«Լրագիր» 9-5-2012- Ընտրությունների իմաստն, ընդհանուր առմամբ, այն է, որ քաղաքական ուժերն ինչ որ առաջարկներ են անում ընտրողին, եւ վերջինս իր շահի տեսանկյունից քննարկելով այդ առաջարկները, որոշում է, թե ում օգտին է քվեարկելու: Իշխանությունը Հայաստանում փողից բացի մարդկանց առաջարկելու բան չունի: Իշխանության արածն աչքի առջեւ է, եւ ընտրողը հիանալի տեսնում ու հասկանում է ամեն ինչ: Սակայն, ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը: Որեւէ շոշափելի արդյունք չգրանցելով երկրում ստեղծված իրավիճակը փոխելու ուղղությամբ, ընդդիմությունն առաջարկում է վերցնել փողը եւ քվեարկել ուրիշի օգտին: Այսինքն, ընդդիմությունը մարդկանց առաջարկում է դառնալ հանցագործ, քցող եւ սրիկա: Օրինակ, ընդդիմադիրներին դուր կգա՞, եթե իրենց նման առաջարկ անեն: Համոզված ենք, որ դուր չի գա: Իսկ ինչո՞ւ պետք է դուր գա ուրիշներին, ի՞նչ պետք է մտածեն մարդիկ ընդդիմության մասին, որն իրենց դրել է հանցագործի, վախկոտի եւ սրիկայի տեղ: Արդեն հայտնի է, թե ինչ են մտածել եւ արել. Կոնգրեսը հազիվ է անցել 7 տոկոսի շեմը, իշխանությունն էլ իրեն 400-500 հազար ձայն է վերագրել: Ժողովուրդն իր ստացած 10 հազարանոցը պատռել է ու դրել իշխանության օգտին քվեարկած ծրարում: Դա թե իշխանության, թե ընդդիմության գնահատականն է եղել այս «ընտրություններում»: Մարդիկ իրենց ձայնը տվել են Գագիկ Ծառուկյանին. այս մարդն ազնվորեն առաջարկում է քվեարկել իր կուսակցության օգտին, բայց ոչ ուրիշի փողով: Ընդդիմությունը պետք է փորձի հարցին նայել այլ տեսանկյունից՝ որքան եւ ինչ չափանիշով է գնահատել իրեն հայաստանցի ընտրողը՝ 10 000 դրամ: Պետք է ասել, որ բավական թանկ է գնահատել, նկատի առնելով իր հանդեպ վերաբերմունքը: Հանուն արդարության, պետք է նշել, որ Կոնգրեսում կա մեկը՝ Արամ Սարգսյանը, ով երեկվա հանրահավաքում դիմելով մարդկանց՝ ասաց. «Ժողովուրդ ջան, էստեղ լուրջ հետեւություններ անելու խնդիր ունենք: Գիտեք, փողն էլ է թեկնածու: Ինչու է մեր ժողովրդի մի ստվար հատված փողը համարում ավելի նախընտրելի թեկնածու, քան մարդ թեկնածուին: Էս մասին մտածել է պետք, ժողովուրդ ջան: Իշխանությունը կարող է չմտածել, ինքը փող շատ ունի, իրեն դա ձեռնտու է: Մենք պետք է մտածենք, թե ինչ առաջարկենք էդ մարդուն, որ նա փողը չընտրի, մտածելու ժամանակ էլ չունենք, քանի որ 7 ամսից նորից ընտրություն է, եւ նորից պետք է լինելու պայքարել այդ նույն համակարգի դեմ»: Նա էլ պատրաստվում է դուրս գալ Կոնգրեսից:
Wednesday, May 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment