Tert.am. 2-4-2012- Հայաստանը չի գտնվում ազատ շուկայական տնտեսության միջոցով բարեկեցության ապահովման և ժողովրդավարության կայուն ու էվոլուցիոն զարգացման ճանապարհին: Այս մասին այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի առիթով հայ ուսանողների հետ հանդիպմանն իր ելույթում ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Սակայն, նա միևնույն ժամանակ նկատեց, որ դրա փոխարեն հայերը վախենում են, որ բարեփոխումները իրենց երկրում լճացած են և դրա հետևանքով իրական հնարավորությունները հասու են միայն սակավաթիվ մարդկանց:
«Այս հոռետեսությունն իր խնդիրներն է ստեղծում, որոնք Հայաստանի զարգացման համար վերաճում են լուրջ մարտահրավերների՝ այդ թվում հանգեցնելով արտագաղթի»,-ասաց նա և որպես դրա հիմնական պատճառ նշեց այն, որ շատերի համոզմամբ հայրենի երկրում իրենց համար հնարավորություններն իսպառ վերացած են:
Նա կոչ է անում լինել լավատես, ինչպես ինքն է, որը թեև, ըստ նրա, գուցե իր ամերիկացի լինելու պատճառով է: «Ես գիտեմ, կան խիզախ, հայրենասեր և նվիրյալ հայեր, որոնք ի զորու են փոխել իրենց աշխարհը: Նրանցից ոմանք պաշտոնական կոչում ունեն, ոմանք աշխատում են ՀԿ-ներում, բուհերում, կամ ձեռնարկություններում, ոմանք էլ գուցե այստեղ են՝ այս սենյակում: Միացյալ Նահանգները կօգնի նրանց իրենց նպատակների կենսագործման հարցում այնքանով, ինչքանով, որ կարողանա օգտագործել իր ռեսուրսները»,-ասաց նա:
Ջոն Հեֆերնը մինչ այդ առանձնացրեց երեք կարևոր նկատառում՝ այն, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար և արևմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: «Այդ ամենն արվում է գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են ամերիկյան արժեքները, որոնք են՝ իշխանությունը բիզնեսից տարանջատումը, խոսքի ազատությունը, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները ։ Ինչպես նաև մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել»,-ասաց նա:
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Հայաստանի անկախությունից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվել է ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ չհաշված ոչ դրամային օգնությունը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությունն ու ինտեգրումը խթանելուն և գործընկերությունը խորացնելուն:
Արդյունքների մասին դեսպանը նկատեց, որ հաջողություններ եղել են, սակայն փաստեց, որ իհարկե, իրենք միայնակ այստեղ ոչինչ չեն կարող անել: «Իրական գործընկերությունը հիմնվում, խարսխվում է ընդհանուր արժեքների վրա»,-ընդգծեց նա:
Tuesday, April 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment