Tuesday, April 3, 2012

Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական համագործակցությունը

News.am. 3-4-2012- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 3-ին, ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Հանրապետության նախագահը եւ ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ առկա ռազմավարական գործընկերության եւ ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջեւ պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով: Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաեւ օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով եւ նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:

No comments: