Saturday, April 7, 2012

Հայ լինելու պատճառով նա հալածվել է. Թուրքիայում սպանված հայազգի զինվորի հարսնացու

Tert.am. 6-4-2012- Թուրքիայի Բաթման նահանգում զինակցի գնդակից սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի նշանածը` Մելանի Քումրույանը, այսօր դատարանում ցուցմունք է տվել: Նա հայտարարել է, որ հայ երիտասարդը վախի մթնոլորտում է ծառայել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, Սևակի հետ 6 տարի ընկերություն արած Մելանին պատմել է, որ սպանությունից առաջ Սևակը մի հեռախոսազրույցներիցում ասել է, որ ընկերներից մեկը սպառնացել է. «եթե Հայաստանի հետ պատերազմ սկսվի, առաջինը քեզ եմ սպանելու»: Մելանին զգացել է, որ Սևակը վախեցել է թուրք զինվորի այդ խոսքերից: «Սևակն ինձ բացեիբաց չասաց, որ վախենում է, սակայն ես ասեցի, որ չպետք է վախենա, քանի որ անգամ եթե Հայաստանի հետ պատերազմ կլինի, ինքը թուրքական բանակում է լինելու և ասեցի, որ նման սպառնալիքները պարզապես հիմարություններ են»,- դատարանում պատմել է Մելանին: Նա նաև նշել է, որ Սևակի նկատմամբ զորամասում խտրական վերաբերմունք է եղել` ազգային հողի վրա: «Հայ լինելու պատճառով նա հալածվել է: Անգամ զինվորներից մեկը, ով իմամ է եղել, Սևակին առաջարկել է մուսուլման դառնալ: Բոլորը նրան թշնամու պես էին վերաբերվում»,- պատմել է սպանված զինվորի նշանածը: Սևակի սպանության գործով դատավարությունը կշարունակվի այսօր: Հիշեցնենք, որ Սևակ Շահին Բալըքչըն սպանվել էր 2011 թ.-ի ապրիլի 24-ին, զորացրվելուց ընդամենը 23 օր առաջ: Նրա հարսնացուն պատմել էր նաև, որ զորամասում 50 լիրա փողի կորստի պատճառով Սևակն իր հրամանտարի կողմից ծեծի է ենթարկվել: Երբ դեպքից հետո Սևակը հրամանատարի դեմ բողոք է ներկայացրել, նրան սպառնացել են և ստիպել, որ դիմումը հետ վերցնի: «Եթե դիմումդ հետ չվերցնես, քեզ կվառենք»,- սպառնացել է թուրք հրամանատարը: «Ես չեմ հավատում, որ կատակի արդյունքում է Սևակը սպանվել: Այսքան շատ պատահականություններ չեն կարող լինել»,- ասել էր Մելանին: Սևակին սպանած թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուն այժմ ազատության մեջ է:

No comments: