Tuesday, April 3, 2012

ԱՄՆ-ը չի հաստատել Ադրբեջանում Իսրայելին ռազմակայաններ տրամադրելու մասին տեղեկատվությունը

News.am. 3-4-2012- ԱՄՆ-ը ոչ մի տեղեկատվություն չունի, որը հաստատում է, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել: Այդ մասին ապրիլի 2-ի ճեպազրույցում հայտարարել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը` մեկնաբանելով մամուլում ավելի վաղ հայտնված հաղորդագրությունը: «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, որն ապացուցեր, որ այդ թեմայով հաղորդագրությունը որեւէ փաստացի հիմք ունի», - ասել է նա, հայտնում է gazeta.ru-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տեղեկությունն այն մասին, որ Բաքուն Իսրայելին թույլ էր տվել օգտագործել Ադրբեջանի մի քանի ռազմական օդանավակայաններ, պարունակվել է Foreign Policy վաշինգթոնյան շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում: Հղում անելով Օբամայի աշխատակազմի անանուն բարձր պաշտոնյաներին եւ ամերիկյան հետախուզության աշխատակիցներին` հեղինակը գրել էր, որ «ըստ ԱՄՆ-ի եզրակացությունների` Իսրայելին վերջերս տրամադրվել է Իրանի հյուսիսային սահմանների մոտ գտնվող օդային ռազմակայանների մուտքի իրավունք»: «Դա հետախուզական ծառայությունների աշխատակիցների շրջանում աճող անհանգստությունն է հարուցում, քանի որ Իսրայելի ռազմական էքսպանսիան Ադրբեջանում բարդացնում է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածությունը նվազեցնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, հաղորդում են աղբյուրները: Ինձ հայտնել են, որ ռազմավարության մշակողները այժմ պետք է դիտարկեն ոչ միայն Պարսից ծոցի ընդգրկմամբ ռազմական գործողությունների սցենարը, այլ, հնարավոր է, նաեւ Կովկասի», - նշվում է հոդվածում: Օբամայի վարչակարգի որոշ ընդդիմադիրներ Հանրապետական կուսակցությունից Foreign Policy-ի մերկացնող հոդվածի հրապարակումը որակել են իբրեւ Սպիտակ տան կողմից կազմակերպված տեղեկատվության գիտակցված արտահոսք:

No comments: