News.am. 7-4-2012- Թուրքական Sabah թերթի սյունակագիր Էնգին Արդըչն իր հերթական հրապարակման մեջ քննադատել է Թուրքիայում «թշնամուց հողերի ազատագրման» միջոցառումների անցկացման կազմակերպումը՝ բերելով օրինակ, թե ինչպես են ֆրանսիացիները նշում գերմանական բռնազավթումից իրենց ազատագրմանը նվիրված տոնակատարությունները։ Էնգին Արդըչը նշում է, թե ինչպես է Ֆրանսիայում պատահաբար ականատես եղել գերմանական բռնազավթումից ազատագրման միջոցառումներից մեկին, որտեղ ի զարմանս իրեն, գերմանացի զինվորներին կամ հողերը ազատագրող ֆրանսիացի զինվորներին մարմնավորող դերասաններ չեն եղել, ավելին, ոչ մի փամփուշտ չի արձակվել։
Թուրք լրագրողն իր հրապարակման մեջ քննադատում է Թուրքիայում «հողերի ազատագրման» տեսարանների բեմադրումն ու մեջբերում օրեր առաջ Վանի Արճեշ քաղաքում նմանատիպ մի ներկայացման ժամանակ հային մարմնավորող դերասանին մարտական փամփուշտով կրակելու փաստը։
«Մերոնք այդ գործում շատ են առաջադիմել, մարտական փամփուշտով են հային մարմնավորողին կրակում։ Արճեշում մի անասուն որսորդական հրազենով կրակում է հայ զինվորի դերակատարի վրա։ Հիմա նա Վանի հիվանդանոցում է բուժվում, քանի որ Արճեշը «թշնամուց» ազատագրողներն այս 90 տարվա ընթացքում չեն կարողացել Արճեշում հիվանդանոց կառուցել։ Վիրավորվածը քաղաքապետարանի բանվորներից է։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ ոչ մեկ չի համաձայնվում հայի դեր կատարել եւ նրան ուղղակի հրամայել են խաղալ այդ դերը»,-գրում է Sabah-ի լրագրողը։
Նշենք, որ Արճեշի քաղաքապետարանը 2011-ի հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու փոխարեն ժամանակ է վատնել հակահայկական ներկայացում բեմադրելու վրա: Քաղաքապետարանը Արճեշը «հայերից ազատագրելու» 94-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքի կենտրոնում ներկայացում է բեմադրել, որտեղ թուրք «հերոս» զինվորները հողերը «ազատագրում են» հայերից:
Ներկայացման ժամանակ կրակոցից արնաշաղախ գետին է տապալվել հայ զինվորի մարմնավորած Մուրադ Ալփսալազը: Նրան ծանր վիրավորված տեղափոխել են հիվանդանոց:
Դատախազությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես են մարտական փամփուշտները հայտնվել ներկայացման համար նախատեսված զենքերի մեջ:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment