Tuesday, April 3, 2012

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ծրագրվում են առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր

Tert.am. 2-4-2012- Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունների պատմությունը գալիս է դարերի խորքից: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: Ըստ Լավրովի` ապրիլի 3-ին կայանալիք հոբելյանն արտացոլում է երկու երկրների միջև համագործակցության, ռազմավարական գործընկերության, բարեկամության, բարիդրացիական հարաբերությունների նոր որակներ` արդեն նոր աշխարհաքաղաքական իրողություններում: «Օգոստոսին մենք կնշենք ևս մեկ հատկանշական տարեդարձ` բարեկամության ու համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակը: Այսօրվա մեր բանակցությունների ընթացքում մենք եկանք ընդհանուր կարծիքի, որ այս հոբելյանները դիմավորում ենք լավագույն պայմաններում, երբ երկկողմ հարաբերությունները նոր թափ են հավաքում ամենատարբեր ոլորտներում», - ասաց Լավրովը: Ըստ նրա` ոլորտներից մեկը վերաբերում է ինտենսիվ քաղաքական երկխոսությանը, հատկապես` ՌԴ և ՀՀ նախագահների` 2010-2011թթ. պետական փոխայցերին: Նոր թափ է հավաքում նաև նախարարությունների ու գերատեսչությունների, գործնական շրջանակների, առևտրատնտեսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի միջև սերտ համագործակցությունը: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի` մոտ ժամանակներում ծրագրվում է սկսել երկարաժամկետ (մինչև 2020թ. նախատեսված) առևտրատնտեսական համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքներ: «Մենք կարծիքներ ենք փոխանակել այն մասին, թե ինչպես է զարգանում մեր համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում, ինչպես են ընթանում ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացները, ներառյալ հենց ԱՊՀ-ն, որի շրջանակում ստորագրվել է ազատ առևտրի ստեղծման մասին պայմանագիր, նաև ԵվրԱզԷՍ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև մաքսային միության հիման վրա տնտեսական միասնական տարածքի ձևավորման հարցում համագործակցությունը», - հայտնել է Լավրովը` ընդգծելով, որ այս գործընթացների դռները բաց են Հայաստանի ու ԱՊՀ և ԵվրԱզԷՍ անդամ երկրների համար:

No comments: