում է Հայաստանի պետական քաղաքականությունը: Դրա հետևանքը պետական այն ներքին ու արտաքին ծանր վիճակն ու լուրջ մարտահրավերներն են, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանն ու որոնց հաղթահարման ռացիոնալ ուղիներն այդպես էլ չեն դառնում պետական քաղաքականության առաջնորդողը:

No comments: