Tuesday, April 3, 2012

Սփիլբերգի հիմնադրամը կարխիվացնի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները

Tert.am. 3-4-2012- Աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնած «Շոա» հիմնադրամ-ինստիտուտը կթվայնացնի և կարխիվացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց վկայությունները: Ծրագիրը կիրականացվի Հարավային Կալիֆորնիայի հայկական ուսումնասիրությունների խորհրդի հետ համատեղ: «Այս վկայությունները կան, քանի որ վերապրածները ցանկացել են պատմել աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ: Այդ ձայներն ու նկարները ոչ միայն ապացուցում են տեղի ունեցած վայրագությունները, այլև ցույց են տալիս, թե մարդկության դեմ նման հանցագործություններն ինչպիսի անհանդուրժողականություն են ծնում, երբ մնում են անպատիժ», - ասել է «Շոա» հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը: 1994 թ.-ին Սթիվեն Սփիլբերգի կողմից ստեղծված հիմնադրամը թվայնացրել է հրեական Հոլոքոստը վերապրածների ավելի քան 52 հազ վկայություն: Հիմնադրամն այժմ աշխատանքներ է սկսել Մայքլ Հակոբյանի հետ 400 ֆիլմ թվանյացնելու համար: Ռեժիսոր Կառլա Կարապետյանը, ով աշխատել է Հակոբյանի հետ, կարևորել է նախաձեռնությունը, ասելով, որ դա հնարավորություն կտա աշխարհի տարբեր համալսարաններում ուսումնասիրել Ցեղասպանության փաստը: «Սա առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցները հասանելի կլինեն, և աշխարհի տարբեր համալսարաններ հնարավորություն կունենան օգտվել դրանցից: Դա կարևոր է հանրությանը ցույց տալու վերապրողների և վկաների պատմությունները: Ցեղասպանությունը հասկանալու համար, պետք է համեմատենք դրանք, և միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք կանխել դրանք» , -ասել է նա: 2010 թ-ին` մահից մեկ ամիս առաջ, Daily News-ի հետ հարցազրույցում Մայքլ Հակոբյանը նշել էր, որ իր ֆիլմերի որոշ հատվածներում ահռելի ապացույցներ կան այն մասին, թե ինչ է կատարվել իրականում Օսմանյան կայսրությունում: Մայքլ Հակոբյանի ֆիլմերի թվայնացման պրոցեսը կավարտվի երկու տարվա ընթացքում տեղեկացրել է Հարավային Կալիֆորնիայի հայկական ուսումնասիրությունների խորհուրդի ղեկավար Ջերրի Փափազյանը: «Այս նախագիծը ցույց կտա, թե ով ենք մենք և ինչ է կատարվել մեր նախնիների հետ: Մեր կարգախոսը հետևյալն է` թույլ չտալ, որ նրանց ձայները մոռացվեն», - ասել է նա: «Շոա» հիմնադրամ-ինստիտուտը նաեւ աշխատում է արխիվացնել Ռուանդայի, Կամբոջայի եւ Բոսնիայի ջարդերի վկայությունները:

No comments: